Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծառայության բերումով ստացած վնասի կամ զոհվելու համար տրվող վճարները մենք կոնսոլիդացնում ենք, այսինքն՝ ամբողջը տեղափոխում ենք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» և վճարումը իրականացվում է այնտեղից: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած «Մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների պատճառված վնասների փոխհատուցման դեպքերի ընդլայնման մասին» որոշման առաջարկին:
Նախարար Թորոսյանը նշեց, որ գումարի պակասեցում չի լինելու, իսկ ճնշող մեծամասնության դեպքում լինելու է ավելացում կամ մնալու է նույնը՝ կապված զինվորականի ընտանեկան դրության, ծառայության ժամանակ զբաղեցրած պաշտոնի կամ ունեցած կոչման հետ:
Վարչապետն էլ հավելեց. «Նման որոշման համար հաստատված խաղաղությունը ունի էական դեր: Ուզում եմ հիշեցնել, որ «Զինապահ» հիմնադրամին կատարվող չափերը իջեցրել ենք և այս պայմաններում կարողանում ենք այսպիսի որոշումներ կայացնել: Կա ակնկալիք, որ այս գործընթացը կշարունակվի: Սակայն այս գործընթացի շարունակությունը դժվարանում է որոշ պատճառներով: Հիմնականում մենք հասել ենք այն կետին, որ փաստաթղթային և հաշվառման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Այսինքն՝ դեպքերի փաստաթղթային բազան խնդրահարույց է և այս առումով հետագա ընթացքը ավելի դժվար է լինելու: Սրա համար պետք է մտածենք, թե ինչպես ենք կազմակերպելու հետագա ընթացքը»:


