Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Ներդրվել է հայտարարագրերի ինքնաշխատ ներկայացման համակարգ, մասնավորապես՝ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող է նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրն այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված»,-Կառավարության նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ սահմանվել է, որ հայտարարագրման ենթական չեն ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները. «Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները: Նախատեսվել է, որ Կառավարությունը կարող է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա այլ եկամուտների տեսակներ կամ շեմեր, այս դեպքում խոսքը ոչ ընտանիքի անդամներից ստացվող եկամուտների մասին է: Առաաջրկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր: Առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը և դրամական միջոցները»:


