Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման հերթական դեպքերն են գրանցվել։ Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում՝ ջրատարի մոտ։ Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, փամփշտատուփեր։
Ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնվել նաև Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Վերին Երզնկա- Ծաղկավանք ճանապարհին։ Քրեական ոստիկանները քաղաքացու նշած հատվածում՝ ջրատարի մեջ, հայտնաբերել են դիպուկահար հրազեն, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի 51 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվում են։


