Տեղից մինչև Չինչին. նոր աշխատատեղեր, գյուղական կյանքի ակտիվացում. նախագիծ՝ ուղղված նոր զբոսաշրջային հասցեների ստեղծմանը Zarkerak - Տեղից մինչև Չինչին. նոր աշխատատեղեր, գյուղական կյանքի ակտիվացում. նախագիծ՝ ուղղված նոր զբոսաշրջային հասցեների ստեղծմանը
Zarkerak Zarkerak - Տեղից մինչև Չինչին. նոր աշխատատեղեր, գյուղական կյանքի ակտիվացում. նախագիծ՝ ուղղված նոր զբոսաշրջային հասցեների ստեղծմանը
Տեղից մինչև Չինչին. նոր աշխատատեղեր, գյուղական կյանքի ակտիվացում. նախագիծ՝ ուղղված նոր զբոսաշրջային հասցեների ստեղծմանը

Տեղից մինչև Չինչին. նոր աշխատատեղեր, գյուղական կյանքի ակտիվացում. նախագիծ՝ ուղղված նոր զբոսաշրջային հասցեների ստեղծմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի յուրաքանչյուր մարզում 5-6 գյուղ կհամարվի զբոսաշրջային, մշակվել է որոշման նախագիծ:

«Նախագծի նպատակն է զբոսաշրջության ապակենտրոնացումն ապահովել Երևանից դեպի մարզեր՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, բարելավելով գյուղական բնակավայրերի բնակիչների կենսամակարդակը, ապահովել զբոսաշրջային ծառայությունների զարգացումը, ծառայությունների դիվերսիֆիկացումը, զբոսաշրջային արդյունքի բազմազանեցումը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը:

Անահիտ Մկրտչյան

Մկրտչյանի խոսքով՝ այս նախագիծը կնպաստի ոչ միայն տվյալ բնակավայրերում զբոսաշրջության, այլև տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև  գյուղական բնակավայրերն ավելի ճանաչելի կդառնան:

Ըստ մեր զրուցակցի՝ գյուղերն ընտրվել են սահմանված չափանիշներով. «Գյուղերի ընտրությունը կատարվել է մարզպետարանների հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մարզից ներկայացվել է 5-6 գյուղ: Ընտրված գյուղերից են՝ Բյուրականը, Ոսկեվազը, Օշականը, Եղիպատրուշը, Սաղմոսավանը, Հնաբերդը, Ուրցաձորը, Ղուկասավանը և այլն, կան նաև գյուղեր, որոնք սահմանին ավելի մոտ են, օրինակ՝ Չինչինը, Տեղը: Հնարավոր է մինչև նախագծի հաստատվելը որոշակի փոփոխություններ լինեն, կարծում եմ ցանկը շատ չի փոխվի, հնարավոր է գյուղերի թիվն ավելանա»:

Մկրտչյանի դիտարկմամբ՝ բնակավայրերը պետք է ունենան զբոսաշրջային նշանակություն ունեցող մշակութային կամ բնական ռեսուրսներ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև գյուղացիների ներգրավվածությունն այս գործընթացում. «Գյուղի բնակիչները պետք է ապահովեն, որ զբոսաշրջիկները մասնակցեն տեղական ուտեստների կամ խմիչքների համտեսների, բերքահավաքի, ձիավարության, այսինքն՝ նաև զբոսաշրջիկի համար ապահովվի զբաղվածություն, հետաքրքիր ժամանց: Պետք է այդ գյուղական բնակավայրն իր տարածքում ապահովի մատչելի հյուրանոցային ծառայություններ, կարող են լինել հյուրատներ, զբոսաշրջային տներ, ըստ անհրաժեշտության՝ հանրային սննդի սպասարկման վայրեր և այլն:  Եթե բնակավայրն ուզում է որպես զբոսաշրջային գյուղ դիրքավորվել, պետք է այդ չափանիշներին համապատասխան գործողություններ իրականացվեն: Կառավարման պլան է հաստատվելու, յուրաքանչյուր բնակավայրի համար իր ներուժին բնորոշ ծրագրեր կմշակվեն ու կիրականացվեն: Այդ գյուղերը պետք է համատասխանեցվեն ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության չափանիշներին»:

Միաժամանակ Մկրտչյանն ընդգծեց, որ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման խնդիրներից մեկը ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակն է. «Եթե բնակավայրը համարվելու է զբոսաշրջային գյուղ, պետք է հանձնառություն ունենա, որ բարելավվելու են ենթակառուցվածքները, ճանապարհները, ջրամատակարարման հետ կապված հարցերը: Կարևոր է, որ բոլոր բնակավայրերում ունենանք ավելի մատչելի ծառայություններ մատուցող հյուրանոցային տնտեսություններ:  Եթե նույնիսկ զբոսաշրջիկը մնում է օրինակ՝ գյուղացու տանը, ստացվում է, որ գյուղացին հյուրանոցային ծառայություն է մատուցելու՝ կա՛մ որպես հյուրատուն, կա՛մ զբոսաշրջային տուն, այս պարագայում կարևորվում է բնակչության վերապատրաստումներին ուղղված աշխատանքները»,- ասաց նա և հավելեց, որ այս նախագծի հիմքում նաև էկոտուրիզմի զարգացումն է:

Անահիտ Մկրտչյանը նաև նշեց, որ հնարավոր կլինի ապահովել ժամանց. «Եթե ասում ենք, որ գյուղերը պետք է ունենան մշակութային ու բնական ռեսուրսներ, նշանակում է, որ այստեղ արդեն իսկ զբոսաշրջիկի համար կա ժամանցի տեսակ»։

Մկրտչյանը նկատեց, որ կակտիվանա  նաև գյուղական կյանքը և կունենանք մատչելի զբոսաշրջություն. «Եթե գյուղում կլինեն զբոսաշրջային տներ կամ հյուրատներ, բնականաբար նրանց կողմից առաջարկվող ծառայությունները շատ բարձր գին չեն ունենա, ավելի մատչելի հանգիստ է լինելու, բայց դա չի նշանակում, որ որակի վրա է ազդելու, որակը բարձր է լինելու»:

Տուրիստական ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանն էլ նախագիծը ողջունելի համարեց. «Ունենք գյուղեր, որոնք զբոսաշրջության առումով մեծ պոտենցիալ ունեն և ունենք գյուղեր, որոնք արդեն այս պահին էլ իրենց ուրույն տեղն ունեն Հայաստանի զբոսաշրջային քարտեզում: Կան որոշ գյուղեր, որոնք պետք է լինեին այդ ցանկում, բայց բացակայում են, օրինակ՝ Լոռու մարզում Գյուլագարակ գյուղը, որը հանդիսանում է համար մեկ այցելվող վայրը, կամ Արևածագ գյուղը, որը նույնպես շատ մեծ պոտենցիալ ունի»:

Վլադիմիր Գևորգյան

Գևորգյանի խոսքով՝ գյուղերում մարդիկ նոր զբաղվածություն կունենան, նոր աշխատատեղեր կբացվեն, սակայն ըստ նրա՝ կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Ճանապարհների վատթար վիճակ, ենթակառուցվածքների թերի զարգացվածություն, երեկոյան կյանքի բացակայություն, այս շարքը կարելի է շարունակել: Իմ ունեցած տեղեկություններով՝ պետք է լինեն մասնավոր կառավարիչներ, ովքեր կառավարելու են, բայց պետք է միասնական չափանիշներ լինեն, և պետք է հասկանալ, թե ինչպես հայթայթել այդ գումարները՝ որոնք ուղղվելու են տվյալ գյուղերի զարգացմանը: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների խնդիր ունենք, որովհետև շատ քիչ գյուղերում ունենք հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Տնտեսվարողները հասկանալով, որ կան զբոսաշրջիկներ, կա որոշակի զարգացման պլան, բիզնեսն ինքն իրենով այդ հարցը կլուծի: Հնարավոր է գյուղերում ժամանց ապահովել, շատ դեպքերում զբոսաշրջիկն ինքն է ցանկանում մասնակից դառնալ օրինակ՝ կովի կթման գործընթացին: Սրանք խնդիրներ են, որոնք ցանկության և ֆինանսների դեպքում կարելի է լուծել»:

Գևորգյանն  էլ նշեց, որ զարկ կտրվի էկոտուրիզմի զարգացմանը. «Էկոտուրիզմն ու գյուղական տուրիզմը որոշակի առումով միմյանց փոխլրացնում են, որովհետև ունենք շատ գյուղական համայնքներ, որտեղ կան շատ հետաքրքիր էկոհամակարգեր և հնարավոր է, որ սրա արդյունքում նաև էկոտուրիզմը զարգանա»:

 

Աննա Բզնունի

07 Նոյեմբեր, 2025 13:43
Վեր