Հայաստանի զինված ուժերում սկսվում է նոր փուլ․ 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը կկրճատվի՝ երկու տարվա փոխարեն դառնալով մեկուկես տարի։ Այս որոշումն արդեն իսկ մեծ արձագանք է գտել թե՛ հասարակական, թե՛ մասնագիտական շրջանակներում՝ առաջացնելով միաժամանակ և՛ հույսեր, և՛ հարցեր։
Նոր համակարգ՝ հին մարտահրավերների ֆոնին
Հայաստանը դեռ գտնվում է բարդ տարածաշրջանային միջավայրում, որտեղ անվտանգության հարցը մնում է առաջնային։ Այս ֆոնին շատ փորձագետներ հարցադրում են անում՝ արդյո՞ք ճիշտ է կրճատել ծառայությունը այն ժամանակ, երբ անվտանգային մարտահրավերները չեն նվազել։
Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին, շեշտում են՝ բարեփոխումը չի իրականացվում առանց հաշվարկի։ Զորակոչային համակարգի հետ զուգահեռ ուժեղացվելու են պահեստազորը, տեխնոլոգիական հսկողությունը և պայմանագրային ծառայությունը։ Այսինքն՝ ծառայության ժամկետի կրճատումը նախատեսվում է լրացնել որակական աճով։
Կառավարությունը հայտարարում է, որ փոփոխությունը պայմանավորված է բանակի կառուցվածքային բարեփոխումներով, ժամանակակից մարտահրավերներին համապատասխան ծառայության մոդելի ներդրմամբ և պորֆեսիոնալ բանակի աստիճանական ձևավորման ռազմավարությամբ։ Նպատակն է՝ ավելի արդյունավետ դարձնել զինծառայությունը, բարձրացնել մարտական պատրաստությունը և խթանել կամավորության հիման վրա ծառայության ընտրությունը։
Ինչ կտա 1.5 տարվա ծառայությունը
Վերջին տարիներին Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրերում առաջնային է դարձել մարտունակության բարձրացման և մարդկային ռեսուրսի արդյունավետ օգտագործման գաղափարը։ Այս տրամաբանությամբ՝ բանակը պետք է աստիճանաբար անցնի ավելի քիչ, բայց ավելի պատրաստված և տեխնոլոգիապես հագեցած անձնակազմ ունենալու մոդելի։
Կրճատված ժամկետը նաև ենթադրում է ավելի կարճ, բայց ինտենսիվ պատրաստություն։ Եթե կրթական, հոգեբանական և տեխնիկական բովանդակությունը չվերանայվի, ապա մեկուկես տարվա ծառայությունը կարող է չհասնել նախանշված արդյունքին։ Այստեղ հաջողության գրավականը լինելու է ոչ թե տևողությունը, այլ որակը։ Այսինքն՝ նոր համակարգը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե զինվորական ուսուցման և պատրաստության ծրագրերը համապատասխանեցվեն նոր ժամկետին։
Բանակ-հասարակություն կապի փորձություն
Այս որոշումը նաև քաղաքական ու հասարակական նշանակություն ունի։ Բազմաթիվ ընտանիքների համար ծառայության ժամկետի կրճատումը հնչում է որպես մեծ թեթևացում։ Ծնողներն իրենց զավակներին ավելի շուտ կտեսնեն, իսկ երիտասարդները՝ ավելի արագ կվերադառնան քաղաքացիական կյանք՝ սովորելու կամ աշխատելու։
Այս քայլը ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Այն ազդակ է հասարակությանը, որ պետությունը փորձում է նորովի վերաիմաստավորել իր հարաբերությունը քաղաքացու և բանակի միջև։
Եթե նախկինում բանակը ընկալվում էր որպես «պարտք պետությանը», ապա հիմա այն կամաց-կամաց վերածվում է գործակցության հարթակի՝ որտեղ պետությունը պարտավորվում է ապահովել անվտանգություն և արժանապատիվ պայմաններ, իսկ քաղաքացին՝ գիտակցված ծառայություն։
Այս մոտեցումը, եթե ամրապնդվի, կարող է երկարաժամկետ առումով փոխել բանակի հանդեպ հասարակական վերաբերմունքը՝ այն դարձնելով ավելի վստահելի և արժանապատիվ ինստիտուտ։
Հունվարի 1-ից սկսվող այս փոփոխությունը պատմական է։ Այն կփոխի ոչ միայն բանակի կառուցվածքը, այլև՝ հասարակության վերաբերմունքը զինվորական ծառայության հանդեպ։ Սակայն, ինչպես շատ բարեփոխումների դեպքում, իրական արդյունքը կախված կլինի ոչ թե հայտարարություններից, այլ գործնական քայլերից։
Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը չի կարելի դիտարկել որպես ինքնանպատակ քայլ։ Այն պետք է դիտվի համապարփակ ռազմական բարեփոխումների շրջանակում։ Եթե ծրագիրը հաջողվի, այն կդառնա Հայաստանի ռազմական քաղաքականության առանցքային շրջադարձային փուլը՝ որը կտանի դեպի ժամանակակից, արդյունավետ և մարդակենտրոն բանակ։
Սակայն եթե ծառայության ժամկետի կրճատումը չուղեկցվի բովանդակային փոփոխություններով, այն կարող է ստեղծել նոր ռիսկեր՝ թե՛ պատրաստության, թե՛ անվտանգության տեսանկյունից։
Այսպիսով, 2026 թվականի հունվարի 1-ը լինելու է ոչ միայն օրացուցային փոփոխության, այլև մարտունակ պետության նոր պատասխանատվության սկիզբ։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


