Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ավելի շատ տարածված է գիրք նվիրելու և գիրք գնելու մշակույթը, ցավոք, ոչ բոլոր նվիրված և ձեռք բերված գրքերն են ընթերցվում: Գիրքը ինտելեկտուալ նվեր է, բայց որ նայում ենք ինչ են կարդում ու ինչ են նվիրում...»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է գրող, «Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտ» գրքերի հեղինակ Դավիթ Սամվելյանը:
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրն է: Դավիթ Սամվելյանի կարծիքով՝ գիրք նվիրելն այդքան էլ հեշտ գործ չէ.«Պիտի ճանաչես մարդն ինչ է սիրում, ինչ մակարդակի վրա է նրա ընթերցանությունը, որ նոր կարողանաս որոշել՝ ինչ նվիրել»:
Սամվելյանի խոսքով՝ այսօր մեր հանրության համար հրատարակչությունները ստեղծում են բոլոր պայմանները, որ գրքի հետ շփումը հնարավորինս հաճելի լինի.«Գրքի մասին ինչքան խոսեն, լավ է: Երբ հաճախ բողոքում են, որ գիրքը թանկ է, փառատոնները, զեղչերը հնարավորություն են տալիս բազմաթիվ գրքեր մատչելի ձեռք բերել: Հատկապես լավ կլիներ, որ գրադարաններում գրքերն ավելի շատ լինեին ու նոր լույս տեսնող գրքերը ավելի շուտ հայտնվեին այնտեղ»:
Ասում է՝ ժամանակի ընթացքում հասկացել է, որ Հայաստանում կա՛մ կարդում են դպրոցահասակները՝ այն էլ ոչ ավագ դպրոցում, կա՛մ երիտասարդները, իսկ 35 տարեկանից բարձրերը հակված չեն շատ գրքեր կարդալ:
Ինչ վերաբերում է ընթերցվող գրականությանը, նրա կարծիքով թեև ճաշակին ընկեր չկա, բայց մարքեթինգն իր գործն անում է, միաժամանակ այդ նույն մարքեթինգային գործիքներն օգնում են ժամանակակից գրողներին՝ հասնել իրենց լսարանին.«Եթե համեմատենք տարիներ առաջվա հետ, բնականաբար, այսօր գովազդվելու առումով շատ գործիքներ կան: Նաև դրանով է պայմանավորված, որ մարդիկ ընտրում են և՛ այն գրքերը, որոնց մասին բոլորն են խոսում, և որոնց հեղինակները հայտնի են՝ նաև սոցիալական հարթակների միջոցով: Կարծում եմ՝ դրա համար էլ այսօր սկսել են շատ կարդալ հայ ժամանակակից գրականություն: Մինչդեռ կան ժամանակակից մեծահասակ գրողներ, որոնք այս գործիքներից հեռու են, նրանց տեղը, այսպես ասած, չգիտեն, բայց իրոք շատ լավ հեղինակներ են»:
«Հիմնականում կարդում են թեթև գրքեր, որտեղ բովանդակության մեջ սյուժեն է ավելի շատ գերիշխում, ժամանցային առումով շատ նորմալ է, բայց թե որքանով է անձի զարգացման վրա ազդեցություն թողնում, ժամանակը ցույց կտա: Փաստը ցույց է տալիս, որ գրաշուկայում ավելի լուրջ գրականությունն ավելի քիչ պահանջարկ է վայելում, քան թեթև գործերը՝ պարզ պատմությունները, կլինի ռոմանտիկ, թե դեկետիվ: Դա բնական է, երբ դպրոցական տարիքում կարդում ես հեքիաթներ, պատմական, արկածային, դասական գրականություն, արդեն բազա ունես ունես ու կարծես սննդի պես ՝ աստիճանաբար կարողանում ես «կոշտ» սնունդն ընդունել, բայց երբ այդ ֆունդամենտը չկա, կարող ես ինչ-որ լուրջ գիրք վերցնել, չկարողանալ հասկանալ, թե ինչի մասին է կամ ինչ է ուզում ասել հեղինակը և ինքը դա բնորոշի որպես վատ գիրք:
Կարծում եմ՝ պարտադիր է կարդալ ժամանակից գրականություն՝ թեկուզ կարդաս հիասթափվես, բայց պետք է իմանաս թե քո ժամանակակիցը, ոնց է տեսնում այն իրականությունը, որում ինքդ ապրում ես»,- նկատում է նա:
Դավիթ Սամվելյանը թեև ողջունում է գիրք կարդալու բոլոր տարբերակները, բայց նաև մտահոգություններ ունի.«Շատ ինդիվիդուալ հարց է, մեկը սիրում է գիրքը բռնել կարդալ, մյուսը՝ լսել, մեկ ուրիշը՝ էլեկտրոնային եղանակն է նախընտրում: Հայաստանում եթե ասում են էլեկտրոնայի գիրք՝ մեծամասնությունը հասկանում է անվճար, և այդ անվճարը հիմնականում անլեգալն է, դրան զուգահեռ՝ շատ վատ որակի: Իմ կարծիքով՝ գիրքն էլեկտրոնային տարբերակով պետք է լինի ավելի մատչելի, քանի որ հրատարակչական, տպագրական ծախսերը դուրս են գալիս: Կան որոշ հարթակներ, որտեղ կարող են չնչին գումարով վճարովի ընթերցել, բայց, ցավոք այդ մշակույթը մեզ մոտ չկա՝ իսկ դա դիմացինի աշխատանքը հարգելու մշակույթն է»:

Լինելով լավ վաճառքներ ապահոված գրքերի հեղինակ՝ Դավիթ Սամվելյանից հետաքրքրվում ենք՝ հնարավո՞ր է միայն գրքերի վաճառքից ստացված եկամուտով ապրել Հայաստանում.«Քանի որ շատ հայ գրողներին եմ ճանաչում, վստահորեն կարող եմ ասել՝ գրողների 90 տոկոսը ստեղծագործելիս ի սկզբանե իր դիմաց ինչ-որ բիզնես պլան չի դնում՝ 5000 օրինակ վաճառելու կամ ֆինանսական օգուտ ունենալու մասով: Իրապես ստեղծագործող մարդը չի կարող չգրել: Բայց կան ցուցանիշներ, ըստ որի ցանկացածն էլ կարող է հաշվարկ անել՝ միայն գրելով հնարավոր է ապրել, թե ոչ: ՀՀ-ում լավագույն դեպքում տարվա մեջ որոշ բացառություններով վաճառվում է հայ հեղինակի 1000 գիրք: Սահմանված գնի 40 տոկոսը հրատարակչությունը տալիս է գրախանութին, մնացած գումարից էլ ընդամենը 10-15 տոկոս գումար է հասնում հեղինակին»:
Դավիթ Սամվելյանը վստահ է, որ գրաքննությունից զերծ 21-րդ դարում գրողի առաջին քննադատը հենց ինքն է.«Ինձ համար գրականությունն ազատություն է, բայց ամեն գրող պետք է սահման դնի իր առաջ, թե իր գրականությամբ ինչ ես քարոզում»:
Դե իսկ գիրք նվիրելու օրվա շրջանակում առաջարկում է գիրք ընտրելիս անտարբեր չանցնել իր ֆավորիտների կողքով.«Հայկական էպոս՝ այն բախտավոր ազգերից ենք, որ ունենք ազգային էպոս: Եթե հոգևոր գրականության մեջ դիտարկենք Գրիգոր Նարեկացու «Մատյան» ողբերգությունը»: Նաև խորհուրդ կտամ ընտրել Սենեկայի «Նամակներ Լուցիլիուսին բարոյական կյանքի մասին» գիրքը»:



