Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իմ երազանքն է հայ-թուրքական սահմանը բացված տեսնելը, կարծում եմ՝ գալիք տարվա հունվար-փետրվար ամիսներին դրական զարգացումներ ենք տեսնելու այս առումով։ Այս մասին Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանը։
«Անշուշտ բացումը հունվարին նախ կլինի 3-րդ երկրների քաղաքացիների համար, այնուհետև հուսամ մի քանի ամսվա ընթացքում նաև Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիները նույնպես կկարողանան անցնել հայ-թուրքական սահմանով»։
Նրա դիտարկմամբ՝ հիմա Թուրքիայում առաջ շարժվելու ցանկություն կա։ «Հիմա Անկարայում այդպիսի որոշում կա, բայց գիտեք, իրենց քաղաքականությունը Ադրբեջանի հետ՝ 2 երկիր՝ 1 ժողովուրդ, հետևաբար կարծում եմ՝ այս 2 պրոցեսները պետք է միասնաբար պետք է առաջ ընթանան։ Այսինքն, մեկը մյուսի համար արգելք էր՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները խանգարում էին Թուրքիայի հետ հարաբերությունների առաջ ընթանալու, հիմա 2-ը միասնաբար առաջ են ընթանալու։ Կարծում եմ, առաջիկա ամիսները որոշիչ են լինելու հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար։ Եթե Արևմտյան երկրներն էլ օգնեն ու ջանքեր գործադրեն Թուրքիային ու Ադրբեջանին համոզելու համար, կարծում եմ կկարողանանք առաջ ընթանալ»,-ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո՝ Թուրքիան ու Ադրբեջանը այլևս նույնպես մտածում են, որ հիմա առաջ ընթանալու ժամանակն է։
Փայլանի գնահատմամբ՝ խաղաղության երաշխավորը տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդումն է, տնտեսական փոխկապակցվածությունների ավելացումը։


