Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2024 թվականին առաջին անգամ շաքարային դիաբետ է ախտորոշվել 15+ տարիքային խմբում 11152 անձի մոտ, իսկ 0-14 տարեկան՝ 99 անձի: 15+ տարիքային խմբում 2024 թվականին շաքարային դիաբետով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 121386, 0-14 տարիքային խմբում՝ 623: Անցած տարեվերջին դիսպանսերային հսկողության ներքո գտնվել է 15+ տարիքային խմբից 115806 անձ, 0-14 տարիքային խմբից՝ 596: 2024-ին ՀՀ բնակչության մահացության պատճառների կառուցվածքում շաքարային դիաբետը կազմել է 1.4 տոկոս:
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են,որ իրականացվում է «Շաքարային դիաբետի դեմ պայքարի և բարդությունների կանխարգելման ուղղությամբ» 2022-2026թթ. ծրագիրը, որը միտում ունի բարելավել հիվանդության կանխարգելման, բուժման և հիվանդության վերահսկման արդյունավետությունը։
Հիվանդության վաղ հայտնաբերման և մշտադիտարկման բարելավման նպատակով ներդրվել է շաքարային դիաբետի ազգային ռեգիստր, առողջության առաջնային պահպանման հաստատություններում` շաքարային դիաբետի սքրինինգային ծրագիր, գեստացիոն դիաբետի սքրինինգ հղիների շրջանում։
Շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցող պացիենտների դեղապահովումն իրականացվում է անվճար` եվրոպական արտադրության 3 տեսակի դեղերով: Իսկ մինչև 28 տարեկան շուրջ 1700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և երիտասարդներին անվճար տրամադրվում են 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, ասեղներ, արյան մեջ գլյուկոզի որոշման համար նախատեսված սարքեր և դրանց համար նախատեսված թեստ-երիզներ, նաև Գլյուկագոն 1 մգ հիպոգլիկեմիկ շոկի կանխարգելման դեղը:
Այս տարի մայիսից մինչև 18 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով անվճար տրամադրվում են 600 հատ թեստ-երիզներ կամ 12 տուփ, նախկին 300-ի կամ 6 տուփի փոխարեն:
Zarkerak.am-ի հետ զրույցում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան ընդգծեց, որ ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը տարածվելու և երիտասարդանալու միտում ունի, Հայաստանը բացառություն չէ.«Երիտասարդանում է նաև ՏԻՊ 2 շաքարային դիաբետը, որը համարվում է մեծահասակների դիաբետ: Այն արդեն 40, անգամ 30 տարեկանից ավելի ցածր տարիքում է հանդիպում, և որ ամենավատն է՝ նաև դեռահասների շրջանում»:
ՏԻՊ 2 շաքարային դիաբետի դեռահասներին ու երիտասարդներին չշրջանցելն մասնագետն այսպես բացատրեց.«Հիմնականում կապված է ճարպակալման հետ, դրան նպաստող բոլոր պայմանները բերում են դիաբետի տարածվածության: Դեպքերի շատացմանը նպաստում են նաև սխալ սնունդը, նստակյաց կյանքը, սթրեսային իրավիճակները, և, իհարկե, ժառանգական նախատրամադրվածությունն ունի իր նշանակությունը: Եթե երեխայի ծնողն ունի ՏԻՊ 2 դիաբետ, ապա կյանքի ընթացքում նրա մոտ այդ հիվանդությունն ախտորոշվելու մինչև 60 տոկոս հավանականություն կա: Եթե երկու ծնողն էլ ունեն ՏԻՊ 2 դիաբետ, ապա մինչև 90-100 տոկոս է հավանականությունը»:

Ինչ վերաբերում է ՏԻՊ 1 դիաբետին, մասնագետն ընդգծեց, որ դրա ախտորոշման դեպքերը ևս երեխաների շրջանում մեծացել են.«Սա ինսուլին-կախյալ դիաբետն է, երբ երեխայի օրգանիզմում գնում է ինսուլին արտադրող բջիջների քայքայում և երեխաների միակ բուժումը ինսուլինով փոխարինող բուժումն է: Այսինքն՝ պետք է ամենասկզբից ստանան ինսուլին մինչև կյանքի վերջ: Այս դեպքում էլ գենետիկ նախատրամադրվածությունը միշտ նշանակություն ունի, ուշադրություն ենք դարձնում նաև գենային մուտացիաներին, որոնք փոխանցվում են ծնողներից, բայց կարող են ձևավորվել նաև այլ գործոնների պատճառով»:
Աղաջանովան հորդորեց անտարբեր չլինել այն ախտանշաններին, որոնք ահազանգում են խնդրի հավանականության մասին. «Եթե երեխան սկսել է նիհարել, շատ ջուր խմել, շատ միզել, առկա է անմիզապահութուն, գիշերը միզելու ցանկություն, իրեն թույլ է զգում, եթե երեխայից ինչ-որ տարօրինակ հոտ է գալիս, քնկոտ է դառնում, սկսում է հևոց ունենալ, այդ բոլոր գանգատների դեպքում անպայման պետք է մտածել, որ դա կարող է լինել շաքարային դիաբետ: Թվային ցուցանիշները թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների դեպքում նույնն են. եթե առավոտյան սոված վիճակում գլյուկոզան արյան մեջ 7 մմոլ/լ է և ավելի, ապա դա դիաբետ է, եթե գլյուկոզան արյան մեջ օրվա ցանկացած ժամին, անկախ նրանից, թե ինչ է կերել, երբ ու ինչքան 11,1 մմոլ/լ է և ավելի, ապա դիաբետ է, իսկ 5,5 մինչև 7-ը համարվում է նախադիաբետ, դա էլ խնդիր ու նորմալ չէ: Այդ դեպքում էլ պետք է հետազոտվել, սկսել բուժումը»:

Ելենա Աղաջանովայի դիտարկմամբ, մեծահասակաների դեպքում էլ ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է, սակայն ամեն ինչ միանշանակ չէ.«Շաքարային դիաբետ ունենալու հարցում մոտ 80 գեն կարող է ընդգրկված լինել, տարբեր գեների կոմբիանցիա կարող է լինել, որ ՏԻՊ 2 դիաբետ զարգանա: Վերջին 20 տարիները ցույց են տալիս, որ դիաբետն այնքան արագ է զարգանում, այնքան շատ են նոր դեպքերը, որ միայն ժառանգականությունով հնարավոր չէ բացատրել: Այժմ բացատրում են ոչ միայն գենետիկայով, և նաև՝ էպիգենետիկայով, երբ լինում են գենային փոփոխություններ՝ արտաքին գործոնների ազդեցության տակ: Մարդու մոտ գենի աշխատանքը կարող է փոխվել սթրեսի, էկոլոգիայի, սննդի, նստակյաց ապրելակերպի, ճարպակալման հետևանքով և առանց ժառանգական նախատրամադրվածության մարդը կարող է ունենալ դիաբետ»
Մասնագետի խոսքով, պետք է նախ հաշտ լինել մտքի հետ, որ շաքարային դիաբետը կենսակերպ է, իսկ բուժական գործոններից շատ բան է կախված.«Պացիենտը պետք է սկսի ֆիզիկապես ակտիվ լինել, սննդակարգում չունենա ավելորդ դիաբետոգեն մթերք, հիվանդության բարդությունները կարելի է բավականին մեղմացնել չօգտագործելով շաքար պարունակող սնունդ, ըմպելիքներ, քաղցրավենիք՝ կոնֆետներ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, նաև կարտոֆիլ, հաց, յուղոտ սնունդ: Մենք ասում ենք՝ ավելի լավ է չընդունել, բայց եթե կա ցանկություն, թույլ ենք տալիս՝ քիչ քանակությամբ, եթե պացիենտը ինսուլին է ստանում, չի նշանակում, որ ինչ ուզի, կարող է ուտել»:



