Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սամվել Կարապետյանները չեն որոշում, թե Հայաստանում ով պետք է ղեկավարի, Հայաստանը պետք է ղեկավարեն այն մարդիկ, ում կընտրի ՀՀ քաղաքացին, իսկ Սամվել Կարապետյանը նույնիսկ մեկ ձայնի իրավունք չունի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից նոր ուժ ստեղծելու հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Խոսելով այն մասին, թե Կարապետյանն ինչ նկատի ունի, երբ ասում է, որ մաքուր ձեռքերով պրոֆեսիոնալները պետք է երկիրը կառավարեն՝ Ղևոնդյանը նշեց. «Եթե նկատի ունի նոր մարդկանց, որոնք Հայաստանում երբևէ քաղաքական գործունեություն չեն ծավալել, ապա ես այդ մարդկանց չեմ տեսնում, եթե նկատի ունի այն մարդկանց, որոնք ՀՀ քաղաքական դաշտում եղել են, բայց այս պահին իշխանության չեն, ապա նրանց այն մասը, որը գաղափարապես համակրում է Սամվել Կարապետյանին, նախկինում էլ եղել է իշխանություն և նրանց մաքուր ձեռքերով անվանելը դավաճանություն է ոչ միայն ՀՀ-ի, այլև հենց իր նկատմամբ»:
Ըստ քաղաքագետի՝ հայտարարել, որ լինելու են նոր մարդիկ, նախկինները չեն լինելու, նշանակում է չպատկերացնել, թե ՀՀ-ում քաղաքական դաշտն իրենից ինչ է ներկայացնում. «Սամվել Կարապետյանի ստեղծած նոր ուժի շարքերում կարող են համախմբվել մարդիկ, ովքեր արտաքին քաղաքական համանման պատկերացումներ ունեն, իսկ այդ մարդիկ իրենց ճնշող մեծամասնությամբ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են: Հայտարարել, թե նոր ուժ է ստեղծում և չխոսել այն մասին, թե այդ նոր ուժի շարքերում ովքեր են լինելու, նշանակում է ևս մեկ անգամ փորձել մանիպուլացնել և խաբել ՀՀ ժողովրդին: Հնարավոր չէ երեք կամ չորս հոգով քաղաքական ուժ ստեղծել, այդ մարդկանց պետք է ինչ-որ տեղից վերցնել, իսկ այդ ինչ-որ տեղը հենց նախկինների ճամբարն է»:
Թե ինչ քայլեր կարող է անել ընդդիմությունը՝ Ղևոնդյանն ընդգծեց. «Արմատական ընդդիմադիրները կանխատեսվում է, որ բաժանվելու են երկու հատվածի, մեկ հատվածում լինելու են մարդիկ, որոնք ընդգրկվելու են Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված նոր ուժի շարքերում, ես այստեղ տեսնում եմ օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին հարող քաղաքական դեմքերին, երկրորդ հատվածը լինելու են մարդիկ, որոնք ընդդիմանալու են Կարապետյանի նոր ուժին, այստեղ տեսնում եմ Սերժ Սարգսյանի քաղաքական դերակատարներին, այս երկու հատվածները թեկուզ առանձին-առանձին ուժերով գնալու են ընտրությունների՝ փորձելով երկրորդ տեղի համար պայքարել: Այն ուժը, որը երկրորդ տեղի համար պայքարում կհաղթի, հետագայում կկլանի նաև մյուսին, ինչպես մենք տեսանք Գյումրիում, որտեղ հաղթեց մեկ ուժ և մյուսներին կլանեց ու նրանց աջակցությունը ստացավ, թեև նույն սցենարը համապետական ընտրությունների ժամանակ համարյա բացառվում է, որ կրկնվի: Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող հնարավոր նոր ընդդիմադիր քաղաքական ուժն ակնհայտորեն մրցակից է լինելու Սերժ Սարգսյանի կողմնակիցների և նրա աջակցությունը վայելող քաղաքական ուժերի համար, ՀՀ իշխանությունների դեմ այս երկու ուժերը կարող են համատեղ պայքարել, բայց նրանք մեկը մյուսին մրցակից են և չեն ցանկանում մեկը մյուսի հաջողությունը»:
Իսկ թե արդյոք ժողովուրդը կվստահի նոր ձևավորվող ուժին՝ մեր զրուցակիցն ասաց. «Օրինակ՝ Բագրատ Գալստանյանի գործողություններով ոգևորված էին այն մարդիկ, որոնք ակնհայտորեն դեմ էին ՀՀ իշխանություններին և նրանց որդեգրած ժողովրդավարական կառավարման համակարգին, ցանկանում էին, որպեսզի ՀՀ-ն վերադառնա մինչև 2018 թվականը տիրող ավտոկրատ կառավարման բարքերին: Իսկ նման մարդիկ ակնհայտորեն ՀՀ-ում փոքրամասնություն են: Սամվել Կարապետյանի առաջարկը ևս այս դաշտում է, ասելով ժողովուրդ՝ խոսում ենք նորից նույն հատվածի մասին»:
Անդրադառնալով կատարվողին ՌԴ-ի արձագանքին՝ Ռոբերտ Ղևանոդյանը նշեց. «Ռուսաստանը միշտ փորձել է և փորձելու է ՀՀ-ի ներքին գործերին խառնվել այնքանով, ինչքանով որ կկարողանա: Սամվել Կարապետյանի Հայաստան գործուղումն ակնհայտորեն կապվում է ռուսական իշխանական որոշակի շրջանակների հետ և նմանվում է Բիձինա Իվանիշվիլուն տարիներ առաջ Վրաստան գործուղելու հետ, թեև կա մի տարբերություն, Իվանիշվիլին երկար ժամանակ ուներ Վրաստանում գործընթացները Ռուսաստանի համար ընդունելի հունով փոփոխելու, Սամվել Կարապետյանն այդ երկար ժամանակը չունի, նա շատ արագ պետք է աշխատի այդ ուղղությամբ: Սամվել Կարապետյանի հաջողելու հավանականությունը փոքր է»:
Չնայած այս ամենին՝ Ղևոնդյանը նկատեց, որ Սամվել Կարապետյանի գործունեությունը քաղաքական կյանքի վրա էական ազդեցություն չի ունենա. «Այն էական ազդեցություն ունի ընդդիմադիր հատվածում: Այստեղ կա և՛ դրական, և՛ բացասական հետևանք. դրականն այն է, որ ՀՀ իշխանությունների վերադարձ 2026 թվականից հետո մինչև 2018 թվականը եղած կարգավիճակին՝ չի նախատեսվում, քանի որ իշխանությունները շատ մեծ հավանականությամբ նորից առաջին տեղում են հայտնվելու, իսկ ընդդիմությունը հնարավորություն չունի իշխանություն կազմելու ոչ մի սցենարի պարագայում: Բացասական հետևանքն այն է, որ կարծես թե նորից ձևավորվում է երկբևեռ դաշտ, որտեղ միջին վիճակագրական քաղաքացին չի գտնում, թե որտեղ իրացնի իր քաղաքական նպատակները, ինչն էականորեն վատթարացնում է ՀՀ քաղաքական դաշտի նկատմամբ վստահության մակարդակը»:


