Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հոկտեմբերը հանդիսանում է կանանց քաղցկեղի իրազեկման ամիսը և հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով՝ հիշեցնում ենք կանանց հետազոտման և իրենց տարեկան անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասին»,- Կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանի խոսքով՝ այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաև մամոգրաֆիկ հետազոտությունները. «Կրծքագեղձի քաղցկեղն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ մահացության և հիվանդացության բեռ է և գրագետ, կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ կարող ենք նվազեցնել թե՛ մահացությունը, թե՛ շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Քաղցկեղի հետ կապված մեր իմացությունը ժամանակի ընթացքում մեծանում է, ընդհանրապես ամբողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ նախկին ընկալումը չկա, որ դա անբեկանելի դատավճիռ է, բարեբախտաբար շատ են դեպքերը, երբ հիվանդությունը բուժվում և հաղթահարվում է, սրանում շատ էական նշանակություն ունի վաղ հայտնաբերումը»:
Ավանեսյանի խոսքով՝ վերջին տարիներին կա մահացության դեպքերի նվազում. «Վերջին տարիների միջամտություններն այդ սքրինինգային ծրագրերի անգամ հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումն արդեն իսկ մեր վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն է ունեցել: Մենք և՛ 2023, և՛ 2024 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում՝ քաղցկեղի հիվանդությունների պարագայում: Ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է»:


