Երբ խոսքի ազատությունը վերածվում է ամենաթողության Zarkerak - Երբ խոսքի ազատությունը վերածվում է ամենաթողության
Zarkerak Zarkerak - Երբ խոսքի ազատությունը վերածվում է ամենաթողության
Երբ խոսքի ազատությունը վերածվում է ամենաթողության

Երբ խոսքի ազատությունը վերածվում է ամենաթողության

Հայաստանում խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը համարվում են այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի ազատ հասարակությունը։ Սահմանադրությունը և միջազգային իրավական նորմերը պաշտպանում են յուրաքանչյուր քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը։ Սակայն իրական կյանքում հաճախ այն, ինչ կոչվում է «խոսքի ազատություն», վերածվում է անպատասխանատվության ու քաոսի։

Վերջին տարիներին նկատելի է, որ խոսքի ազատությունը հաճախ շփոթվում է անսահման գռեհիկության հետ։ Որոշ մարդիկ ազատ արտահայտվելու իրավունքի քողի տակ վիրավորում են, պիտակավորում, ներխուժում ուրիշների անձնական տարածք, հրապարակում անձնական տեղեկություններ ու նույնիսկ հայհոյում՝ հետո դա ներկայացնելով որպես ժողովրդավարության դրսևորում։ Այս երևույթը ոչ թե զարգացնում է ազատությունը, այլ այն վերածում է հասարակական անարխիայի։ 

Քաղաքական և մեդիա դաշտերը նույնպես դարձել են այս անառողջ երևույթի հարթակ։ Տարբեր խմբեր խոսքի ազատությունը օգտագործում են ոչ թե ճշմարտության կամ գաղափարների բախման համար, այլ իրենց շահերը առաջ տանելու նպատակով։ Կեղծ լուրերի, շանտաժի, վիրավորանքների և պատվերով նյութերի շրջանառությունը դարձել է սովորական գործելակերպ։

Այս պայմաններում հանրային քննարկումները կորցնում են արժեքը․ բանավեճի փոխարեն հնչում են վիրավորանքներ, փաստերի փոխարեն՝ մեղադրանքներ։ Թվացյալ ազատությունը վերածվել է բառերի պատերազմների, որտեղ հաղթում է ոչ թե այն, ով փաստարկ ունի, այլ նա, ով բարձր է գոռում կամ ավելի կոպիտ է հայհոյում։

Ցավալի է, բայց Հայաստանում այսօր շատերը մոռացել են, որ ազատությունը ենթադրում է ոչ միայն իրավունք, այլ նաև պատասխանատվություն։ Երբ խոսքը դառնում է զրպարտություն, իսկ քննադատությունը՝ վիրավորանք, այն դադարում է լինել ազատություն։ Այդպես ազատությունը կորցնում է իր էությունը և վերածվում է գործիքի՝ մարդկանց վարկաբեկելու և հասարակությունը բաժանելու համար։

Ազատ արտահայտվելու իրավունքը պետք է ծառայի հանրային բարօրությանը, ոչ թե անձնական հաշվեհարդարի կամ վիրավորանքի նպատակներին։ Միայն այն ժամանակ, երբ հասարակությունը սովորի տարբերել ազատությունը ամենաթողությունից, կարելի է խոսել իրական ժողովրդավարության մասին։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

13 Նոյեմբեր, 2025 14:36
Վեր