Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների եւս երեք կարգ կկարողանա դիմել բնակարանային վկայականների համար։ Այս մասին այսօր 2026թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների որոշակի գործառույթների համակարգման խորհրդական Գայանե Կարագյոզյանը:
Նա նշել է, որ կառավարությունը վերացրել է մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում էին ծրագրին մասնակցության համար դիմելուն։
«Ծրագրում փոփոխությունները կատարվել են վկայականներ ստանալու դժվարություններ ունեցող քաղաքացիների բողոքներից հետո»,-ասել է Կարագյոզյանը։
Նշված ծրագրի 7-րդ բաժնի համաձայն՝ ընտանիքները պարտավոր էին համատեղ դիմում ներկայացնել մասնակցության համար։ Դիմումը պետք է ստորագրեին դիմորդը, նրա ամուսինը եւ անչափահաս երեխաները։ Սակայն գործնականում եղել են դեպքեր, երբ կանայք չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ իրենց ամուսինները հայտարարվել են անհետ կորած։
«Այժմ նման ընտանիքները կկարողանան դիմումներ ներկայացնել եւ վկայականներ ստանալ»,- ընդգծել է խորհրդականը։
-Նշենք, որ ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցությունը 2026թ․ կաճի մինչեւ 55 միլիարդ դրամ (57 տոկոս աճ), ինչը 20 միլիարդով ավելի է, քան այս տարի։


