Պետք է չթողնել, որ տնտեսական փաստերը վերածվեն որոշ կիսագրագետ գործիքների մանիպուլյացիայի նյութի Zarkerak - Պետք է չթողնել, որ տնտեսական փաստերը վերածվեն որոշ կիսագրագետ գործիքների մանիպուլյացիայի նյութի
Zarkerak Zarkerak - Պետք է չթողնել, որ տնտեսական փաստերը վերածվեն որոշ կիսագրագետ գործիքների մանիպուլյացիայի նյութի
Պետք է չթողնել, որ տնտեսական փաստերը վերածվեն որոշ կիսագրագետ գործիքների մանիպուլյացիայի նյութի

Պետք է չթողնել, որ տնտեսական փաստերը վերածվեն որոշ կիսագրագետ գործիքների մանիպուլյացիայի նյութի

Օրերս հանրային դիսկուրսում լայն արձագանք ստացավ տեղեկատվությունը, ըստ որի հայաստանյան ընկերությունները սկսել ադրբեջանական ծագմամբ վառելիք ներմուծել։ Թեման, որն իր էությամբ պահանջում էր սթափ տնտեսական և համակարգային քննարկում, շատ արագ դուրս եկավ մասնագիտական շրջանակներից և տեղափոխվեց հուզական ու քաղաքականացված դաշտ։

Այդ գործընթացը, սակայն, պատահական չէր։ Այն ակտիվորեն օգտագործվեց այն դերակատարների կողմից, որոնք տարիներ շարունակ փորձում են զգայուն հարցերը վերածել ներքին լարվածության աղբյուրի և այդ կերպ ազդել խաղաղության գործընթացի ընկալման վրա՝ ի շահ արտաքին կենտրոնների։

Այսպես կոչված «հայրենասերները» վաղուց հայտնի մեխանիզմով են աշխատում՝ ցանկացած բարդ կամ զգայուն թեմա՝ լինի դա տնտեսություն, անվտանգություն կամ խաղաղության գործընթաց, միտումնավոր պարզեցնում են մինչև հուզական մանիպուլյացիայի մակարդակ։

Տվյալ դեպքում տնտեսական թեման ներկայացվեց ոչ թե որպես շուկայի տրամաբանությամբ պայմանավորված երևույթ, այլ որպես «դավաճանություն», «ազգային արժանապատվության կորուստ» կամ «թշնամու ֆինանսավորում»։ Նպատակը մեկն էր՝ հասարակական բանավեճը տեղափոխել ռացիոնալ դաշտից դեպի վախի, զայրույթի և ատելության հարթություն։

Հիբրիդային պատերազմի հիմնական գործիքը հենց սա է՝ իրականությունը ներկայացնել խեղաթյուրված, սև-սպիտակ տրամաբանությամբ։ Այդ մոտեցման մեջ չկա տնտեսության, միջազգային հարաբերությունների կամ պետական շահերի հաշվարկ։ Կա միայն մի խնդիր՝ խաթարել վստահությունը, սրել ներքին լարվածությունը և թուլացնել խաղաղության օրակարգի նկատմամբ հանրային աջակցությունը։

Վառելիքի թեման այդ առումով դարձավ հարմար առիթ, քանի որ այն միաժամանակ շոշափում է և՛ անվտանգային հարցը, և՛ սոցիալ-տնտեսական զգայունությունը։

Հատկանշական է, որ այս թեման առավել ակտիվորեն շրջանառվեց հենց այն տեղեկատվական հարթակներում և վերլուծական շրջանակներում, որոնք մշտապես հանդես են գալիս խաղաղության գործընթացի դեմ, սակայն իրենց դիրքորոշումը փաթեթավորում են կեղծ հայրենասիրական բառապաշարով։

Նրանց համար խաղաղությունը ոչ թե ազգային անվտանգության ամրապնդման միջոց է, այլ խանգարող գործոն, քանի որ այն զրկում է ներքին լարվածության վրա կառուցված քաղաքական և տեղեկատվական կապիտալից։

Սակայն տնտեսական իրականությունն այս հռետորաբանության հետ որևէ առնչություն չունի։ Միջազգային առևտուրը գործում է շուկայի կանոններով, ոչ թե պատմական զգացմունքներով։

Վառելիքը, ինչպես բազմաթիվ այլ ապրանքներ, շրջանառվում է բորսաների, միջնորդների և բազմաշերտ մատակարարման շղթաների միջոցով, որտեղ ծագման երկրի քաղաքական ընկալումը հաճախ երկրորդական է։ Այս փաստը ներկայացնել որպես ազգային աղետ՝ նշանակում է կամ չհասկանալ գլոբալ տնտեսության կառուցվածքը, կամ գիտակցաբար մանիպուլացնել հանրային ընկալումը։

Իրական վտանգը տվյալ դեպքում ոչ թե բենզինի ծագումն է, այլ այն, թե ինչպես է այդ թեման օգտագործվում ներքին ապակայունացման համար։ Երբ տնտեսական հարցերը վերածվում են քաղաքական հիստերիայի, շահում են ոչ թե պետությունը կամ հասարակությունը, այլ նրանք, ովքեր շահագրգռված են շարունակական լարվածությամբ, անորոշությամբ և խաղաղության գործընթացի ձախողմամբ։

Հետևաբար, այս քննարկման առանցքային հարցը պետք է լինի ոչ թե հուզական դատապարտումը, այլ հարցադրումը՝ ո՞վ և ինչո՞ւ է շահարկում թեման։ Ո՞ւմ է ձեռնտու, որ հասարակությունը մշտապես ապրի վախի և թշնամանքի օրակարգով։ Եվ ինչպե՞ս է հնարավոր տարբերել իրական ազգային շահը ցուցադրական, բայց դատարկ հայրենասիրությունից։

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ ժամանակակից անվտանգության նույնքան կարևոր բաղադրիչ է, որքան տնտեսական կամ ռազմական կարողությունները։ Իսկ այդ դիմադրողականությունը սկսվում է պարզ բանից՝ չդառնալ հիբրիդային պատերազմի գործիք և չթողնել, որ տնտեսական փաստերը վերածվեն որոշ կիսագրատների մանիպուլյացիայի նյութի։

Մկրտիչ Իսրայելյան

 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

22 Դեկտեմբեր, 2025 17:35
Վեր