Դավոսի ուղերձը․ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս քաղաքական փակ շրջանից Zarkerak - Դավոսի ուղերձը․ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս քաղաքական փակ շրջանից
Zarkerak Zarkerak - Դավոսի ուղերձը․ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս քաղաքական փակ շրջանից
Դավոսի ուղերձը․ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս քաղաքական փակ շրջանից

Դավոսի ուղերձը․ Հայաստանը քայլ առ քայլ դուրս է գալիս քաղաքական փակ շրջանից

Դավոսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «խաղաղության խորհրդի» նոր հարթակի առաջին հանդիպմանը՝ բուռն արձագանք  է առաջացրել Հայաստանում։ Բազմաթիվ և հակասական արձագանքների ինտենսիվությունը ինքնին խոսուն է։ Հարցը միայն կոնկրետ ձևաչափը կամ նախաձեռնության անունը չէ, այլ այն քաղաքական ուղերձը, որը Հայաստանը հղում է արտաքին աշխարհին և՝ ոչ պակաս կարևոր՝ սեփական հասարակությանը։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը ընկալվել է որպես փոքր, ռեսուրսներով սահմանափակ և անվտանգային կախվածությունների մեջ գտնվող երկիր, որի արտաքին քաղաքականությունը մեծապես կանխորոշված է եղել համաշխարհային մեկ կենտրոնի շահերից։Դավոսի այս դրվագը, անկախ դրա ինստիտուցիոնալ նշանակությունից, հենց այդ կաղապարն է կոտրում։ Հայաստանը ներկայանում է ոչ թե որպես գործընթացների օբյեկտ, այլ որպես սուբյեկտ, որը ներգրավված է գլոբալ քննարկումներում և փորձում է իր ձայնը դարձնել լսելի։

Հատկանշական է, որ խոսքը ոչ թե հերթական երկկողմ հանդիպման մասին է, այլ բազմակողմ ձևաչափի, որտեղ ձևավորվում է համաշխարհային քաղաքականության և անվտանգության հարցերի նոր օրակարգ։

Նման հարթակներում ներկայությունը ինքնին քաղաքական կապիտալ է՝ անկախ նրանից, թե կարճաժամկետ կոնկրետ արդյունքներ կլինեն, թե ոչ։

Փոքր պետությունների համար նման հնարավորությունները հաճախ ավելի կարևոր են, քան մեծ պետությունների հետ փակ դիվանագիտական շփումներ, քանի որ դրանք ընդլայնում են ընտրության դաշտը և նվազեցնում մեկ կենտրոնից կախվածության աստիճանը։

Հայաստանում արձագանքների բևեռացվածությունը նույնպես սպասելի էր։ Մի հատվածի համար սա ինքնիշխան արտաքին քաղաքականության առաջին տեսանելի պտուղներից է՝ փորձ դուրս գալու ավանդական կախվածությունների շրջանակից և կառուցելու բազմավեկտոր հարաբերություններ։ Մյուսների համար՝ ռիսկային քայլ, որը կարող է լարվածություն ստեղծել ավանդական գործընկերների հետ։

Սակայն հենց այս բանավեճն է վկայում փոփոխության մասին։ Հայաստանն այլևս չի դիտարկում արտաքին քաղաքականությունը որպես տեխնիկական կամ պարտադրված գործընթաց, այլ՝ որպես քաղաքական ընտրությունների դաշտ։

Կարևոր է նաև Դավոսի համատեքստը։ Դավոսը վաղուց դադարել է լինել միայն տնտեսական ֆորում, այն դարձել է գաղափարների, ազդակների և ապագա քաղաքական միտումների ձևավորման վայր։

Այստեղ ներկայանալը նշանակում է խաղալ ավելի բարձր լիգայում՝ թեկուզ սահմանափակ ռեսուրսներով։ Հայաստանի մասնակցությունը նման քննարկումներին ազդակ է միջազգային դերակատարներին, որ երկիրը պատրաստ է խոսել ոչ միայն իր խնդիրների, այլ նաև ընդհանուր լուծումների մասին։

Այս ամենը, իհարկե, դեռ չի նշանակում, որ Հայաստանը վերջնականապես դուրս է եկել քաղաքական մեկուսացումից կամ հաղթահարել է բոլոր կախվածությունները։ Սակայն սա արդեն շարժում է այդ ուղղությամբ։

Ինքնիշխան արտաքին քաղաքականությունը չի ծնվում մեկ հայտարարությամբ կամ մեկ հանդիպումով, այն ձևավորվում է քայլ առ քայլ, երբ պետությունը սկսում է իր ներկայությունը հաստատել տարբեր հարթակներում և ընդլայնել գործընկերների շրջանակը։

Դավոսի այս դրվագը կարելի է դիտարկել հենց այդ ճանապարհի մի կարևոր հանգրվան։ Այն ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է վերասահմանել իր տեղը աշխարհում՝ ոչ թե որպես մշտապես օգնություն կամ պաշտպանություն փնտրող երկիր, այլ որպես խաղացող, որն ունի իր օրակարգը և պատրաստ է այն ներկայացնել միջազգային մակարդակում։ Եվ անկախ ներքին քաղաքական գնահատականներից, սա մի գործընթաց է, որը երկարաժամկետ առումով կարող է փոխել երկրի քաղաքական ինքնաճանաչումն ու արտաքին դիրքավորումը։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

23 Հունվար, 2026 11:14
Վեր