Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահի հետ հանդիպմանը արձանագրել ենք, որ երկաթուղու ընթացիկ իրավիճակը չի կարող երկար շարունակվել և պետք է լուծումների գնալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Բիշկեքում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկված թեմաներին:
«Որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մասնավորապես գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում, ինչ է նաշանակում, այսինքն ինչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և որ տեղերն են, որի հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, և որ տեղերն են որի հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ, որ հատվածներում է, որ մեր դիրքորոշումները միանշանակ չեն»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ատոմակայանի հետ կապված հարցերին վարչապետը նշեց, որ արդեն իսկ պայմանավորվածություն կան ձեռք բերված, որ սեպտեմբերին Հայաստան ժամանի «Ռուսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը: Փաշինյանի խոսքով՝ այցի ընթացքում պաշտոնյան կներկայացնի Ռուսաստանի այն առաջարկները, որոնք կարող են արվել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ:
«Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ հարաբերակցությունը: Ով մեզ լավագույն առաջարկը անի մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով Գյումրու 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքից հանելու պատրաստակամության վերաբերյալ ՌԴ նախագահի վերջին հայտարարություններին Փաշինյանը ասաց. «Ճիշտն ասած նման քննարկում չի եղել: Այս ընթացքում ոչ մի անգամ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել և այնպես էլ չի, որ կարծում ենք, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտության հարց է: Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ տարածքից մենք չենք առարկի: Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, ապա դա էլ կքննարկենք»:


