Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում 2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների ընդհանուր թվի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 722 հանցագործություն՝ 2024 թվականի 42 057 դեպքի դիմաց։
Վարդապետյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում հանցագործությունների թիվը նվազել է 1335-ով կամ 3,2 տոկոսով։
Գլխավոր դատախազի խոսքով՝ միաժամանակ աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։
«2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց»,-նշել է Վարդապետյանը՝ ընդգծելով, որ աճը կազմել է 6,9 տոկոսային կետ։
Նրա ներկայացմամբ՝ հանցագործությունների գերակշիռ մասը շարունակում են կազմել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները։
«Հանցագործության 40 722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20 041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13 585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են»,- ասել է Վարդապետյանը։


