SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում Zarkerak - SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում
Zarkerak Zarkerak - SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում
SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում

SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում և Գյումրիում հունիսի 22-28-ը կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 

Փառատոնի գործունեության հինգ տարիների ընթացքում ակնհայտ է դարձել Հայաստանում ժամանակակից պարի հանդեպ հետաքրքրության աճը, ինչպես նաև ժամանակակից պարային բեմադրությունների ներառումը պետական կարևոր մշակութային միջոցառումներում և պարողների ու բեմադրողների թվի ավելացումը։

2025-ին մեկնարկած SumMeet4Kids ծրագիրը այս տարի կանցկացվի Գյումրիում՝ ներգրավելով մանկական և պատանեկան տարիքի պարողներին Արթուր Գալիմուլինի (Ղազախստան) և Մաքսիմ Մինկոյի (Ռուսաստան) ղեկավարմամբ։ Աշխատարանների ընթացքում ստեղծված ներկայացումը կցուցադրվի Գյումրիում։ Երեխաները կմասնակցեն վարպետաց դասերի և կներկայացնեն իրենց աշխատանքները։ 

Հունիսի 23-ին տեղի կունենա երկու պրեմիերա․ Սանկտ Պետերբուրգի «Կաննոն դանս» ժամանակակից թատրոնը կներկայացնի «Ֆրեյա. Սիրո պարադիգմը» (Լիլիթ Հակոբյան, Գերմանիա) և «Թիթեռ» (Յո Ստրոմգրեն, Նորվեգիա) ներկայացումները։

«Ֆրեյա. Սիրո պարադիգմը» Լիլիթ Հակոբյանի նոր աշխատանքն է, որտեղ սերը դառնում է ոչ թե զգացմունք, այլ ուժ՝ Վտանգավոր, Փրկող, Հեղափոխական։ Ի՞նչ է սերն այսօր։ Քնքշություն, թե՞ զենք։ Փրկություն, թե՞ մարտադաշտ։ Վախի, օտարացման և կործանման աշխարհում սիրելու ունակությունն ինքնին դառնում է դիմադրության ակտ։ Իր հերթին  «Թիթեռ»-ի հեղինակ նորվեգացի պարուսույցի պարային լեզուն չի հնազանդվում բանավոր նկարագրության: Ինտուիցիան, խորաթափանց հումորը և անսպասելի սյուժեներ ստեղծելու ունակությունը՝ սրանք այս համաշխարհային ճանաչում ունեցող վարպետի եզակի ձեռագրի վկայություններից են։

Նախատեսված է «Հայկական պարադիտում» (Armenian Showcase) ծրագրի ներկայացում, որը տեղի կունենա հունիսի 27-ին Փոքր թատրոնի, իսկ հունիսի 28-ին՝ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի բեմերում:

«Կինոպար» նախագծի շրջանակներում կցուցադրվեն միանգամից երեք՝ «Կոմիտասի երգերը», «Ի լույս հազար» և «Աշերա» ֆիլմերը։ 

«Կոմիտասի երգերը» ֆիլմ-ներկայացումը նկարահանվել է Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Սևանա լճում և լեռներում: Ֆիլմը թվայնացվում է ժապավենից: 

 «Ի լույս հազար»-ը ֆիլմ-ներկայացում է մարդու ներքին պայքարի, բնության անբացատրելի ուժերի և ինքն իրեն գտնելու ճանապարհի մասին։ Երբ մարդը բախվում է իր սահմաններին, կորցնում է իր իրական դիմագիծը և հայտնվում սեփական վախերի ու բնազդների ազդեցության տակ, սկսվում է ամենակարևոր պայքարը՝ պայքարը ինքն իր հետ։ Բազմաթիվ մոլորված ճանապարհների մեջ նա փնտրում է միակ ուղին՝ դեպի լույս։

Փառատոնի ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև մեկանգամյա հատուկ ցուցադրությունը՝ հիմնված Միխայիլ Կորոլի «Սուրբ Աշերայի երգերը» պոեմի վրա։ Ստեղծագործությունը վերաիմաստավորում է մոնոթեիզմի ձևավորումը հին Քանանում, իսկ բեմական տարբերակում, որի խորեոգրաֆն է Աննա Օզերսկայան, պատմությունը ներկայացվում է որպես զգայական և հակասական ալեգորիա՝ հավասարակշռելով իռոնիան և անկեղծությունը։ Ներկայացման մեջ ներգրավված են 12 միջազգային պարողներ, նկարահանումները իրականացվել են Շվեդիայում, իսկ երաժշտական հիմքում գտնվում է Լեոնիդ Ֆեոդորովի և Իգոր Կրուտոգոլովի «Աշերա» ալբոմը։ 

Փառատոնի նպատակն է՝ խթանել ժամանակակից պարի կայուն զարգացումը Հայաստանում՝ միջազգային համագործակցության, կրթական ծրագրերի և մշակութային տարածքների հասանելիության ընդլայնման միջոցով՝ հատկապես ներգրավելով պատանի ստեղծագործողներին, երիտասարդ պարողներին և տարածաշրջանային համայնքները։

19 Հունիս, 2026 14:19
Վեր