Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հարրի Փոթերը և փլիսոփայական քարը», «Պինոկյո», «Փոքրիկ ջրահարսը․ Disney արքայադուստրերը», «Ջունգլիի գիրքը: Մաուգլի պատմություն», «Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը»,«Մաթիլդա», «Չարլին և շոկոլադի գործարանը», Գրիմ եղբայրների «Հեքիաթներ»: Այս տարի մանկական գրականության շարքում այս գրքերն ամենապահանջվածն են:
Բուկինիստից Zarkerak.am-ին հայտնեցին, որ հայ հեղինակներից բեսթսելլեր են Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը», «Կարմիր մոլորակը», «Եգիպտոսի կախարդանքը» , Եվգենյա Էվոյանի «Գազարագույն զատիկի կորած կետիկները», Հովհաննես Թումանյանի «Խոսող գիրք: Շունն ու կատուն», «Սասունցի Դավիթ», «Հեքիաթներ» գրքերը:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն 15 տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Գրող Դավիթ Սամվելյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ժամանակի ընթացքում հասկացել է, որ Հայաստանում կա՛մ կարդում են դպրոցահասակները՝ այն էլ ոչ ավագ դպրոցում, կա՛մ երիտասարդները, իսկ 35 տարեկանից բարձրերը հակված չեն շատ գրքեր կարդալ:
Ընդհանուր առմամբ անդրադառնալով գիրք կարդալու մշակույթին՝ նա նշեց.«Հիմնականում կարդում են թեթև գրքեր, որտեղ բովանդակության մեջ սյուժեն է ավելի շատ գերիշխում, ժամանցային առումով շատ նորմալ է, բայց թե որքանով է անձի զարգացման վրա ազդեցություն թողնում, ժամանակը ցույց կտա: Փաստը ցույց է տալիս, որ գրաշուկայում ավելի լուրջ գրականությունն ավելի քիչ պահանջարկ է վայելում, քան թեթև գործերը՝ պարզ պատմությունները, կլինի ռոմանտիկ, թե դեկետիվ: Դա բնական է, երբ դպրոցական տարիքում կարդում ես հեքիաթներ, պատմական, արկածային, դասական գրականություն, արդեն բազա ունես ունես ու կարծես սննդի պես ՝ աստիճանաբար կարողանում ես «կոշտ» սնունդն ընդունել, բայց երբ այդ ֆունդամենտը չկա, կարող ես ինչ-որ լուրջ գիրք վերցնել, չկարողանալ հասկանալ, թե ինչի մասին է կամ ինչ է ուզում ասել հեղինակը և ինքը դա բնորոշի որպես վատ գիրք»:

Դավիթ Սամվելյան
Սամվելյանի խոսքով՝ այսօր մեր հանրության համար հրատարակչությունները ստեղծում են բոլոր պայմանները, որ գրքի հետ շփումը հնարավորինս հաճելի լինի.«Գրքի մասին ինչքան խոսեն, լավ է: Երբ հաճախ բողոքում են, որ գիրքը թանկ է, փառատոնները, զեղչերը հնարավորություն են տալիս բազմաթիվ գրքեր մատչելի ձեռք բերել: Հատկապես լավ կլիներ, որ գրադարաններում գրքերն ավելի շատ լինեին ու նոր լույս տեսնող գրքերը ավելի շուտ հայտնվեին այնտեղ»:



