500 հազար միանվագ, 50 հազար ամսական․ ինչ կփոխվի ծնողների համար 2026-ից. ժողովրդագիր Zarkerak - 500 հազար միանվագ, 50 հազար ամսական․ ինչ կփոխվի ծնողների համար 2026-ից. ժողովրդագիր
Zarkerak Zarkerak - 500 հազար միանվագ, 50 հազար ամսական․ ինչ կփոխվի ծնողների համար 2026-ից. ժողովրդագիր
500 հազար միանվագ, 50 հազար ամսական․ ինչ կփոխվի ծնողների համար 2026-ից. ժողովրդագիր

500 հազար միանվագ, 50 հազար ամսական․ ինչ կփոխվի ծնողների համար 2026-ից. ժողովրդագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կար ժամանակ, երբ  300 հազար դրամ միանվագ նպաստը  լրիվ բավարար էր երեխայի առաջնային կարիքների համար, բայց  գնաճը և այլ տարբեր գործոններ փոխել են իրավիճակը:  500 հազար դրամը կարծում եմ՝ որոշակի հաշվարկների արդյունքում է ձևավորվել և  լիուլի բավարարելու է   նորածնի համար առաջնային ծախսերին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ժողովրդագիր Արտակ Մարկոսյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին որոշումներից մեկին:

2026 թվականի սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Այսպես՝ գործող օրենքով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պայմանավորված էր երեխայի կարգաթվով. առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում էր 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկնաբանմամբ՝  երեխայի ծնունդով պայմանավորված ծախսերը նույնական են՝ անկախ երեխայի կարգաթվից.«Հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով։ Հատկապես 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում  երեխաներին խնամելու ժամանակ։ Կարծում ենք, որ բոլոր դեպքերի համար պետք է սահմանել 500 հազար դրամ նպաստ»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը։

Փոխարենը՝ որոշում է կայացվել ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագիրը վերածել մշտական պետական նպաստի, որը տրվում է յուրաքանչյուր ամիս երրորդ և հաջորդ երեխային՝ 50 հազար դրամի չափով, մինչև 6 տարեկան: Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել էր 2022-ին և նախատեսվում էր ավարտին հասցնել 2025-ի դեկտեմբերի 31-ին: 

Արդյոք սահմանված 500 հազար դրամը կարող է որոշակիորեն թեթևացնել  երեխայի ծնունդին պատրաստվող ընտանիքի բեռը: Zarkerak.am-ը ֆեյսբուքյան մայրիկների խմբերից մեկում հետաքրքրվել էր, թե վերջիններս մոտավորապես որքան գումար են ծախսում երեխայի ծննդին նախապատրաստվելիս: Եթե փորձենք որևէ միջինացված արժեք վերցնել, ապա դա առնվազն 500 հազար դրամն է ՝ առաջնային պարագաների համար՝ խնամքի պարագաներ,  նորածնի հագուստ, տակդիրներ, լոգանքի պարագաներ և այլն: Այստեղ սակայն պետք չէ ներառել, օրինակ մանկական կահույքը, որոշ դեպքերում մանկասայլակը:  Ըստ պատասխանների՝ ծախսերը կարող են հատել անգամ 1 միլիոն դրամի շեմը: Առանձին թեմա են ծախսերը ծննդատանը, ու թեև ծննդաբերությունը պաշտոնապես անվճար է, կեսարյան  հատման արժեքը կարող է հատել  250 հազար դրամի շեմը,  էպիդուրալ ցավազրկումը, որը վերջին շրջանում է դարձել  անվճար տատանվում էր 40 հազար դրամի սահմանում, իսկ ծննդատան առանձին սենյակներ 20 հազար դրամից մատչելի դժվար է գտնել: 

«Համահարթեցումը ճիշտ էր, առաջին հայացքից թվում է, որ առաջին և երկրորդ երեխաների գումարն ավելանում է, իսկ  3-րդ, 4-րդ և հաջորդ  երեխաների գումարը նվազում, մինչդեռ  3-րդ, 4-րդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցության ծրագիրը երկարացվում է և փաստորեն ընտանիքը ստանալու է ամեն տարի 600 հազար դրամ և այդպես մինչև երեխայի 6 տարեկանը: Մինչդեռ միանվագ տրվող գումարը միանգամից ծախսում են և այն երկարաժամկետ օգուտ չի տալիս: Ցանկալի է՝  ամսական տրամադրվող աջակցությունը լինի ոչ թե մինչև 6  տարեկանը, այլ  12, անգամ՝ 18, հատկապես եթե ընտանիքում կա 4 և ավել երեխա», - նկատեց ժողովրդագիրը:  

Արտակ Մարկոսյանը կարծում է, որ թեև ոչ բոլորը գոհ կլինեն գումարի միանվագ չափից՝ 500 հազար դրամից, բայց այն կարող է ինչ-որ ձևով թեթևացնել ընտանիքների բեռը: Ասում է՝ Հայաստանում այն շատ ավելի բարձր է, քան օրինակ  Ֆրանսիայում, որտեղ կազմում է 900 եվրո.«Բայց շատ ավելի ճիշտ է  բազմազանեցնել աջակցության երկարաժամկետ տեսակները, քան  շատ բարձր միանվագ դրամական նպաստ  տրամադրել՝միանգամից մի քանի միլիոն դրամ:  Հիմա քաղաքականությունը հիմնականում կառուցվում է՝ գումարի տրամադրման շրջանակում, կարծում եմ ավելի լավ է անցում կատարել սոցիալական երաշխիքներին՝ 3 և ավելի երեխա ունեք, ծնողներին կտրամադրվի անժամկետ բժշկական ապահովագրություն կամ  կերաշխավորվի  անվճար խմբակներ հաճախել, բարձրագույն կրթություն ստանալը»:

Հայաստանում  2025-ի հունվար-սեպտեմբերին ծնունդները կազմել են 23 698, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում՝ 24 942:

Ծնունդների անկման մասին մտահոգություններ են հնչում նաև  ոլորտի ներկայացուցիչնրեից: Արդյոք սոցիալական աջակցությունները կարող են ազդել  ժողովրդագրության միտումների վրա.«Օրինակ՝ այս փոփոխոթյունը ծնելիության վրա չեմ կարծում  ազդեցություն չի ունենա,  սա նախատեսված է պարզապես որպես  առաջնային օգնություն»: 

«2014-ին, երբ  3-րդ, 4-րդ երեխաներին միանվագ  դրամական աջակցություն սահմանվեց 1 միլիոն դրամ,  5-րդ և հաջորդ երեխաներին 1,5 միլիոն դրամ որոշակի ազդեցություն ունեցավ իրավիճակի վրա, բայց ժամանակի ընթացքում  այս ծրագրերն էլ կորցնում են իրենց ազդեցությունը և նոր լուծումներ են անհրաժեշտ լինում»:

Մարկոսյանը նաև ընդգծեց, որ ծնելիության առումով այժմ ամենավատ վիճակը  Երևանում է: Նա նշեց, որ գյուղերում չաշխատող մայրերին աջակցության տրամադրման, աշխատողներին կրկնակի տրամադրման ֆոնին՝  ծնելիության  վիճակը բավականին բարելավվել է, ցուցանիշներում հետընթացի հիմնական պատճառը Երևանի պատկերն է.«Արագածոտնի մարզում օրինակ  1000 բնակչի հաշվով 13,7 երեխա է ծնվում, Երևանում՝ 7,9՝ սա խայտառակ ցածր է ու անընհատ նվազում է, բայց  պատճառները ուսումնասիրված չեն, դժվար է հիպոթեզներ առաջ քաշել»,- ասաց Մակոսյանն ու հիշեցրեց, որ  2026-ին ևս սպասվում է ծնունդների նվազում, քանի որ ամուսնական ակտիվ տարիք է մտնում 1990-ականներին ծնված այն մայրական կազմը, որի թիվը բավականին փոքր է և ստացվում է՝ 30 տարի առաջ ձևավորված գործոնները  սկսում են այսօր  դրսևորվել: 

Ծնելիության առումով այժմ ամենավատ վիճակը  Երևանում է, 

Մարիամ Մկրտչյան 

 

25 Նոյեմբեր, 2025 15:50
Վեր