Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների «դատավարությունը»` բացառությամբ Ռուբեն Վարդանյանի: Թե ինչ է սպասվում հետագայում և ինչ հնարավոր ժամկետում դատարանը կկարդա դատավճիռները, Zarkerak.am-ը փորձել է հասկանալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի հետ:
«Հիմնական դատալսումները նոյեմբերի 3-ից սկսած անցել են հաջորդ փուլին՝ եզրափակիչ ճառերին, որը դեռ կներկայացնի մեղադրական կողմը: Սկզբում ներկայացնում են մեղադրանքները, սա այն փուլն է, որտեղ պետք է անդրադարձ կատարել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին, դրանց հիման վրա հերքել կամ պնդել մեղադրանքը: Տուժողները կամ նրանց ներկայացուցիչները հնարավորություն կունենան եզրափակիչ ելույթներ ունենալ, դրանից հետո նոր պաշտպանական կողմը պետք է հանդես գա եզրափակիչ ելույթով, մեղադրյալները, եթե ցանկություն ունենան, կարող են հանդես գալ վերջին խոսքով»,- ասաց Մելիքյանը:
Հարցին, թե երբ է հնարավոր կարդալ դատավճիռները՝ նա նշեց.«Իրականում կախված է նրանից, թե ով իր իրավունքից ինչպես կօգտվի, եթե ճառերն արագ կարդան, տուժողներն էլ չցանկանան օգտվել խոսքի իրավունքից, բավական արագ կլինի գործընթացը: Եթե բոլոր տուժողները ցանկանան իրենց իրավունքից օգտվել կարող է և երկար տևի, որովհետև գործող ներգրավված տուժողները բազմաթիվ են: Հստակ դժվար է ասել, թե դեռ որքան կտևի, կախված է նաև նրանից, թե նիստերն ինչ հախականությամբ կնշանակվեն: Բայց սա, ըստ էության, վերջին փուլն է»:
Նա ընդգծեց տուժողները, վկաները կատարում են այն ինչ իրենց ասում են իշխանությունները.«Այս պրոցեսի վերաբերյալ բովանդակային մեկնաբանությունից միշտ զերծ ենք մնում, քանի որ բեմադրված դատավարություն է և այնպես չէ, որ մենք խոսում ենք սովորական դատաքննության մասին, որ ինչ-որ օրենք կամ իրավունք քննարկենք: Կարծում եմ` իմաստ էլ չկա խորանալ դատավարական պրոցեսի մեջ: Եթե ցանկանան, որ մինչև տարեվերջ ավարտվի, կավարտվի, եթե ցանկանան ավելի երկարացնել կերկարացնեն, որովհետև ըստ էության այս դատավարությունը կարող էր ավելին երկար ընթանալ՝ հաշվի առնելով մեղադրանքի ծավալը»:
Հանրային պաշտպանները, գերիները հնարավորություն կունենա՞ն վերջին խոսքի իրավունքով դատարանի առաջ հանդես գալու.«Բոլոր հանրային պաշտպանները ֆիկտիվ դեր ունեն այնտեղ և անգամ եթե ձևականորեն իրենք օգտեն իրենց իրավունքից եզրափակիչ ճառ ասելո՝ փորձելով մեղմել մեղադրանքը կամ վիճարկել ինչ-որ բան, դա ձևական է արվելու: Անգամ պաշտպանության կողմից բերված վերջին շրջանի միջնորդությունները պարզապես միտված էին տպավորություն ստեղծելու, որ ինչ-որ գործողություններ արվում են: Պաշտպանության կողմն իրական պաշտպանություն չի իրականացրել, հայերը պաշտպանության իրավունքից չեն օգտվել, անգամ մեկ վկա հօգուտ հայերի հրավիրելու հնարավորություն չեն ստեղծել»:
Մելքյանը հիշեցրեց, որ դեռևս դատաքննություն է գնում Ռուբեն Վարդանյանի մասով, նախորդ պաշպանից Վարդանյանը հրաժարվել է, նոր հանրային պաշտպան է ներկայացվել՝ կրկին ձևական.«Ժամանակագրական իմաստով Վարդանյանի գործի դատաքննություն էլ կարող է ավարտվել, եթե այս ամիս չէ, հնարավոր է մյուս ամիս, նայած թե ինչքան են ուզում խորանալ այդ ամենի մեջ: Այս պաշտպանը չեմ կարծում որևէ պատշաճ միջնորդություն իրականացնի և աշխատի իր պաշտպանյալի հետ »:
Մելիքյանը նշեց, սպասվում է, որ դատավճիռներով կհաստատվեն դատապարտման այն ժամկետները, որոնց մասին խոսվում է՝ ընդհուպ ցմահ ազատազրկում.«Ակնկալել, որ կարդարացնեն, դժվար է պատկերացնել: Այս ամեն ինչը միտված է շարունակաբար ցույց տալու, որ այս անձինք Հայաստան պետության անունից են գործել և հրահանգով»:
Հիշեցրեց, որ եթե լինի գերիներին հայրենիք վերադարձնելու քաղաքական որոշում, անգամ ցմահ ազատազրկման դեպքում դա հնարավոր է անել.«2020-ից հետո գրեթե բոլոր գերիները, որ վերադարձվել են, դատապարվել են նոր են վերադարձվել ու բավականին երկար ժամեկտներով՝ 18-19 տարի: Անկախ մեղադրանքից, պատժամիջոցից, որոշումներ կայացնելիս Ադրբեջանն իրավունքով ու օրենքով չէ, որ առաջնորդվում է»,- եզրափակեց Աննա Մելիքյանը:


