Ֆինանսական համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով. Մարտին Գալստյան Zarkerak - Ֆինանսական համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով. Մարտին Գալստյան
Zarkerak Zarkerak - Ֆինանսական համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով. Մարտին Գալստյան
Ֆինանսական համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով. Մարտին Գալստյան

Ֆինանսական համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով. Մարտին Գալստյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ֆինանսական համակարգը 2025 թվականի ընթացքում շարունակել է աճել՝ պահպանելով շոկերին դիմակայելու բարձր ունակություն. համակարգում աճ է գրանցվել ոլորտային բոլոր ուղղություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ֆինանսական կայունության 2025 թվականի  հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը՝ շուրջ 82 տոկոս։

«Ակտիվների մեծությամբ երկրորդ տեղում կենսաթոշակային  ֆոնդերն են՝ 9.3 տոկոս մասնաբաժնով, որոնց ակտիվներն աճել են ավելի արագ, քան մյուս բոլոր սեգմենտներինը։ 2025 թվականին բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրված վարկային պորտֆելը գրանցել է շուրջ 23 տոկոս աճ, բանկային համակարգի ավանդային պորտֆելի աճը կազմել է 13 տոկոս»,-ասաց նա։

Գալստյանի խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում վարկերի աճը գրեթե կրկնակի գերազանցել է ավանդների տարեկան աճին, ինչը նշանակում է, որ տնտեսության վարկային բարձր պահանջարկը ֆինանսավորվել է նաև բանկային համակարգի կապիտալի հաշվին։

«Բարձր աճի տեմպեր են արձանագրվել թե՛ տնային տնտեսությունների, թե՛ բիզնեսին տրամադրված վարկերի մասով։ Վարկավորման բարձր աճը հիմնականում պայմանավորված է տնտեսության եկամուտների բարձր աճի տեմպերով։ Հիփոթեքային վարկավորման պարագայում էլ գրանցվել է աճի տեմպերի բնականոն դանդաղում, մինչդեռ նոր տրամադրումների ծավալը շարունակել է մնալ բարձր»,-նշեց նա։

ԿԲ նախագահը վարկավորման գործընթացում կարևոր է համարել վարկառուների պարտքային բեռի և դրա սպասարկման կարողությունների պատշաճ գնահատումը, որը կներառի ոչ միայն ընթացիկ մակրոմիջավայրից, այլ նաև ենթադրյալ վատատեսական սցենարից բխող ռիսկերի գնահատականները։

«Տնտեսության եկամուտների աճի, ինչպես նաև վարկավորման բարձր ակտիվության պայմաններում, չաշխատող վարկերի և վարկային կորուստների կշիռը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում»,-հավելեց Գալստյանը։

Անդրադառնալով անշարժ գույքի շուկային՝ նա նշեց, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է պահանջարկի հարաբերական կայունացում, ինչպես նաև գների աճի դանդաղման միտումներ։

«Բնակելի անշարժ գույքի գին-վարձավճար հարաբերակցությունը հանրապետությունում աճել է, ինչը կարող է անշարժ գույքի ներդրումային գրավչության նվազման պատճառ դառնալ։Վերջին տարիներին մենք ունենք գների որոշակի թեթև աճ , բայց՝ վարձավճարների նվազում»,-հավելեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանն ասաց, որ  վերջին տարիներին շինարարության ոլորտի վարկավորման բարձր աճը և շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի շարունակական աճը անշարժ գույքի պահանջարկի աստիճանական հագեցվածության պայմաններում կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման և շինարարական վարկերի գծով վարկային կորուստների ավելացման ռիսկեր։

«Տարվա արդյունքներով բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, ինչին առավելապես նպաստել է զուտ տոկոսային եկամուտների աճը , ինչը բանկային միջնորդության ընդլայնման պայմաններում մեծամասամբ ծավալային գործոնի ազդեցության արդյունք է։ Բանկային համակարգի կապիտալի համարժեքության ցուցանիշը պահպանվել է բարձր մակարդակում»,-ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ 2025 թվականին ֆինասնական  կայունության ռիսկերի ցանկում շարունակում են գերակա մնալ համաշխարհային քաղաքական և տնտեսական բարձր անորոշություններից բխող ռիսկերը։

«2026 թվականին Մերձավոր Արևելքում ընթացքող հակամարտությունն առաջարկի զգալի բացասական շոկի պատճառ է հանդիսացել համաշխարհային տնտեսության համար՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի, ֆինանսական շուկաներում տատանողականության մեծացման։ Գնահատականներ կան, որ եթե նույնիսկ այդ հակամարտությունն ավարտվի, մենք դեռևս մի քանի ամիս ապրելու ենք մի աշխարհում, որտեղ զգալու ենք այդ հակամարտության արդյունքները։ Ներքին զարգացումներից ածանցվող ռիսկերի շարքում էլ շարունակում է գերակա մնալ տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպերով պայմանավորված վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը»,-հավելեց ԿԲ նախագահը։

25 Մայիս, 2026 18:14
Վեր