Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Թեժ գիծը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից-18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա։
Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելու, ուսումնասիրելու, ստուգելու, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:


