Դաշնակցականներն ուղղակի «հմայում» են իրենց ելույթներով։ Լսում ես նրանց խոսքը՝ ծրագրեր, ցանկություններ, պատկերացումներ… ամեն ինչ կարծես ճիշտ է, գեղեցիկ, հայրենասիրական։ Նրանք խոսում են զարգացման, հզորացման, պետականության ամրապնդման մասին՝ համոզիչ տոնով ու հաստատակամ շեշտադրումներով։ Ճիշտ է՝ չեն բացատրում, թե ինչպես են այդ ամենը իրագործելու, բայց դա կարծես կարևոր էլ չէ։ Կարևորն այն է, որ ասում են «կանեն, ու վերջ»։
Սակայն այստեղ առաջանում է մի մեծ հարց։ Եթե այդքան լավ բան գիտեիք ու ուզում էիք անել, ապա ինչո՞ւ չեք արել այն ժամանակ, երբ իրական հնարավորություն ունեիք։
2000 թվականից մինչև 2018-ը՝ Դաշնակցությունն իշխանության մաս էր։ Կոալիցիաներ էին ձևավորում, շամպայն խմում, խոնհարվում էին նախագահների առաջ, առանցքային նախարարություններ էին ղեկավարում, որոշ ոլորտներում ամբողջական վերահսկողություն ունեին։ Այսինքն՝ ոչ թե տեսական, այլ շատ կոնկրետ լծակներ՝ երկրի նկարագիրը փոխելու համար։ Ի՞նչ ունեցանք այդ երկար տարիների ընթացքում։
Չորս ժամկետ կրթության նախարարական պաշտոնը ղեկավարած կուսակցական ընկեր ունեին, ընկեր Լևոն Մկրտչյանը, բնականաբար, այսօր պետք է արդեն հպարտանային մի շարք հիմնարար բարեփոխումներով։ Բայց փաստերը համառ են։
Լևոն Մկրտչյանի օրոք նոր դպրոցների կառուցում կամ վերանորոգումներ՝ գրեթե չեն եղել։ Բուհական և դպրոցական կոռուպցիան բառի ուղիղ իմաստով վխտում էր։ Ուսուցիչների ընդունելությունը հաճախ արվում էր ոչ թե մասնագիտական որակներին առաջնահերթություն տալով, այլ կուսակցական տոմսերով, կաշառքով կամ բարեկամական կապերով։ Բացի տեսանելի արդյունքներից՝ չկային նաև երկարաժամկետ ռազմավարություններ, որոնք հիմք կդառնային կրթական համակարգի զարգացման համար։
Գյուղատնտեսության, քաղաքաշինության ոլորտներում նույնպես պատկերը հուսադրող չէր։ Այստեղ նույնպես դաշնակցականները մշտական «պորտֆելներ» ունեին։ Գյուղատնտեսությունը շարունակեց մնալ անարդյունավետ, մարդիկ հրաժավում էին հող մշակել, այգի հիմնել, իսկ քաղաքաշինության ոլորտում տարիներ շարունակ չկային այնպիսի նախագծեր, որոնք կարելի կլիներ համարել ռազմավարական կամ հանրային որակը փոխող։ Արդյունքում երկիրը ոչ գյուղատնտեսական ոլորտում դարձավ մրցունակ, ոչ էլ քաղաքաշինական մոտեցումները փոխվեցին՝ ի նպաստ ժամանակակից և կայուն զարգացման։
Այս ամենից հետո դաշնակցականներից այսօր լսում ենք գիտաֆանտաստիկ ծրագրերի ու հեղափոխական լուծումների մասին։ Լսում ենք և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերջին 20 տարում բոլորովին այլ ուժ է եղել իշխանության մաս։ Թեև իրականությունը շատ պարզ է՝ չկա պատասխանատվություն անցյալի և խոսքի արժեքի նկատմամբ։
Եթե տարիներ շարունակ իշխանության լծակները ձեռքերում էին, բայց արդյունքները չկային, ապա այսօր հնչող մեծ ու գեղեցիկ խոստումները բացարձակ վստահություն չեն ներշնչում, որքան էլ որ դրանք գեղեցիկ և հայրենասիրական բառերով փաթաթվեն ու մատուցվեն։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


