Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունիսի 7-ին, Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած 4 անձանցից մեկը՝ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի որդին է եղել՝ Տիգրան Հարությունյանը։ Մեքենայում եղել է նաև Մարատ Հարությունյանի եղբոր ընտանիքը։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին «Գորիսի Բժշկական կենտրոն»-ից։
Վթարից մեկ անձ տուժել է, ով Մարատ Հարությունյանի եղբոր աղջիկն է՝ 17 տարեկան։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծայրահեղ ծանր, և «Գորիսի Բժշկական կենտրոն»-ից տեղափոխել են Երևան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։ Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց մարմինները հայտնաբերվել են դրսում, տեղում մահացել են, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։


