Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ընտրակեղծարարները բնավորություն ունեն նախապատրաստելու գործընթացները, իսկ կաշառքները բաժանելու վերջին օրերին և վերջին ժամերին: Պնդումն այն մասին, որ իրավապահներն այդ ամենը թողել են վերջին պահին՝ ճիշտ չէ, որովհետև լսել ենք տասնյակ ձայնագրություններ, որոնք հանդիսացել են ձերբակալությունների և կալանքների հիմք»,-հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի տասնյակ գործ կա հարուցված, 200 ձերբակալված անձ կա. «Բոլոր այս թվերը, եթե դնում ենք իրար կողք, դա վկայում է այն մասին, որ պնդումը, թե մենք թողել ենք այս ամենը վերջին պահին՝ իրականությանը չի համապատասխանում: Նման պնդումներ անում են քաղաքական ընդդիմախոսները, որովհետև ակնհայտ է, որ և՛ մթնոլորտը, և՛ սոցիոլոգիական հարցումները, որոնք ունենք՝ վկայում են այն մասին, որ իրենց վիճակը նախանձելի չէ, իրենք իրենց պարտության հիմքերն են փորձելու գտնել ամբողջ այս քարոզչական ապատեղեկատվության հորձանուտի մեջ»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հավելեց. «Մենք փորձում ենք խաթարել ընտրակաշառքի միջոցով իշխանության զավթման փորձը, թույլ չենք տալու վերադարձ նախկին արատավոր բարքերին»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով էլ աննախադեպ աշխատանք է տարվել ՀՀ իրավապահ մարմինների կողմից. «Որքան հասկանում ենք՝ այս պահին «Ուժեղ Հայաստան»-ից ընտրակաշառքի համար չեն ձերբակալվել երևի 7-8 հոգի ու դրանցից մեկն ասուլիս է տալիս, ասում է՝ ՔՊ-ի վստահված անձը քարտեզով մտել է ընտրատեղամաս, ժողովուրդ ջան սա լուրջ չի: Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, ովքեր գտնում են, որ իրենց ձայնը, արժանապատվությունը, հայրենիքը փողով վաճառքի ենթակա չի, հենց հիմա վեր կենան ու գնան ընտրատեղամաս ու թույլ չտան, որպեսզի իր երեխաների ապագան որոշեն մարդիկ, ովքեր պատրաստ են սեփական հայրենիքը ծախել 40 հազարով, 150 հազարով: Որոշողը դուք եք, ոչ թե ընտրակաշառքով քվեարկողները կամ ՌԴ-ից եկողները»:


