«Վարդավառ».  քրիստոնեական խորհրդի ու հեթանոսական ավանդույթի հանդիպման  «ամենաջրառատ» օրը. մեկնաբանում է քահանան Zarkerak - «Վարդավառ». քրիստոնեական խորհրդի ու հեթանոսական ավանդույթի հանդիպման «ամենաջրառատ» օրը. մեկնաբանում է քահանան
Zarkerak Zarkerak - «Վարդավառ». քրիստոնեական խորհրդի ու հեթանոսական ավանդույթի հանդիպման «ամենաջրառատ» օրը. մեկնաբանում է քահանան
«Վարդավառ».  քրիստոնեական խորհրդի ու հեթանոսական ավանդույթի հանդիպման  «ամենաջրառատ» օրը. մեկնաբանում է քահանան

«Վարդավառ». քրիստոնեական խորհրդի ու հեթանոսական ավանդույթի հանդիպման «ամենաջրառատ» օրը. մեկնաբանում է քահանան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ Հուլիսի 27-ին նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ «Վարդավառ»-ը՝ հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը:  Zarkerak.am-ը զրուցել է Տեր Հարություն քահանա Հունանյանի հետ՝ քննարկելով թե տոնի խորհուրդը, թե մեր հանրության շրջանում դրա հոգևոր արմատներն արժևորելու անհրաժեշտությունը:

Տոնը՝ հոգևոր դիտանկյունից 

 «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է.«Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»»(Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):: 

«Քրիստոսի պայծառակերպության տոնը կապված է Քրիստոսի աստվածության բացահայտման, ներկայացման հետ: Այս տոնի կարևորագույն ասելիքն ու գաղափարն այն է, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստված է, ով եկել էր մարդկանց փրկելու համար, իր ծննդյան օրվանից սկսած մինչև պայծառակերպության դրվագը մարդիկ,  երբ նայում էին Քրիստոսին, իրենց նման մարդու էին տեսնում, անգամ՝ Խաչի չարչարանքների ժամանակ, ինչպես Աստվածաշունչն է ասում՝ մարդկանց մեջ ամենաթշվառի նման էր, բայց Պայծառակերպության լեռան վրա իր աստվածությունը ցույց տվեց, այսինքն  արևի լույսից ավելի վառ լույս էր ճառագում նրանից: Պայծառակերպության տոնի հիմնական ասելիքն ու խորհուրդն այն է, որ Հիսուս Քրիստոսը  ճշմարիտ Աստված է և Աստծք ներկայության մեջ գտնվելը երանելի է»,- ներկայացրեց Տեր Հարությունը:

Տեր Հարություն քահանա Հունանյան

Երբ «հանդիպում են» քրիստոնեությունն ու հեթանոսությունը

Ավանդույթներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, «Վարդավառը» գալիս է դեռ նախաքրիստոնեական ժամանակներից՝ համարվելով ջրի, սիրո, պտղաբերության և աստվածուհի Աստղիկի տոն։ Ժողովրդական հավատալիքով՝ Աստղիկը վարդաջուր էր ցողում մարդկանց վրա՝ սեր տարածելու  նպատակով,  այդտեղից էլ գալիս է  անունը՝ «Վարդավառ», նշվում է նաև, որ տոնն ուղեկցվել է մեծ հանդիսություններով, ջուր աղերսող  և երաշտը կանխող ծեսերով, մեհյաններին նվիրաբերություններով, ​​​​​​երգ ու պարով, մեծարվել են պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները,  այս ամենի կենտրոնում եղել է ջրի խորհուրդը, տոնակատարություններն անցկացվել են  ջրերի ակունքների մոտ:  Նաև մեծ տեղ է տրվել վարդին, տարվա առաջին խնձորը հենց այդ օրն են կերել՝ հատուկ արարողությամբ՝  շաբաթ երեկոյան երիտասարդները դեզեր են պատրաստել և մութն ընկնելուց հետո դրանք վառել՝ դրանց մեջ էլ խորովել խնձորները, արևածագից  առաջ  էլ վառել ամենամեծ դեզն ու սկսել են պարել: 

Տեր Հարությունը նշեց, որ «Վարդավառ» բառի բացատրությունը նաև քրիստոնեական նշանակություն ունի.«Եկեղեցու հայրերը մեկնաբանում են՝ ասելով ինչպես կոկոն վարդն է բացվում, իր թաքնված գեղեցկությունը ցուցադրում, այդպես այս օրը Հիսուս Քրիստոսն իր  թաքնված աստվածությունը ցուցադրեց՝ բացվելով, երևալով»: 

«Երբ քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի օրոք որոշ հեթանոսական տոների տրվեց քրիստոնեական մեկնաբանություն: Այն գաղափարը, որը  չէր հակասում քրիստոնությանը, Հայրապետի կողմից չվերացվեց, փորձ եղավ հնարավորինս պահպանելու, որպեսզի ազգային դեմքն ու ինքնությունը նույնպես պահպանվի՝ իր դրսևորումներով և տոնակատարություններով»,- նշեց Տեր Հարությունը: 

Նաև ընդգծեց, որ ջուրն առանձնահատուկ կարևորություն  քրիստոնեության մեջ.«Առհասարակ ջուրը քրիստոնեության մեջ մաքրության, սրբվելու, վերստին նորոգվելու խորհրդանիշն է։  Ջրհեղեղով աշխարհը մաքրվեց, սրբվեց։ Մկրտության ջուրն էլ գիտենք, թե ինչքան մեզ համար կարևոր է»: 

Տեր Հարությունի խոսքով՝ տեղեկություններ են հասել, որ հավանաբար քրիստոնեական շրջանում էլ միմյանց վրա ջուր ցողելուց բացի, եղել է վարդեր շաղ տալու և աղավնիներ բաց թողնելու ավանդույթ՝ թերևս ջրհեղեղի խորհրդով: 

Եկեղեցի գնալը՝ հորդոր և պատգամ

«Ինձ կգոհացնի, որ իմ համայնքում ամեն մի մարդ այդ օրը ներկա լինի եկեղեցում, մասնակից դառնա տոնի հոգևոր խորհրդին, պատարագին, այլ  ոչ թե միայն սեղանի շուրջ տոնախմբությամբ, ջուր ցողելով անցկացնի»,- ասաց  Տեր Հարությունը՝ անդրադառնալով հացին, թե որքանով է մեր հանրությունը ըմբռնում և հետևում տոնի հոգևոր խորհրդին։

Ինչ վերաբերում է տոնին ննջեցյալներին այցելելուն, ապա Տեր Հարությունը հիշեցրեց.«Եկեղեցական ընկալումը սա է՝ տոնի օրը դու պիտի լինես եկեղեցում,  հաջորդ օրն արդեն Մեռելոցին կարող ես այցելել  ննջեցյալին՝ տոնին մասնակից դարձնելու համար։ Ընդհանուր առմամբ, ինձ մոտ այն ընկալումն է, որ մարդիկ սկսել են  առավելապես Մեռելոցին այցելել գերեզմաններ»: 

 

 

Մարիամ Մկրտչյան 

 

 

 

 

 

27 Հուլիս, 2025 13:15
Վեր