Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից: Մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ՝ ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետև երբ խորանում եմ դեպքերի մեջ, սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ սա վկայում է, որ հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ կան․ «Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, որոնք կարող են որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել և տեսնել, թե արդյոք կան ինչ-որ կրկնվող հատկանիշներ: Ենթադրենք իքս թվով ինքնասպանություն կա, կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած զինվորների կյանքում նույնն է՝ սկսած ընտանեկան վիճակից: Վերջին դեպքի հետ կապված ինչքանով ինձ զեկուցել են՝ զորամասում խնդիր չի եղել, 2 օր առաջ զինվորը թույլտվություն է վերցրել և այցելել հարազատի գերեզմանին, որը ըստ մեր տվյալների՝ նույնպես ինքնասպանություն է գործել և ինքն էլ նամակ է գրել ու ինքանսպանություն գործել։ Ես միևնույն է կարծում եմ, որ դրանք կապված են հոգեբանական դիմակայունության հետ»:
Փաշինյանը նաև նկատեց․ «Մենք երեխային տասը տարի պահում ենք 40-50 շրջանակում, հետո իրեն բաց ենք թողնում 7 միլիարդ աշխարհ՝ ապրելու։ Մենք նեղ, կղզիացած երեխաներին պահում ենք այդտեղ, հետո վախ ենք ստեղծում իրենց մեջ մեծ աշխարհ դուրս գալու։ Դեպքեր ենք ունեցել, որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել։ Վերջին դեպքում զինվորը նամակ է գրել և գրել է, որ զորամասում խնդիր չունի ու այդ արարքը գործել է»։


