Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 1-ի գործով առաջիկայում դատարան կուղարկվի «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառման հետ կապված դրվագը։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Անուշ Քլոյանի հարցին։
Պատգամավորը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռին, նշել է, որ դատարանը արձանագրել է պետության կողմից մահաբեր ուժի կիրառումը, անհամաչափ գործողությունները և արդյունավետ քննության բացակայությունը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ փուլում է վճռի կատարումը և գործի քննությունը։
Գլխավոր դատախազը պատասխանել է, որ Եվրոպական դատարանի վճիռների կատարումը պարտադիր է, սակայն դրանք չեն փոխարինում ներպետական դատական ակտերին։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը մի շարք կարևոր արձանագրումներ է կատարել, որոնք հիմք են դարձել նոր մեղադրանքների առաջադրման և գործերի դատարան ուղարկման համար։
«Եվրոպական դատարանը հստակ արձանագրել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների նշանների՝ մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունները»,- նշել է Վարդապետյանը՝ հավելելով, որ այս հանգամանքն ընկած է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքների հիմքում։
Գլխավոր դատախազի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձությունները պետք է դիտարկել որպես շղթայական գործողությունների արդյունք։
«Չի կարելի տարանջատել 10 անձանց սպանությունը․ դա հետևանք է մարտի 1-ի առավոտից սկսած գործողությունների, որոնցում ներգրավված են եղել ոչ միայն ոստիկանությունը, այլև զինված ուժերը»,- ասել է նա։
Նրա ներկայացմամբ՝ Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա ձևավորվել է իրավական մոտեցում, ըստ որի՝ խոսքը վերաբերում է բռնությամբ զուգորդված իշխանական լիազորությունների անցմանը, որը համարվում է խոշտանգում կամ խոշտանգմանը հավասարեցված վարքագիծ և չի ենթադրում վաղեմության ժամկետ։
Վարդապետյանը տեղեկացրել է, որ արդեն դատարան են ուղարկվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք գործեր, որոնք գտնվում են դատաքննության փուլում։ Նմանատիպ տրամաբանությամբ քննվում են նաև Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի դրվագները, իսկ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել խոշտանգման դրվագով։
«Առաջիկայում դատարան կուղարկվի նաև «Չերյոմուխա»-ի կիրառման հետ կապված դրվագը։ Եվրոպական դատարանը կարևոր արձանագրում է անում, որ առանց պատշաճ պատրաստվածության և սահմանված կարգի նման միջոցների կիրառումը առաջացնում է հետևանքներ, որոնց համար պատասխանատու են ոչ միայն անմիջական կիրառողները, այլև նրանք, ովքեր թույլ են տվել դրա կիրառումը»,– նշել է գլխավոր դատախազը։


