Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բուքմեյքերներ, օնլայն խաղատներ, 18+ կայքեր, սերիալներ, ֆիլմերի հարթակներ, թարգմանության կայքեր, տարադրամի փոխարժեքներ, սոցիալական հարթակներ: Google-ում Հայաստանից ամենաշատ որոնվողները հենց սրանք են:
Իսկ թե որքանով են համացանցային որոնումներում հայաստանցիները գրագետ և արդյոք հեշտությամբ չեն դառնում խաբեբաների թիրախ, Zarkerak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
«Խաբեության զոհ դառնալու խնդիրն այն չէ, որ մենք չենք սովորում: Մարդիկ ինչ-որ հղում տեսան, սեղմեցին, իրենց գումարները գողացան, էլ կյանքում չեն սեղմի: Կարող եմ ասել, որ Հայաստանում սկսել են ավելի քիչ վստահել, ավելի քիչ սեղմել տարբեր հղումների վրա՝ օրինակ, որ Նիգերիայից ժառանգություն են ստացել, գայթակղիչ առաջարկ է: Բայց երբ մարդիկ սովորում են ինչ-որ մի խաբեության տեսակից պաշտպանվել, կիբերհանցագործները մտածում են՝ բա ուրիշ ոնց խաբեն և հենց հիմա այդ գործում աջակցության են եկել նաև արհեստական բանականության տարբեր մոդելներ: Վերջին 1-2 տարում հատկապես նկատվում է հայաստանցիների թիրախավորման ակտիվացվում ու դեռ շատանալու են, քանի որ երկիրը նախկինում ցածր եկամտով էր համարվում, բայց հիմա արդեն դարձել է միջին եկամտով երկիր, և հանցագործները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել՝ ավելի հզոր ու արժանահավատ գրոհներով»,- ասաց Պապյանը:

Մեր զրուցակցի կարծիքով, լուծումը ոչ թե տեխնոլոգիական տիրույթում է, այլ՝ մեդիագրագիտության.«Մարդիկ պետք է սովորեն կասկածել, եթե անգամ ամեն ինչ շատ իրական ու ոգևորիչ է թվում: Շատ-շատ են դիմում տարբեր խնդիրներով, հատկապես, որ ներդրումային ծրագրի են մասնակցել ու գումարները կորել են, այս վիճակը դեռ շարունակվելու է»,- նշեց մասնագետն ու հավելեց, որ հայաստանյան հարթակում գերակշռում են արտերկից կազմակերպվող համացանցային խաբեությունները, իսկ տեղացի հակերները աշխատում են դրսի շուկաների վրա:
Նաև ընդգծեց, որ եթե կար ժամանակ, որ տարեցները ավելի շատ էին հայտնվում խաբեբաների ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով ամեն բանի վրա սեղմելու սովորությունը, հիմա տենդնեցը փոխվել է.«Վերջին շրջանում սկսել է շատ երիտասարդանալ տուժածների տարիքը, հաճախ սկսել են թիրախավորել երեխաներին: Բայց հակված են հիմնականում թիրախավորել վճարային գործարքներ անող, որոշակի ազատ եկամուտ ունեցող միջին տարիքի մարդկանց, քանի որ դա շատ ավելի ձեռնտու է»:
Արթուր Պապյանը նաև հայտնեց, որ թեև խաբեություններ կան և սոցիալական ցանցերում, և որոնողական հարթակներում, բայց տուժողների գերակշիռ մեծամասնության դեպքում՝ հանցագործները կապվում են մեսենջերներով՝ անհատական կապի միջոցներով, քանի որ մարդիկ հակված են հավատալ նրան, ինչ իրենց անձամբ են հայտնում:


