ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է. Միրզոյան Zarkerak - ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է. Միրզոյան
Zarkerak Zarkerak - ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է. Միրզոյան
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է. Միրզոյան

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն է. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հանդիպման արդյունքներով կայացել է համատեղ մամուլի ասուլիս:

Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է.

«Ձերդ գերազանցություն նախարար Բայբա Բրաժե,

Հարգելի՛ գործընկերներ,

Առանձնահատուկ հաճույք է այսօր լինել Ռիգայում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի իմ նոր կարգավիճակով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ ընդգծել, որ նախարար Բրաժեի հետ մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Այսօր ևս մենք բովանդակային քննարկումներ ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային հարցերի, Հայաստան–ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

Վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է կառուցել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, բարեկամության ու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։ Հայաստանն ու Լատվիան գործընկերներ են՝ միավորված ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղության հանձնառությամբ։

Մեր այսօրվա քննարկումների առանցքում էր տնտեսական համագործակցության ընդլայնումը և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Մենք համակարծիք ենք, որ կարևոր է մեր ամուր քաղաքական երկխոսությունը վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների՝ ավելի խթանելով երկկողմ առևտուրը, խրախուսելով ներդրումները և սերտ կապեր հաստատելով մեր գործարար համայնքների միջև։

Այս համատեքստում ես իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնեցի նախարար Բրաժեին՝ Լատվիայի շուկա հայկական որոշ ապրանքների հրատապ արտահանման դյուրացման հարցում նրա արագ արձագանքի և աջակցության համար։ Այս գործնական աջակցությունը մեծապես գնահատվում է և վկայում է Լատվիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը խիստ անհրաժեշտ պահին։

Մենք նաև ընդգծել ենք գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, մեր երկրների մասնավոր հատվածների միջև ուղիղ կապերի, ինչպես նաև երկու երկրների ներդրումների խթանման գործակալությունների միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։ Հայաստանը պատրաստ է Լատվիայի հետ ուսումնասիրել ներդրումային կոնկրետ հնարավորություններ և մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր։

Մենք պայմանավորվել ենք առավել թիրախային և արդյունքահեն համագործակցության զարգացման անհրաժեշտության շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունությունը, թվային փոխակերպումը, առաջատար տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, էլեկտրոնային կառավարումը, կիբեռանվտանգությունը և կրթությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպական միության հետ Հայաստանի խորացող գործընկերությունը, բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցրել մեր քննարկումներում։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող նախաձեռնություններին Լատվիայի հետևողական աջակցությունը։ Այս ուղղությամբ մեր համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է գործող համաձայնագրերի կյանքի կոչումը, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական դիվերսիֆիկացման խթանմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև գործընկերության նոր ուղղությունների նույնականացումը:

Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն և ԵՄ-ի հետ մեր ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչ է։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը և ակնկալում ենք նրա կառուցողական ներգրավվածությունն  այս գործընթացի բոլոր փուլերում: Հուսով ենք, որ Լատվիայի շարունակական աջակցությամբ Հայաստանը կկարողանա առաջ մղել բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որն անկյունքարային նշանակություն ունի երկիրը Եվրոպական միությանը մերձեցնելու մեր ջանքերում։

Մենք նաև քննարկեցինք բազմակողմ ձևաչափերում մեր կառուցողական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում համագործակցության շարունակական զարգացումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ։

Ես ներկայացրել եմ Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, որն անմիջական արդյունքն է մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության և կայունության։ Դրա վառ օրինակ է ԹՐԻՓՓ նախագիծը, որը շուտով կմտնի կառուցման փուլ։ Ես ընդգծեցի, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները զգալի հնարավորություններ են ստեղծում միջտարածաշրջանային կապերի զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխկապակցվածության ծրագրերի առաջմղման համար։

Հարգելի՛ նախարար, սիրելի՛ Բայբա,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների, ինչպես նաև Ձեր գործընկերության և բարեկամության համար»։

07 Սեպտեմբեր, 2026 20:14
Վեր