Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար առավել անվտանգ դարձնելն է, պետության հանձնառությունը՝ այդ առաքելությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ այդ նպատակով արտակարգ իրավիճակներում ձեռք բերված դասերի և միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակվել է Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը՝ ներառելով ծառայության ինստիտուցիոնալ, տեխնիկական և մասնագիտական կարողությունների համալիր զարգացում, ինչպես նաև նոր, օպտիմալ կառույցի ձևավորում՝ բացառելով ՆԳՆ այլ ստորաբաժանումների գործառույթների կրկնությունը։
Հայեցակարգի շրջանակում մինչև ընթացիկ տարվա ավարտը կիրականացվեն Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի, իսկ 2026 թվականին՝ տարածքային ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություններ։ Նախատեսվում է նաև հատուկ սոցիալական և իրավական երաշխիքների սահմանմամբ զարգացնել Փրկարար ծառայության կամավորական համակարգը։ Այդ ուղղությամբ արդեն ձեռնարկվել են գործնական քայլեր․ ներկայումս Հայաստանում գործում են 11 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր, որոնք սպասարկում են 51 բնակավայր։ 67 կամավոր ստացել է փրկարարի որակավորում։
Հենակետերի ստեղծումը համահունչ է ՆԳՆ որդեգրած ռազմավարությանը՝ բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում և կրճատել արձագանքման ժամանակը։ Աշխատանքներ են տարվում նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2026-2027 թվականներին։
Համակարգային բարեփոխումների կարևոր ուղղություններից է արտակարգ իրավիճակներում 24/7 ռեժիմով քաղաքացու կողքին կանգնած փրկարարների աշխատանքային և տեխնիկական պայմանների բարելավումը։ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների 28 հրշեջ-փրկարարական ջոկատների հաշվեկշռում առկա հնամաշ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները կփոխարինվեն նորերով: Ընդհանուր բյուջեն կազմում է 5 մլրդ 668 մլն 515 հազար դրամ․ձեռք կբերվի 91 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա և հատուկ տեխնիկա։
Արդեն մատակարարվել են նոր մարտական հանդերձանքն ու փրկարարական գործիքները, իսկ Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզային ստորաբաժանումների համար 8 հրշեջ և 10 արագ արձագանքման փրկարարական ավտոմեքենայի մատակարարումն ընթացքի մեջ է. ընդհանուր արժեքը կազմել է 710 մլն 365 հազար դրամ։
Ընթանում են Սևանի փրկարարական կայանի, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Առաջիկա օրերին կմեկնարկի շինարարությունը նաև Բաղրամյանում։
Անվտանգ ու հարմարավետ համազգեստը, աշխատանքային գործիքակազմը կարևոր նախապայման են արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու համար: Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման հիման վրա աշխատանքներ են տարվում փրկարար ծառայողների համար ունենալ հրակայուն, լրացուցիչ պաշտպանիչ շերտերով ջրաթափանցակայուն համազգեստ՝ ապահովելով առավելագույն անվտանգություն։
ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է նաև սոցիալական երաշխիքների ապահովման գործընթացը՝ փրկարարական ծառայողների համար ստեղծելով արժանապատիվ պայմաններ։ Այդ համատեքստում շարունակվում է ծառայողների ատեստավորման գործընթացը. այն կարևոր գործիք է մասնագիտական աճի և մոտիվացիայի համար։ Ատեստավորումը զուգակցվում է վերապատրաստումներով, ինչը հնարավորություն է տալիս կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Ատեստավորման նպատակով մինչ օրս դիմել է 1808 ծառայող. 943-ը հաղթահարել է այն։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557 հազար դրամ աշխատավարձ՝ նախկին 297 հազարի փոխարեն։
Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց ազդարարման առավել մատչելի և ներառական կազմակերպում՝ SMS-հաղորդագրություններով և բջջային հավելվածների ծանուցումներով։
Բնակչության օպերատիվ և արդյունավետ իրազեկումն ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել ինտերակտիվ քարտեզներով, անվտանգության ուղեցույցներով, հետադարձ կապի գործառույթներով և գեոլոկացիոն անհատականացված ծանուցումներով հանրային իրազեկման հավելված՝ անկախ համացանցի հասանելիությունից։ Բարեփոխումների շարունակականության տրամաբանության համատեքստում անկյունաքարային է, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ, շուրջ 5 միլիոն եվրոյի ներդրումը, որի մի մասը կուղղվի Փրկարար ծառայության ոլորտի զարգացմանը:
Այսպիսով՝ վերափոխված հայեցակարգով Փրկարար ծառայությունը, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ, օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի՝ շարունակելու է իր առաքելությունը։


