Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի Zarkerak - Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Zarkerak Zarkerak - Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բարսելոնայի 1992 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Էլեն Բունիաթյանցը նշանակվել է Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Բունիաթյանցը, որը մարզական հանրությանը հայտնի է նաև Էլեն Շակիրովա անունով, իր խաղային կարիերան սկսել է Աբովյանի «Հատիսում»։ Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում», ինչպես նաև եվրոպական մի շարք ակումբներում։ 1989 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել Լիլիան Ռոնկետիի գավաթը։
1991 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Բունիաթյանցը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1992 թվականին Միացյալ թիմի կազմում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ։ Նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի՝ Բարսելոնայում, Ատլանտայում և Սիդնեյում։ Եվրոպայի առաջնություններում նվաճել է չորս մեդալ՝ մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե։

Բունիաթյանցը մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին Կուրսկում՝ գլխավորելով «Դինամո-Ֆարմ» երիտասարդական թիմը։ 2014 թվականին նա ժամանակավորապես ստանձնել է նաև «Դինամոյի» հիմնական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները։ Այդ մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2017 թվականին նրա գլխավորությամբ «Դինամո-Ֆարմը» նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Բարձրագույն դիվիզիոնում թիմը հանդես է եկել «Ինվենտա» անվամբ և 2017/18 մրցաշրջանում նվաճել Ռուսաստանի գավաթի բրոնզե մեդալը։

2019/20 մրցաշրջանում Բունիաթյանցը գլխավորել է Լեհաստանի Տորուն քաղաքի «Էներգա» կանանց թիմը, իսկ 2020 թվականին վերադարձել է Կուրսկ՝ որպես «Դինամոյի» հիմնական թիմի գլխավոր մարզիչ։

2021–2024 թվականներին նա գլխավորել է Ղազախստանի տղամարդկանց «Ակտոբե» ակումբը։

2021/22 մրցաշրջանում թիմն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունիաթյանցը ճանաչվել է լիգայի լավագույն մարզիչ։

2023 թվականին «Ակտոբեն» դարձել է նաև Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալակիր։

2024–2026 թվականներին Շակիրովան գլխավորել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Օմսկի կանանց «Նեֆտյանիկ-Տիտան» ակումբը։

2026 թվականին Բունիաթյանցը վերջին աշխատավայրը եղել է Իրանի կանանց ազգային հավաքականը, որտեղ նա զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը։

Էլեն Բունիաթյանցի գլխավորությամբ Հայաստանի կանանց Մ20 հավաքականը կմասնակցի 2027 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 3–11-ը Ռումինիայի Տուլչա քաղաքում։

Մեկ տարի անց՝ 2028 թվականի հուլիսի 1–9-ը, կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը կհյուրընկալի Երևանը։

26 Նոյեմբեր, 2026 21:13
Վեր