Ընտրություններին մասնակից 8 քաղաքական ուժ ստորագրել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթը Zarkerak - Ընտրություններին մասնակից 8 քաղաքական ուժ ստորագրել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթը
Zarkerak Zarkerak - Ընտրություններին մասնակից 8 քաղաքական ուժ ստորագրել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթը
Ընտրություններին մասնակից 8 քաղաքական ուժ ստորագրել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթը

Ընտրություններին մասնակից 8 քաղաքական ուժ ստորագրել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում մայիսի 22-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է ներառական քաղաքականությունների հանձնառության փաստաթուղթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպել էր «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ներառումը քաղաքական օրակարգերում և նախընտրական ծրագրերում։

Ինչպես  տեղեկացնում են «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն»-ից, Հայաստանում ներկայում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 153,129 անձ, որոնց մեծամասնությունն ունի ընտրության իրավունք, սակայն նրանց խնդիրները գրեթե արտացոլված չեն խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ծրագրերում։ Քաղաքական գործընթացներում ներառականության ապահովումը դիտարկվում է որպես ժողովրդավարության կարևոր նախապայմաններից մեկը։

Մինչ հանդիպումը «Ագաթ» ՀԿ-ն վեր էր հանել հաշմանդամություն ունեցող անձանց հրատապ լուծում պահանջող խնդիրները և մշակել առաջարկությունների փաթեթ, որին միացել են 26 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, միջազգային գործընկերներ և անհատներ՝ ընդգծելով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Այս փաթեթն ուղարկվել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հանձնառության փաստաթղթի հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները, որոնք վերաբերում են ներառական կրթությանը, առողջապահական համակարգին, անգործունակության ճանաչման խնդիրներին, զբաղվածությանը և բռնության կանխարգելմանը՝ մասնավորապես մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հնարավորություն է տրվել ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերում ներառված դրույթները հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման վերաբերյալ։

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի ամենամեծ փոքրամասնության խնդիրներն ու կարիքները շատ քիչ են արտացոլված քաղաքական ուժերի օրակարգերում։

«Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք, մանավանդ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները, թիրախավորվում են քաղաքական ուժերի կողմից, նաև օգտագործվում է նրանց սոցիալական խոցելիությունը քաղաքական նպատակներով։ Մեր նպատակն է, որ հաշմանդամություն ունեցող ընտրողները կարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը, նրանց ձայնը լսելի լինի, իսկ ծրագրերն ու վերջիններիս վերաբերյալ որոշումները մշակվեն խոհրդակցելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ, որպեսզի որոշումները լինեն թիրախային և բովանդակալից։ Հույս ունենք, որ այս հանդիպումից հետո կուսակցություններն ու դաշինքները եզրահանգումներ կանեն՝ փոխել գործելակերպը, իսկ մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպություններս, կլինենք ավելի զգոն և կկատարենք աշխատանքներ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չդառնան ապատեղեկատվության զոհ ու կատարեն գիտակցված ընտրություն»,- նշել է Կարինե Գրիգորյանը։

Նախաձեռնությանը միացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ռեֆորմիստների» կուսակցությունը, « Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը,  «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Մայիսի 8-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

 

23 Մայիս, 2026 18:04
Վեր