Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սպառողների շահերից բխող նախագիծ է, բայց պետք է դեռ հասկանալ՝ ինչպես են կյանքի կոչելու»,- Zarkerak.am -ի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ-ի կողմից հանրային քննարկման դրված որոշման նախագիծին, որով առաջարկվում է ոչ որակյալ ինտերնետ ծառայությունների մատուցման դեպքում կապի օպերատորների կողմից բաժանորդներին փոխհատուցում:
Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ օպերատորները պարտավոր են փոխհատուցում տրամադրել երկարատև ընդհատումների դեպքում(եթե ծառայությունների ընդհատման տևողությունը հաշվարկային ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը) և ոչ որակյալ ծառայության դեպքում(եթե բաժանորդի դիմումի դեպքում օպերատորը ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված ծառայությունը չի համապատասխանել պայմանագրով նախատեսված պայմաններին): Բաժանորդը պետք է ներկայացնի դիմում մինչև վճարման համար սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը: Մատուցված ծառայության՝ պայմանագրին չհամապատասխանելու մասին հիմնավոր տեղեկություններ ներկայացնելով:
Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա օպերատորը ծառայության մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայության ընդհատման կամ որակի անկման ժամանակահատվածի համար: Իսկ եթե վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն նշված ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի չափով:
Թեև ՀԾԿՀ-ն նախատեսում է այս փոփոխությամբ բարելավել նաև ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակական ցուցանիշները, բայց մեդիափորձագետի խոսքով խնդրին պետք է մոտենալ բազմակողմանի.«Մարդիկ ինտերնետին վերաբերում են որպես ծորակից հոսող ջուր,որը պետք է անպայման լինի: Ինտերնետը շատ բարդ ցանց է, դրա արագությունը կախված է բազմաթիվ բաղադրիչներից, խնդիրը կարող է լինել ոչ թե օպերատորի պատճառով, այլ ցանցում, սարքավորումներում, դժվար է ապացուցել, թե կոնկրետ ինչից է խնդիրը: Օպերատորը կարող է տասնյակ պատճառներ բերել, օրինակ համակարգչում վիրուս կա, պրոցեսորը հզոր չէ, սարքերն անորակ են»:
Ըստ մասնագետի կա նաև մի շատ խոցելի դետալ՝ կապի օպերատորները հաշվի առնելով ինտերնետի արագության ու որակի հնարավոր խնդիրները պայմանագրերում պարտավորվում են ապահովել մինչև X չափով արագության ինտերնետ, ու բողոքի դեպքում այս մինչև բառը կլինի հօգուտ օպերատորի:
Արթուր Պապյանի դիտարկմամբ կապի օպերատորն էլ չի ցանկանա տալ վատ ծառայություն՝ հաշվի առնելով ոլորտի մրցակցային լինելը: Սակայն նկատում է, շատ հաճախ ի տարբերություն ցերեկային ժամերի, երեկոյան կապը կտրուկ վատանում է.«Դա հիմնականում լինում է մեծ ծավալի տրաֆիկի դեպքում: Նշանակում է, որ օպերատորները չեն ապահովում բավարար թողունակություն պիկ ժամերի համար, սա իսկապես չափելի խնդիր է: Պատճառն այն է, որ ՀՀ-ում ինտերնետի գները բավական էժան են և այդ գների մակարդակը պահելու համար օպերատորները փորձում են նվազագույն ռեսուրսներ ներդնել, որ կապի ինքնարժեքը չթանկանա: Բողոքի դեպքում ասում են որ պետք է ներդնեն մեծ հզորություն, բայց դա կբարձրացնի գինը, քանի որ իրենց համար էլ թանկ արժե: Այդ պատճառով էլ նախընտրում են ներդնել մինիմալ հնարավորը, որ կարող են վաճառել օգուտ ստանալով»:
Մեր զրուցակիցը չբացառեց, որ կապի օպերատորները կարող են ընդդիմանալ նախագծին.«Կարող է ասեն, եթե ուզում եք երաշխավորված արագություններ, մենք դա կվաճառենք 5 անգամ ավելի թանկ, կամ ավելի լավ կապի համար ոչ թե շենքում պետք է կիսեք կապուղին, այլ ունենաք անհատական երաշխավորված: Նման կապուղիներ ունեն բիզնեսները, որը մոտ 10 անգամ ավելի թանկ արժե»:
Պապյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն անցած տարիներին ինտերնետի հարցում անկախության մակարդակը զգալիրեն բարելավվել է, նաև խափանումներ հաճախակի չեն լինում.«Պետք է անել մաքսիմումը դիվերսիֆիկացված կապուղիներ ունենալու համար: Վերջին տարիներին այդ ուղղությամբ մի շարք քայլեր արվել են, ունենք այլընտրանքային կապեր՝ նաև Իրանով, եթե շարունակվեն հայ-թուրքական բանակցությունները, այդ ուղղությամբ էլ ենթադրում եմ հավելյալ կապուղիներ կունենաք: Այսօր արդեն ՀՀ-ում ունենք Սթարլինք արբանյակային կապ, կան խոսակցություններ, որ հայտնվելու են ևս 2-3-ը»:
Պապյանը նկատեց՝ դեռ պահպանվում է խնդիրը՝ Երևանում կապերը շատ ավելի լավ են քան մարզերում, պատճառը, ըստ նրա, գնողունակությունն է, մարզերում նախընտրում են ավելի մատչելի կապ՝ որը ոչ միշտ է որակյալ.«Քանի դեռ մեր երկրի ամբողջ տնտեսական ներուժը կենտրոնացված է Երևանում, այդքան էլ իրատեսական չեմ համարում, որ չլինի տարբերություն մայրաքաղաքի ու մարզերի միջև»:


_1760441417.jpg)


