Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական նիստը: Վարդանյանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ նախաքննության փուլին մասնակցած թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ և կողմնակալ են եղել՝ բողոք հայտնելով, դատավորը մերժել միջնորդությունը։ Եվս մի բողոք է ներկայացվել, որ Վարդանյանը պաշտպանի ծանոթանալով փետրվարի 25-ի նիստի արձանագրություններին՝ համաձայն չէ դրանցում նշված որոշ կետերի հետ: Ըստ նրա, իր միջնորդության քննարկման կարգը խախտվել է և կարծիք է հայտնել, որ դատարանը շահագրգռվածություն է ցուցաբերում քրեական հետապնդման նկատմամբ։ Այս բողոքը նույնպես մերժվել է։
Zarkerak.am-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանի հետ զրուցել է ինչպես բողոքների՝ չզարմացնող մերժումների, այնպես էլ ադրբեջանական դատական շոուի ներկա փուլի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության սպասվող դադարեցման ու դրա հետևանքների մասին:
Դատավարություններ՝ անորոշ ապագայով
«Դատավարությունները, բնականաբար, բեմադրված են, դրանց կարգադրիչը հենց Ադրբեջանի իշխանություններն են, արդար դատաքննության ապահովման որևէ երաշխիք, ընդհանուր առմամբ, չկա: Բոլոր այն ջանքերը, որոնք ներդրվում են դատավարության ընթացքում իրավունքների իրացման առումով գուցե և չհասնեն նպատակին, բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ դիմադրել ու պայքարել պետք չէ: Պետք է իրացնել բոլոր իրավունքները, այդ թվում՝ արձանագրելու բոլոր այն խախտումները, որոնք տեղի են ունենում՝ հետագա քայլերի համար», - անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի գործով դատավարության ընթացքում բողոքների մերժումներին՝ նշեց Աննա Մելիքյանը:

Նրա դիտարկմամբ, նույնքան խնդրահարույց են նաև 15 հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներգրավմամբ դատավարությունները.«Որևէ տեղեկություն չենք ստանում՝ իրենց հանրային պաշտպանները, որևէ պաշտպանական գործողություններ կատարում են թե ոչ, հրապարակային տեղեկատվություն չկա, անկախ փաստաբան ներգրավված չէ՝ ինչ-որ հաղորդագրություն ստանալու համար: Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ներկայացվող ընտրովի տեղեկատվությունը բավարար չէ այս ամենը պարզելու համար, ներկայացնում են «տուժողներին», «վկաներին», իսկ հակառակ կողմի արձագանքից ոչինչ հայտնի չէ»:
Ըստ նրա, Բաքվում պահվող հայերի վերաբերյալ դատական պրոցեսների ապագան խիստ անորոշ է.«Ադրբեջանական իշխանություններն ինչքան ուզենան, այդքան էլ դատերը կտևեն, բավականին լայն ու երկար ժամանակահատված են ընտրել «ուսումնասիրությունների» համար՝ 1990-ականներից սկսած մինչև օրս, հաշվի առնելով պոտենցիալ «վկաների»,«տուժողների» քանակը, կարող են անվերջ տևել դատերը, որը Ադրբեջանի համար որևէ խնդիր չի ներկայացնում»:
Փորձագետը նկատեց, որ նախկինում անգամ ցեղասպանության մեղադրանքներով դատավարությունները 2-3 շաբաթ էին տևում՝ մի քանի նիստով. «Այժմ ամեն նիստն օգտագործվում է որևէ մեսիջ աշխարհին տալու համար, մասնավորապես, որ ՀՀ-ն «ագրեսոր է, «օկուպանտ է»:
Հնարավոր խաղաղության հնարավոր արդյունքը
Հանրությունը պարբերաբար լսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հաստատմանը, արդյոք այս գործընթացը կարող է դատական պրոցեսների վրա ունենալ ազդեցություն.«Մինչ օրս գերիների հայրենադարձությունների գրեթե բոլոր գործընթացները տեղի են ունեցել քաղաքական պրոցեսների արդյունքում: Քանի որ դատական պրոցեսները որևէ աղերս չունեն արդար դատաքննոիթյան հետ, ավելի հավանական է, որ քաղաքական լուծում կստանան, քան թե անկախ դատաքննության շրջանակներում այս անձինք կարդարացվեն և կվերադարձվեն Հայաստան»:
Հեռացող ԿԽՄԿ, ահագնացող մտահոգություններ
«Լուրջ մտահոգված ենք գործընթացով, հունիսի վերջին ադրբեջանական իշխանությունները վերհաստատել են, որ ԿԽՄԿ գրասենյակը փակվելու է, այսինքն՝ այդ իմաստով որևէ փոփոխություն չկա: Լրջագույն մտահոգություն ունենք, որ կամ այլևս այցեր չեն լինելու կամ բավական դժվարությամբ են այցելելու մինչև փակվելը»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա, ԿԽՄԿ ներկայությունն Ադրբեջանում միջազգային միակ մեխանիզմն ու երաշխիքն էր, որ ուներ հասանելիություն պահվող հայերին.«Անգամ եթե պահպանվում էր ԿԽՄԿ միջազգային սկզբունքը՝ գաղտնապահությունը, համենային դեպս ապահովում էին անկախ մշտադիտարկումը և զրույցները, ընտանիքի հետ կապը: Այցելությունների բացառման դեպքում մեծ խնդիրներ կարող են առաջանալ այս անձանց նկատմամբ վերաբերմունքի մասով»:
Արդյոք ԿՄԽԿ բացակայությունը կարող է ազատություն տալ Ադրբեջանի ձեռքերին, օրինակ հայերին կյանքի իրավունքը խախտելու համար, թե այնուամենայնիվ ընթացող դատական պրոցեսների ինչ-որ չափով հրապարակային լինելը կզսպի նրանց. «Ռիսկերը մշտապես պահպանվում են՝ հաշվի առնելով դեռ 2020թ-ի պատերազմին նախորդող փորձը, երբ հայազգի գերիների կամ սահմանը պատահաբար հատած քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել, եղել են սպանության դեպքեր կամ այնպիսի վերաբերմունք, որը հայրենադարձվելուց հետո մահացել են»:
«Անգամ դատերի ընթանալու և տեսանյութերի առկայությունը բավարար երաշխիք չէ. ոչ միայն կյանքի իրավունքի մասին ենք խոսում, այլ ընդհանրապես վերաբերմունքի: Եթե չկա հնարավորություն խնդիրների մասին անկաշկանդ հաղորդելու, այդ դեպքում ոչ մեկս չենք իմանա, թե ինչ է կատարվում: Հատկապես, որ նրանց մեծ մասը ներկայացված են հանրային պաշտպանի կողմից», - ասաց Աննա Մելիքյանն ու ընդգծեց, որ չենք կարող որևէ հույս կապել նաև Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ:
Այլընտրանքի հնարավորությունները փոքր են
Միջազգային ճնշման դեպքում հնարավո՞ր է կասեցնել ԿԽՄԿ ադրեբեջանական գրասենյակի փակումը, Աննա Մելիքյանի դիտարկմամբ, մի կողմից այս սցենարի փոփոխությունները բացառված չեն, ԿՄԽԿ-Ադրբեջան հնարավոր երկխոսության, դիվանագիտական ազդակների շրջանակում, բայց օբյեկտիվ իրականությունն այնքան էլ հուսադրող չէ.«Արդյոք կհաջողվի, թե ոչ, չեմ կարող ասել, մտահոգիչ միտում է աշխարհում արդեն՝ մի քանի երկրում որտեղ առկա է կոնֆլիկտ, ԿԽՄԿ-ի գրասենյակները պետությունների կողմից փակվել են, այս պարագայում ԿԽՄԿ-ն ենթադրում եմ չի կարողանում հրապարակային իմաստով ակտիվ դիմադրություն ցուցաբերել»:
«Կարծես թե ազատությունից զրկված հայերի խնդիրները միջազգային օրակարգում չեն և միջազգային հանրությունն այլևս կարծես թե առաջնային չի համարում այս խնդիրները, դժվար է պատկերացնել այս պայմաններում որևէ մարմի կողմից Ադրբեջանի վրա այս հարցով ճնշում գործադրի»,- ընդգծեց փորձագետը: :
Ինչ վերաբերում է միջազգայի այլ մեխանիզմների հնարավոր ներկայությանը՝ Մելիքյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն համագործակցում որևէ այլ մոնիթորինգային մեխանիզմի հետ, որը կարող էր նույն գործառույթն իրականացնել.«Կան և՛ ՄԱԿ-ի, և՛ Եվրոպայի խորհրդի մանդատները, մասնավորապես՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի, բայց դրանք մշտական բնույթ չեն կրելու, հանդիպումները շատ ավելի բարդ են տրվելու, թեև ինչ-որ չափով լավ գործիք են հաշվետվողականության առումով: Սակայն ներկայությունը կախված է նաև այդ մանդատների ցանկությունից և պատրաստակամությունից, այսինքն՝ ոչ միայն Ադրբեջանի նրանց հետ չհամագործակցելն է խնդիր, այլ այս մարմինների շահագրգռվածությունը», - եզրափակեց Աննա Մելիքյանը:


