Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ քաղաքացիների օրակարգում այդ հարցը չկա, քաղաքացին չի ուզում իշխանություն փոխվի, քաղաքացին դուրս չի գալիս փողոց՝ ընդդիմության հրավիրած հանրահավաքներին, այսինքն՝ քաղաքացիները հաշտ են իրենց ընտրության հետ, քվե են տվել իշխանությանը, կգան հերթական ընտրությունները, կգնան և նորից ընտրությունը կկատարեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ նշելով, որ այն դատարկ օրակարգ է:
Խոսելով սպասվող փողոցային պայքարի մասին՝ պատգամավորը նշեց. «Ես ենթադրում էի, որ փողոցային պայքար պետք է սկսվի, որովհետև եղանակներն արդեն շատ բարենպաստ են: Միշտ էլ այս բարենպաստ եղանակին ընդդիմությունը սկսել է ինչ-որ մի բան անել, էլի ասելու համար, որ 4-5 տարի աշխատավարձ ենք ստացել հարկատուների վճարած հարկերից, սա սրա համար էր: Ընդդիմությունը շատ մեղք և խղճալի վիճակում է, երևի հենց դրա համար էլ ուզում են, որ ընտրությունները շուտ լինեն: Նրանք չեն կարողանալու մարդկանց հավաքել: Իհարկե, ինչ-որ քանակի քաղաքացիներ կան, որոնք իրենց ընտրել են, բայց դա այն քանակը չէ, որը կկարողանա եղանակ փոխել կամ տրամադրություն ստեղծել, այսինքն՝ դա այն քանակը չէ, որը կարող է անհանգստացնել իշխանությանը»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ՔՊ-ից կլինեն պատգամավորներ, ովքեր կմիանան գործընթացին՝ Հակոբյանն ասաց. «Ասում էին, եթե դաշնակցականները ստորագրեն, ՔՊ-ից էլ մարդիկ կան, որոնք պետք է միանան, բա ո՞ւր են այդ իմ կուսակից ընկերները, որոնք ըստ հանրապետականների կան, չկա նման բան: Ինչպես կարող է մեր կուսակցությունը նման օրակարգ ունենալ, եթե այդ օրակարգն անգամ ընդդիմությունը չունի: ՔՊ-ի ներսում բոլոր հարցերի հետ կապված համախմբվածություն կա, մենք անընդհատ քննարկումներ ունենում ենք, հրապարակային խոսում ենք: Ես բացառում եմ, որ ՔՊ-ից ինչ-որ մեկը կարող է միանալ»:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաղը սպասվող մամուլի ասուլիսին՝ Հակոբյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ինչքան շատ խոսի, այնքան մեզ համար լավ, նրանց ամեն ասածից հետո մի նոր դիմակ է պատռվում, կարող է ամեն օր ասուլիս տալ, մենք միայն ուրախ ենք»:
Սամվել Կարապետյանի ստեղծած ուժին էլ պատգամավորը մրցակից չհամարեց. «Սա հավաքական ընդդիմության ևս մի բաժանված հատված է: Տիտղոսային ընդդիմության խոսույթին եթե նայենք, ասում են՝ այն մարդիկ, որոնք չեն ընտրելու Քոչարյանին և Սարգսյանին, նրանք կընտրեն Սամվել Կարապետյանին, հետո մենք կմիանանք և ՔՊ-ին կհանենք իշխանությունից, իրենք իրենց սցենարը պարզ ասում են: Քաղաքացին պետք է իմանա, որ իր ձայնը տալով Կարապետյանին, տալիս է Քոչարյանին և Սարգսյանին: Սամվել Կարապետյանի մոտիվացիան իր տեղակայման երկիրն է, իսկ մենք գիտենք, որ այդ շրջանակը նախատեսում է Հայաստանի սուվերենության զոհաբերում և ՀՀ-ի ներգրավում Միութենական պետության մեջ»:


