Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի ներքին օրակարգի հարցերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության հարցերը, որևէ երրորդ կողմի հետ չենք քննարկում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին ՀՀ սահմանադրության հետ կապված, մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամբողջությամբ այդ մտահոգությունը փարատում է՝ հաշվի առնելով, որ այդ համաձայնագիրն իր եզրակացությունն է ստանալու ՀՀ ՍԴ-ում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Խանդանյանը նշեց, որ լսում են Ադրբեջանի դիրքորոշումը և շարունակում են պնդել, որ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի ստորագրման համար. «Մենք ուզում ենք, որ խաղաղության պայմանագիրը վաղը ստորագրենք: Քանի որ մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը ինքնին լուծում է Սահմանադրության հարցը, եթե այդպիսի հարց կա, լուծում է երկուսի համար»:
Խանդանյանի խոսքով՝ նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ խոսակցությունները սկսվել են շատ վաղուց, դրանից հետո եղել են երկու ընտրություններ, դրանցում ՔՊ-ն հաղթանակ է տարել, քաղաքացիներն էլ փողոց դուրս չեն եկել:


