Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի ընթացքում բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու 10 դեպք է արձանագրվել, որից 4-ը՝ խուլիգանության, 2-ական` ֆիզիկական և հոգեկան ներգործության և 1-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու։ 1 դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել հանցակազմի բացակայության հիմքով։ 2024 թվականի ընթացքում բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու ևս դեպք է արձանագրվել 10 դեպք, որից 3-ական՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու և խուլիգանության, 2-ական՝ հոգեկան և ֆիզիկական ներգործության։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Արեն Մկրտչյանը առաջարկում են քրեականացնել բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։ Մասնավորապես՝ «Կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունները» գլխում ավելացնել 187․1 հոդվածն ու սահմանել․
- «Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` առավելագույնը (նվազագույն աշխատավարձի) տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը (նվազագույն աշխատավարձի) քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորների գնահատմամբ, թեև Քրեական օրենսգրքում կան ընդհանուր բնույթի հոդվածներ, սակայն դրանք չեն ընդգծում բուժաշխատողների՝ որպես հասարակության համար կարևոր խմբի, պաշտպանության անհրաժեշտությունը։ Zarkerak.am-ը զրուցել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ նախաձեռնության մշակման անհրաժեշտության և բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի մտահոգող վիճակագրության մասին:

«Բավականին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բուժաշխատողներին ծեծի են ենթարկում, քաշքշում են, բռնություն գործադրվում նրանց մասնագիտական գործունեության ընթացքում: Սա պատճառ հանդիսացավ, որպեսզի նախաձեռնենք Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը: Ուշադրությունը հրավիրելով փաստին, թե որքան շատ են հանդիպում բռնության դեպքեր նաև «Շտապօգնության» աշխատակիցների նկատմամբ:
Նշեց, որ խստացումներով «հեծանիվ չեն հորինել», հետևում են միջազգային փորձին.«Փոփոխություններն արվել են հաշվի առնելով միջազգային փորձը,շատ երկրներում հենց այսպիսի խստացումներ և կարգավորումներ կան, ինչը միտված է հանրային ուշադրությունը էլ ավելի սևեռելու բուժաշխատողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերին և մասնագիտական գործունեության ընթացքում նրանց նկատմամբ բռնության անթույլատրելիությանը»:
«Եթե չնկատեինք բուժաշխտողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի աճի միտումը, խստացման անհրաժեշտություն չէր լինի: Գոնե վերջին ժամանակահատվածում դեպքերը շատացել են, ընդ որում, մեզ հայտնի են միայն ցայտուն ու արձանագրված դեպքերը, երբ նաև հաղորդում է ներկայացվել, բայց հաստատ կարող ենք ասել, որ իրականության մեջ կան դեպքեր, որոնց մասին չի բարձրաձայնվել: Հետևաբար փորձել ենք, անհրաժեշտությունից ելնելով, ռեակտիվ քայլեր ձեռնարկել», - ասաց պատգամավորը:
Արդեն իսկ շրջանառության մեջ գտնվող նախագծի հեղինակները հասցրել են բժշկական հանրույթից դրական ազդակներ ստանալ.«Ենթադրվում է, որ հաջորդ նստաշրջանից՝ սեպտեմբերից կներառվի օրակարգում և կքննարկվի»,- հայտնեց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով իհարկե օրենք ունենալը մի բան է, դրան հետևելը լրիվ այլ.«Միևնույն ժամանակ, երբ գիտեն, որ կա տուգանք, ազատազրկման ռիսկ, սա կարող է որոշակի արգելք հանդիսանալ ու սովորաբար աշխատող տարբերակ է: Մյուս կողմից սա ազդակ է հանրությանը, որ բուժաշխատողի նկատմամբ բռնությամբ ու գործունեությանը խոչընդոտելով վտանգ է ստեղծում նաև այդ բժշկի կարիքն ունեցող մեկ այլ անձի կյանքի համար»:
Իսկ թե ինչու է մեր հանրությունը անհանդուրժող դարձել անգամ ամենահումանիտար մասնագիտությունն ունեցող անձանց հանդեպ, պատգամավորն արձագանքեց.«Սա տեղական առանձնահատկություն կարելի է որակել, մենք ոչ միայն բուժաշխատողների, այլ միմյանց նկատմամբ ենք ագրեսիվ և անհանդուրժող»:


