Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Չափազանցված չէ մոտեցումը, որ աղտոտված օդը քաղցկեղի առաջացման ռիսկ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում մթնոլորտային օդի մտահոգիչ իրավիճակին՝ ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Կարմիր գիծն անցել ենք, գուցե արդեն այն փուլում ենք, որ տանից դիմակով դուրս գալու ժամանակն է եկել, Երևանն ընդհանուր առմամբ շատ ծանր վիճակում է էկոլոգիական առումով», - նշում է փորձագետը, սակայն ըստ նրա, խնդրի լրջության ծավալներն ամբողջությամբ չենք հասկանում:
«Արտանետումների մեջ պարունակվում է ածխածնի երկօքսիդ, ածխաթթու գազ, մեթան, այլ գազեր, որոնք «նստում են» մարդու օրգանիզմում, շնչառական օրգաններին, առաջացնում հազ, շնչահեղձություն և հեշտությամբ դուրս չեն գալիս օրգանիզմից: Ընդ որում, օրգանիզմի որ հատվածում մարդը թույլ կամ խոցելի տեղ ունի, սկսում է դրա վրա ազդել՝ ալերգիաներ, բրոնխիալ ասթմա, տուժում են թոքերը, սրվում են սրտի հիվանդությունները, նաև ակտիվում են սուր շնչառական ռեսպիրատիվ հիվանդությունները», - հայտնում է մասնագետն ու զգուշացնում, որ խնդիրները կարող են միանգամից ի հայտ չգալ, այլ տարիների ընթացքում զգացնել տալ:
Ի դեպ, ըստ ԱՀԿ տվյալների, օդի աղոտվածությունը կարող է բերել նաև վաղաժամ մահացությունների, երեխաները, ծերերը, հղի կանայք, քրոնիկ հիվանդություններ ունեցողները թիրախում են:
Վերջին օրերին Երևանում փոշու, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մթնոլորտային օդի վատ որակի մասին այս օրերին խոսում են բոլորը, միչդեռ կենտրոնն ասում է՝ համաձայն կառավարության կողմից սահմանված ցուցանիշների, այն թեև անբարենպաստ է, բայց վտանգավոր չէ: IQAIR կայքում այսօր Երևանի օդի որակը կարմիր գծում է և համարվում է անառողջ:
_1764244743.jpg)
Բնապահպանը նշում է՝ այնպես, չէ որ Երևանի օդի որակի խնդիրը միայն այս վերջին օրերին է վերաբերում, պարզապես ցուրտ ամիսներին բնակլիմայական պայմանները պարարտ հող են մի շարք՝ այդ թվում մարդածին գործոնների վերհանման համար.«Մեծ քանակությամբ անտառներ, պուրակներ վերացել են, շարունակվում են ծառահատումները, ընթանում է քաոտիկ կառուցապատում, կառուցապատողներն իրենց պարտականությունները չեն կատարում, նորմերը չեն պահում, շենքերի բակերը չեն կանաչապատում»:
Ադամյանն առաջարկում է չանտեսել նաև Նուբարաշենի աղբավայրում՝ վերջերս տեղի ունեցած հրդեհը, Հայաստանի անտառներում հրդեհները, տերևների այրումը, որոնք ևս պայմանավորում են այս իրավիճակը:
Նա համամիտ չէ, որ իրավիճակի հիմնական «մեղավորը» եղանակն է և այն, որ ցուրտ ամիսներին օդը «կանգնում է»՝ շարժը դանդաղում է և կուտակված թունավոր նյութերն ավելի երկար են մնում մթնոլորտում.«Դա կարող է մի փոքր տոկոսով գործոն հանդիսանալ: Ունեցել ենք ձմեռներ, որ օդը չի շարժվել, օրերով մառախուղ էր նստում Երևանի վրա, բայց չկար օդի նման աղտոտվածություն»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացրել է, որ առաջիկա 5 օրերին անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, դանդաղեցնելով օդափոխանակությունը՝ հորդորելով չայրել չոր տերևներն ու ընձյուղը:
«Երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, դա մոտ երեքից հինգ անգամ ավելի նվազ վնասակար է։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ ավանդույթային բաներ կան, որոնք սովորական են դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն»,- անդրադառնալով տերևների այրմանը՝ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Սիլվա Ադամյանը ստեղծված իրավիճակում լավատես չէ և համամիտ է կարծիքների հետ, որ ցրտերով պայմանավորված օդի աղտոտվածությունը կարող է էլ ավելի զգալի լինել, գուցե իրավիճակը ինչ-որ չափով փրկեն տեղումները, որոնք կարծես չեն շտապում գալ.«Փոշին, ծուխը մնալու է մթնոլորտում և իրավիճակն ավելի է սրվելու: Իհարկե, այս հարցում դեր է խաղում նաև Երևանի տեղակայումը՝ կիսաանապատային, կիսատափաստանային զոնա է, դրա համար ենք բազմիցս ասել, որ այստեղ պետք է լինեն խիտ ծառեր, բուսականություն»:
Սիլվա Ադամյանը նշում է նաև՝ ապահովագրված չենք, որ ձմռանից հետո իրավիճակը կլավանա՝ հաշվի առնելով վերոնշյալ մարդածին գործոնները՝ համակցված ջերմաստիճանի հնարավոր բարձրացումների և տեղումների բացակայության հետ:


