Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետք է արձանագրենք, որ սեպտեմբերին ունենք հերթական ռեկորդը: Նախորդ ամսվա համեմատ շուրջ 15 հազարով ավելացել են աշխատատեղերը, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ շուրջ 39 հազար 751-ով է ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով»: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից ներկայացված գրանցված աշխատատեղերի ցուցանիշի ամփոփմանը:
«28 418 դրամով կամ 7 տոկոսով էլ ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ: 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ ունենք 311 հազար 480 աշխատատեղի ավել աճ: Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է և երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հավելեց, որ ինչպես միշտ մարտահրավերներ ևս կան, որը ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հարաբերություններն են:
«Այստեղ մեր ընկալումը հետևյալն է, որ մեր ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու մեր տնտեսական դինամիկան ապահովելուն և իհարկե, մեր պետության ինքնիշխանությունը, անկախությունը և ընդհանրապես մեր պետականությունը ամրապնդելուն: Սրանք ոչ միայն համատեղելի խնդիրներ են, այլ նաև բխում են մեկը մյուսից»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ բավականին լավ է ընթանում Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան:
«Աշխատատեղերի թվի աճը, իհարկե, մեծ հաջողություն է: Իհարկե, կապված մի շարք գործոնների հետ՝ գնաճային որոշակի միտումներ կան, որը գլոբալ գործընթացների մաս է, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ աշխատանքով ընդհանուր բարեկեցության հասնելու ռազմավարությունից չպետք է շեղվենք և պետք է շարունակենք այս ճանապարհը»,-ասաց վարչապետը:


