Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինքնասպանությունների գերակշիռ դեպքերում մարդը նախկինում արել է սովորական ինքնավնասում, եթե նույնիսկ անազատության մեջ գտնվողը մատի ֆալանգն է վնասում, ձեռքն է քերծում, պետք է մտածել, որ այդ պահի վարքը վաղը լինելու է լրիվ այլ վերջաբանի: Տարիներ առաջ ևս ունեինք նույն տենդենցը ինչ-որ հիմա: Թվերի հարցում պետք է հասկանալ՝ քանի ինքնավնասում քանի անձանց կողմից է կատարվել,քանի որ դեռ ժամանակին ունեինք խումբ, ովքեր պարբերաբար իրականացնում էին ինքնավնասումներ, որն էլ ավելի անհանգստացնող է»,- անդրադառնալով ՔԿՀ-ներում ինքնավնասումների վիճակագրությանը՝ Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը:
2025-ի առաջին կիսամյակում գրանցվել է ինքնավնասման 246 դեպք՝ 112 անձի կողմից, դեպքերի մեջ ներառված են նաև 37 բանավոր հայտարարություն, երբ տեղեկացվել է մտադրության մասին:
Սափրիչի սայրով, կրակայրիչի երկաթյա մասով և նման այլ առարկաներով մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ առաջացնել կամ մարմնի տարբեր հատվածներում սուր, ծակող առարկաներ մտցնել, ներարկել թուք, կարել աչքերի կոպերը, շուրթերը, վերջույթների տարբեր հատվածները գամել, մետաղյա առարկաներ կուլ տալ:
Ինչու՞ է մարդը գնում նման դաժանության, ըստ փորձագետի, եթե 20 տարի առաջ կար մոտեցում, որ դա մեծապես հոգեբանական խնդիր է, ապա հիմա փոխվել է նաև այս մոտեցումը՝ դրան ավելացել են սոցիալական բաղադրիչները.«Բայց եթե հարցնեք ՔԿՀ աշխատակիցներին երկու պատճառ կասեն՝ կամ հոգեկան հիվանդություն ունեցող անձ էր, կամ քրեական գործից էր բողոքում: Մինչդեռ այստեղ շատ կարևոր վերլուծություն կա անելու. ինչու՞ այդ նույն դատավճռի անարդարացիության հետ խնդիր ունեցող երկու մարդուց մեկը գնում է ինքնավնասման, ինքնասպանության, մյուսը՝ ոչ։ Այդ ի՞նչ ցավ է պատճառում արդարության այդպիսի սուր ընկալումը, որը ուսումնասիրրման կարիք ունի»:
Մասնագետն առաջարկում է դիտարկել ինքնավնասումների հիմնական պատճառները, ընդգծելով, որ ինքնավնասումները, դիտավորյալ սեփական անձին վնաս պատճառելը նույնպես սուիցիդի մաս է.«Հոգեբանությունն ասում է՝ մարդը երբ գնում է սուիցդի, ոչ թե ցանկությունը մահանալն է, այլ վերջ տալն է այն ցավի, որի հաղթահարման ուժն ու ռեսուրսը չունի՝ դրանք կարող են լինել և հոգեբանական պատճառներ, օրինակ իրավիճակի հետ չհաշտվելը, անարդարության զգացումը, մեղքի հետ չհաշտվելը, միջանձնային հարաբերությունները, այնպես էլ մարմնական ցավերը, հիվանդությունները, որը մարդը չի կարողանում եղած դեղորայքով կամ դրա բացակայության պայմաններում հաղթահարել»:

Ըստ Արշակ Գասպարյանի, ՔԿՀ ծառայողների մոտ կա շատ թյուր կարծիք, երբ ինքնավնասումը դիտարկում են որպես ուղղակի մանիպուլյատիվ վարք.«Մարդը մի քանի անգամ իրեն վնաս է պատճառում՝ երակներն է կտրում, աչքն է կարում, ասում են՝ սիգարետ էր ուզում չտվեցինք, ուզում էր այլ խուց տեղափոխվել, չթողեցինք, շատ վատ տեղ տանող մտածողություն է, ես դեմ չեմ, որ մանիպուլացիա կարող է լինել վարքի մեջ, բայց գոնե կեսճշմարտություն կա: Գուցե ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Եթե մարդն ասում է սիգարետ տուր թե չէ փորս կբացեմ, որքանո՞վ է ճիշտ որ այդ մարդը ծխելու համար կարող է այդ գործողությունն անել, գուցե ֆիզիոլոգիապես կարիք ունի նիկտոինի։ Կամ գուցե ինքն իրեն հուզող խնդրի մասին բարձրաձայնում է, բայց դա ևս համարում են մանիպուլյացիա՞»:
Մեր զրուցակցի խոսքով՝ երազանք է, որ մի օր ՔԿՀ ծառայողը նայի անազատության մեջ գտնվողին՝ որպես պոտենցիալ հասարակություն վերադարձող մարդ և հիշի, որ անգամ ամենախելահեղ հանցանք գործած մարդու դեպքում իրավունքների պաշտպանությունը պետության ներգատիվ պարտականությունն է, իսկ հնարավորություններ ստեղծելը, որ ունենա առավել արդյունավետ առողջապահություն՝ պոզիտիվը.«Ով է մեղավոր այս վիճակագրության համար, դժվար է մեկ մեղավոր մատնանշել, բոլորը նույն մակույկում են: Բայց ինքնավնասում արած, ինքնասպանություն գործածն մարդու համար պետությունը պետք պատասխանատվություն կրի՝ ինչու տեղի ունեցավ ու հենց այդ անձի կողմից: Մեղավորը մեր իրավական տրադիցիան է, շատ դեպքերում պրոտոկոլների բացակայությունը, թեև ներդրված է ռիսկերի գնահատման երկաստիճան մեխանիզմ», - նշեց մասնագետն ու հավելեց, որ այս հարցում կարիք կա նաև պրոֆեսիոնալ հոգեբույժներ և հոգեբաններ ներառել, և սխալ է նման ցավալի դեպքերում միայն մատնանշել նրանց մեղավորությունը:
Ըստ փորձագետի, ՔԿՀ-ներում աշխատում է շուրջ 2500 անձ, անազատության մեջ գտնվողների թիվը ևս 2500 շրջանակում է և եթե լինեն առավել գործուն մեխանիզմներ, 24 ժամ հնարավոր է հետևել ռիսկային անձանց. «Թյուր է կարծիքը, որ եթե մարդն ուզում է մեռնի, նրան ոչինչ չի փրկի, եթե անգամ սրա մեջ կա ճշմարտություն, ու մարդը քնած տեղում էլ ամեն ինչ կանի ու լինելու են դեպքեր, որ կյանքից հեռանա, պետության նվազագույն պարտավորությունն է իմանալ՝ արդյոք բոլոր քայլերն արեց, որ դա տեղի չունենա»:
Արշակ Գասպարյանը նշեց, որ առանձին հետազոտության են ենթակա նաև այն միջոցները, որոնք օգտագործում են ինքնավնասման համար.«Միտք, մտադրություն պլանավորում, կատարում. եթե մարդն արդեն որոշել է ինչով է ինքնավնասվելու, ապա միջոցը կգտնի: Կարող է լինել իր առողջության համար տրամադրվող դեղերի գերդոզավորումից, ներարկիչ կարող է գտնել, երբ դրանք տրամադրվում են առողջապահական նպատակով՝ օրինակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար: Կախվում են նաև կոշիկի քուղերով, գտնում են գամեր»,- մեկնաբանեց մասնագետն ու հավելեց, որ չկա հստակ մեխանիզմ, որ ռիսկի դեպքում ինչ գործողություններ պետք է հաջորդեն:
«Ռիսկերից ելնելով՝ այս մարդկանց տեղափոխում են առանձին խուց, մինչդեռ նման մարդու համար միջավայր է պետք, ոչ թե լրիվ առանձնացում՝ իր ցավալի հետևանքներով»:



