Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես քաղաքական որոշումներ չեմ կայացնում՝ ով տնտեսական գործունեությամբ զբաղվի կամ չզբաղվի: Ութ տարվա մեջ ես այդպիսի որևէ որոշում չեմ կայացրել»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականին մենք հայտարարել ենք, որ Հայաստանում իրականացրել ենք ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, սիրո և համերաշխության հեղափոխություն: Ասել ենք, որ բոլորը ունեն շանս այդ հեղափոխությանն ինտեգրվելու՝ բոլորը, առանց բացառությունների: Այդ շանսից օգտվել են այդ թվում՝ նախկին հանրապետականներ, նախկին դաշնակցականներ, այդ թվում՝ նախկին ԲՀԿ-ականներ, ՀԱԿ-ականներ, ՀՀՇ-ականներ: Հիմա եթե պարզվի, որ կան ինչ-որ մարդիկ, ովքեր օգտվել են այդ շանսից և մնացել են հանրապետական, իրենց հետ տեղի է ունենալու այն նույնը, ինչ որ նախկինում և հիմա տեղի է ունենում մյուսների հետ: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ եթե կան մարդիկ, ովքեր լինելով ՔՊ-ում և հեղափոխական թիմում գործելու են հանրապետականների մեթոդներով, ապա իրենց շատ կարճ ճանապարհ է մնացել: Այդ թվում մի շարք մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում և հույս ունեմ, որ կենթարկվեն: Հիմա ՏԻՄ ընտրությունների հետ կապված աղմուկ կա, ինձ համար շատ կարևոր է թացը չորից տարբերենք: Հիմա ասենք կոնկրետ հայտարարություններ են հնչում, ես մեր թիմակիցներին ասում եմ, որ որևէ նման հայտարարություն պետք է անարձագանք չմնա: Եթե ճիշտ են այդ հայտարարությունները, պետք է հրաժարական տան գնան, եթե սխալ են՝ ուրեմն դատի տվեք, թող դատական ակտը լինի, որ այդ հայտարարությունը սխալ է: Եթե այդ ակտը չեղավ, պաշտոնանկ եք լինելու»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունների կողմից թեկնածուներ չառաջադրելու խնդրին՝ վարչապետն ասաց. «Ընդամենը երկու ամիս առաջ ընդդիմությունը ասում էր, որ ուր որ է հավաքվելու ենք, գնալու ենք այս կամ այն ենք անելու, ՏԻՄ ընտրություններում հեղափոխություն ենք անելու: Հիմա այս փուլում, եթե չեմ սխալվում 23 տեղ ընտրություն կա, էս մարդիկ մի տեղ են մասնակցում, պետք է բացատրություն տան, թե ինչու չեն մասնակցում: Կա՛մ պետք է խոստովանեն, որ իրենք քաղաքականապես սնանկ են, կա՛մ որ համատարած ռեպրեսիա է, որ մարզերում ճնշում են, կոտորում են մեզ»:


