Որքանո՞վ են իրատեսական ԱՄՆ-Իրան փոխհամաձայանգրի դրույթները՝ ըստ Արմեն Պետրոսյանի Zarkerak - Որքանո՞վ են իրատեսական ԱՄՆ-Իրան փոխհամաձայանգրի դրույթները՝ ըստ Արմեն Պետրոսյանի
Zarkerak Zarkerak - Որքանո՞վ են իրատեսական ԱՄՆ-Իրան փոխհամաձայանգրի դրույթները՝ ըստ Արմեն Պետրոսյանի
Որքանո՞վ են իրատեսական ԱՄՆ-Իրան փոխհամաձայանգրի դրույթները՝ ըստ Արմեն Պետրոսյանի

Որքանո՞վ են իրատեսական ԱՄՆ-Իրան փոխհամաձայանգրի դրույթները՝ ըստ Արմեն Պետրոսյանի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի  և Իրանի ստորագրած փաստաթուղթը ունի շատ կարևոր քարոզչական ու քաղաքական բաղադրիչ։  Այս մասին  «Զարկերակի» հետ զրույցում ասաց  արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին երկու երկրների միջև փետրվարի 28-ից սկսված պատերազմը ավարտող փաստաթուղթը, որը հայտնի է որպես «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիր»։

14 կետից բաղկացած փաստաթուղթը Թրամփը ստորագրեց Վերսալում՝ «Մեծ յոթնյակի» )G7( գագաթնաժողովից հետո ֆրանսիական կողմի կազմակերպած ընթրիքի ժամանակ։ Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ներն էլ հրապարակեցին Մասուդ Փեզեշքիանի կողմից փաստաթղթի ստորագրման կադրերը։

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ը և Իրանը, ինչպես նաև այս պատերազմում նրանց դաշնակիցները (ԱՄՆ կողմից Իսրայելը, Իրանի կողմից շիայական ռազմականացված խմբավորումները, ինչպիսիք են «Հեզբոլլահը» Լիբանանում, «Անսար Ալլահը» Եմենում, «Հաշդ ալ-Շահաբին» Իրաքում և այլն), հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։ Բացի այս՝ կողմերը պարտավորվում են նաև անցնել 60-օրյա բանակցությունների՝ հակամարտությունը վերջնականապես կարգավորելու համար։

Հաջորդ կարևոր կետերը արդեն վերաբերվում են Իրանի կողմից Հորմուզի նեղուցը բացելու պարտավորությանը և ԱՄՆ կողմից իրանական նավահանգիստների ապաշրջափակմանը։  Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ ի տարբերություն մյուսների՝ վերոնշյալ երկու կետերը կյանքի կոչման տեսանկյունից առավել իրատեսական են, որոնցով փաստացի ֆիքսվում է նախապատերազմյան իրավիճակին վերադարձը։

Բանախոսը իրատեսական է գնահատում նաև այն կետը, որի համաձայն ԱՄՆ-ը պարտավորվում է հեռացնել իր ուժերն Իրանի մերձակայքից, որը բխում է հրադադարի ֆիքսման մասին կետից։ Սա, ըստ արևելագետի, վերաբերվում է Իրանի հարակից ջրային տարածքներում մինչ պատերազմը ԱՄՆ կուտակած ռազմածովային ուժերին և որևէ կերպ չի կարող վերաբերվել տարածաշրջանի արաբական երկրներում տեղակայված ամերիկյան զինված ուժերին։

Փաստաթղթի մեկ այլ կարևոր կետի համաձայն ԱՄՆ-ն պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր, որը կուղղվի Իրանի վերակառուցմանը և տնտեսական զարգացմանը:  Հարցին, թե արդյոք 300 մլրդ ԱՄՆ-ի պարտավորվածությունը Թեհրանը չի ներկայացնի որպես ռեպարացիա (փոխհատուցում) և Վաշինգտոնի պարտություն, բանախոսը նշեց «Իրանական կողմը նշելու է, որ դա ռեպարացիա է, սակայն այս կետի իրականացման իրատեսականությունը գնահատում եմ բավականին ցածր։ Չեմ բացառում, որ այդ կետը փաստաթղթում ներգրավվել է իրանական կողմի պահանջով, որովհետև իրանական կողմը ի սկզբանե բանակցություններից առաջ պատերազմի հետևանքների վերացման մասին պահանջներ էր առաջ քաշում, և գուցե դա բավարարելու համար այդ կետը մտցրել են։ Սրա իրատեսականությունը այնքան էլ մեծ չէ»։

Հուշագրի հաջորդ կետերն արդեն վերաբերվում են պատերազմի հիմնական պատճառ հանդիսացած Իրանի միջուկային ծրագրերին։ Փաստաթղթի համաձայն Թեհրանը վերահաստատում է, որ միջուկային զենք ձեռք չի բերի և չի մշակի, իսկ հարստացված ուրանի ոչնչացման հարցը կկարգավորվի փոխադարձ համաձայնեցված մեխանիզմով, որը կմշակվի Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության հսկողության ներքո։ 

Բանախոսի կարծիքով չնայած Իրանի միջուկային ծրագրին վերաբերվող նշյալ կետերը նույնպես իրատեսական չեն, սակայն կողմերը փաստացի պատրաստ են հետագա 60 օրվա ընթացքում բանակցել, ինչպես դրա, այնպես էլ պատերազմի պատճառ հանդիսացած այլ հարցերի շուրջ։ Ըստ Պետրոսյանի՝ շատ ավելի կարևոր կլինի այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված երկրորդ փաստաթուղթը։

 

 

19 Հունիս, 2026 14:12
Վեր