Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեզանում, հատկապես՝ հետպատերազմյա շրջանում, կան ապօրինի զենք-զինամթերքին տիրապետող սոցիալական խմբեր, կա նաև քրեական աստիճանակարգություն՝ ի հեճուկս ընդունված օրենքի: Իմ տեղեկություններով շատ քիչ են օրենքի այդ նոր հոդվածով քրեական վարույթների նախաձեռնման և դատապարտման դեպքերը, խոսքը օրենքով գողերի և քրեական աստիճանակարգության այլ ներկայացուցիչների մասին է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած վենդետաների և սպանությունների դեպքերին՝ ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը և նշեց, որ այդ մշակույթն ակտիվանում է ու կան նաև քաղաքական աֆիլացվածություն ունեցող որոշակի քրեական խմբեր, խոսքը հատկապես որոշ ընդդիմադիր շրջանակների մասին է, որոնց գործունեությունը պատշաճ հսկողության չի ենթարկվում:
Խալաթյանի գնահատմամբ՝ տիրող իրավիճակն իրավական համակարգի բացի արդյունքն է. «Հասարակության մեջ նման վարքագծի դրսևորումը նախ և առաջ պայմանավորված է նրանով, որ իրավասու պետական մարմիններն իրենց սահմանադրական գործառույթներին համարժեք չեն գործում: Հանցագործությունների նախականխման ֆունկցիան, որն իրենք ունեն, պատշաճ չեն իրականացնում, խոսքը վերաբերում է կոնկրետ բնակավայրերի հանցածին իրավիճակի բացահայտմանը, վերլուծությանը, համապատասխան անձանց նկատմամբ որոշակի հսկողական միջոցառումների իրականացմանը: Հանցավոր աշխարհում հանցածին իրավիճակը ստատիկ վիճակում չէ, դինամիկ է և պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք: Մեզանում իրավապահ համակարգն ավելի շատ իրեն դիրաքավորել է որպես պոստ ֆակտում հանցագործությունները բացահայտող համակարգ, հանցագործությունների բացահայտումն ու դատապարտումը ևս կաղում է, այդ իմաստով բավականին խնդրահարույց իրավիճակ է: Իրավապահ համակարգի ֆունկցիան միայն կատարված հանցագործության հետևից գնալը չէ, հակառակ պարագայում երկրի հասարակական անվտանգությունը կդրվի կասկածի տակ, մարդիկ ուզում են ապրել անվտանգ միջավայրում»:
Արտաշես Խալաթյանի խոսքով՝ իրավիճակը մտահոգիչ է, երբ հասարակությունը հատկապես ուժային համակարգի հետևում ուժի բաղադրիչը չի տեսնում. «Խոսքը լեգիտիմ ուժի մասին է, դա ազդում է և՛ պետական համակարգի նկատմամբ վերաբերմունքի, և՛ պետական մարմինների որոշումներին ենթարկվելու պատրաստակամության վրա, և՛ նաև կարծես ազդակ է հանցավոր աշխարհին առ այն, որ հնարավոր է կատարել հանցանք և նաև հույս ունենալ, որ կմնա անպատիժ: 1994 թվականից հետո հանցագործությունների աճն իհարկե, անհամեմատելի է ներկայիս իրավիճակի հետ, սակայն այն ժամանակ էլ ի վիճակի չեղան զինաթափել որոշակի շրջանակների, հիմա էլ կարծես իրավապահները նույն սխալներն են գործում»:
Ինչ վերաբերում է հասարակությունում տիրող անհանդուրժողականությանը՝ Խալաթյանը նշեց. «Անհանդուրժողականությունն ավելի խորքային բնույթ ունի: Այն ինչ տեսանելի է և հնարավոր է վերահսկել, այդտեղից է պետք սկսել: Իրավապահ համակարգը խնդիր ունի հասարակությանը կարգաբերելու և բոլոր պրոցեսներն իրավական հուն տեղափոխելու առումով: Պետությունը պետք է իր գործիքակազմով ապահովի մարդկանց վարքագծի համապատասխանեցումը Սահմանադրությանը և օրենքներին: Եթե չձեռնարկվեն համարժեք միջոցներ՝ հատկապես նախընտրական շրջանում, ապա շատ հնարավոր է այս երևույթն ավելի տարածվի»:


