Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գների կտրուկ աճի վրա առաջին հերթին մեծ ազդեցություն ունեն միջազգային գործոնները, որովհետև Հայաստանը դրանք ներկրող երկիր է, և բնականաբար կախված է արտահանող երկրներից: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սոս Խաչիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված Հայաստանում բենզինի գների աճը:
Հիշեցնենք, որ Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համեմատ միայն նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2026 թվականի օգոստոսին բենզինի գինը աճել է շուրջ 4,1 %, իսկ դիզվառելիքի դեպքում հասել մինչև 9, 8 %-ի, այսօր ռեգուլյար տեսակի բենզինը տատանվում է 540-ից միչև 600 դրամի սահամններում, պրեմիում դասի բենիզը՝ 570-ից 700 դրամի սահմաններում։
«Հիմնականում ներկրումները կատարվում են ԵՄ անդամներից՝ Ռումինիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, ներկրվոմ է նաև Եգիպտոսից, Լիբիայից, Ռուսաստանից, արդեն նաև Ադրբեջանից: Ընդհանուր առմամբ ներկրում կատարվում է շուրջ 20 երկրից: Ճիշտ է սրանց ծավալները տարբեր են, սակայն միջազգային քաղաքական ու տնտեսական իրավիճակը ունենում է իր ազդեցությունը։ Օրինակ՝ ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով խնդիրներ են ստեղծվել հաղորդակցության ուղիների հետ կապված, քանի որ Հորմուզի նեղուցով բավականին մեծ ծավալների շրջանառություն կար և դրանք հիմա փակվել են, արդյունքում տարածաշրջանի երկրներից արտահանվող նավթամթերքը չի հասնում դրանք ներկրող երկրներ, կամ հասնելու դեպքում դրանց ծավալները բավականին քիչ են, ինչը միջազգային շուկայում առաջացնում է դեֆիցիտ, պահանջարկի աճ և բնականաբար գների բարձրացում: Այստեղից հետևում է նաև հաջորդ խնդիրը, որը արդեն ուղիղ կապված է դրանց տեղափոխության հետ, ինչը ստեղծված իրադրության պատճառով հավելյալ ու մեծ ծախսեր է պահանջում»,-ասաց Խաչիկյանը:
Ըստ տնտեսագետի՝ միջազգային շուկայում՝ մասնավորապես ԵՄ անդամ երկրներում ու ԱՄՆ-ում աճը կտրուկ է, և այս դեպքում ոչ թե տոկոսներով է, այլ անգամներով: Նրա գնհատմամբ նման մեծ տեղաշարժերը չէին կարող չանդրադառնալ Հայաստանի վրա:
Խաչիկյանը նկատեց, որ նկատելի աճ կա նաև հարևան երկրներում՝ մասնավորապես Վրաստանում և Թուրքիայում, որոնց համեմատ Հայաստանում գնային տատանումները այնքան էլ մեծ չէ, քանի որ բենզինի ներկրումը իսկապես դիվերսիֆիկացված է: Տնտեսագետի խոսքով՝ Ադրբեջանի պարագայում գնային տատանումը նույնպես մեծ չէ, որովհետև այն ունի արտադրություն, սակայն գների աճ ու աճի նշանակալի միտումներ վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է:
«Ընդհանուր առմամբ Հայաստանում բենզինի գների վրա ազդող գործոններից է նաև հենց Ռուսաստանից կատարված ներմուծումը, քանի որ 2026 թվականի ապրիլից ՌԴ Կառավարությունը արգելեց բենզինի և դիզվառելիքի արտահանումը՝ դա կապելով այն հանգամանքի հետ, որ պահանջարկը չի բավարարվում՝ պայմանավորված ուկրաինական հակամարտության հետ»,-ասաց Խաչիկյանը:
Անդրադառնալով հարցին, թե երբ տեսանելի կլինի գների նվազումը, տնտեսագետը նշեց. «Գների նվազում կարող ենք տեսնել, երբ միջազգային հաղորդակցության ուղիները բացվեն կամ աշխատեն իրենց բնականոն ռեժիմով, թեկուզ որոշակի սահմանափակումներ ունենան, բեռնափոխադրումները բնականոն ռեժիմով աշխատեն: Այս պարագայում կարծում եմ շուկայում կայունացում կնկատվի: Սակայն այս պահին հաղորդակցության ուղիների բացման հետ կապված անորոշությունները բավականին մեծ են և կդժվարանամ կանխատեսումներ անել այստեղ: Տեսնում ենք, որ որոշ ջանքեր գործադրվում են ռուս-ուկրաինական հակամարտության և Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն դրանց արդյունքները տեսանելի չեն: Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ Հարավային Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների բացումը կարող է աստիճանաբար ունենալ շատ ավելի մեծ ու գլոբալ նշանակություն»:
Խաչիկյանը բացատրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանից ունեցել ենք ներկրման տարբեր խմբաքանակներ և դա արդեն իսկ զսպել է գնաճը, պարզապես Ադրբեջանից ներմուծումը փոքր ծավալներով է կատարվել և նշանակալի ազդեցություն չունի ներկրման ընդհանուր ծավալների մեջ:
«Բոլոր դեպքերում այն հեռանկարները, որ այս ուղղությամբ հետագայում հնարավոր են նոր բանակցություններ, իսկ խնդիրների դեպքում ներմուծման ծավալների աճ, հուսադրող են։ Կարծում եմ, որ նախկինում Ադրբեջանի հետ վարած ուղիղ բանակցությունների շնորհիվ է, որ հնարավոր է եղել իսկապես զսպել գնաճը: Չնայած այս ամենին՝ որոշումները հախուռն են կատարվում, դրանք ինստիտուցիոնալիզացված չեն, դրանք հիմքային որոշումներ չեն, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և քանի դեռ հաղորդակցության ուղիները վերջնականապես չեն բացվել, սա նշանակում է, որ կարող են ինչպես լինել մատակարարումներ, այնպես էլ սահմանափակումներ»,-ասաց տնտեսագետը:
Արձանագրելով, որ ադրբեջանական բենզինն ու դիզվառելիքը իսկապես այլընտրանք են, տնտեսագետը նշեց, որ այսպիսի շուկաներից խուսափելու իմաստ չի տեսնում:
«Ընդհակառակը պետք է բանակցել նաև ոչ միայն բենզինի շրջանակներում, այլ նաև հաղորդակցության ուղիների, որովհետև դա բնականաբար կզսպի ռիսկերը»,-ասաց Խաչիկյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանական բենզինի ներկրումներից հետո ընթացող հակաքարոզչությունը չի ունեցել իր հետևանքները, տնտեսագետը բացատրեց. «Չեմ կարծում, որ ադրբեջանական բենզինի դեմ տարված հակաքարոզչությունը այնքան մեծ կամ էական ազդեցություն ունի: Կարծում եմ այդ հակաքարոզչությունը ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան տնտեսական: Սովորական սպառողի համար կարծում եմ միևնույնն է և նա գնումը կատարելիս չի կենտրոնանում հարցի վրա, թե որտեղից է ներկրվել բենզինը, որպեսզի որոշում կայացնի լիցքավորի մեքենան, թե ոչ»:

