Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացրած տվյալների Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճի միտում: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/խմ) փոփոխությունները 2016-2021 թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը՝ 0,0165-ից մինչև 0,0284: 2021 թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում՝ ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում՝ ազոտի երկօքսիդի, 1%-ում՝ գետնամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է ՀՀ այլ խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում, Արարատում քաղաքներում:
_1657190357.jpg)
Իրավիճակը մտահոգիչ է համարել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում պետության ոչ գույքային շահերի պաշտպանության նշված ոլորտում առաջարկ ուղարկելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը։

Փոշու մայիս ամսվա միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն Վանաձոր քաղաքում`1,1-ական անգամ: Փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական և այլ գործողությունների հետևանքով։
Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահբազյանը Zarkerak․am-ի հետ զրույցում նշում է, որ օդի աղտոտվածության մոնիթորինգ միայն մայրաքաղաքում չէ, որ իրականացվում է․ «Օդի որակի կամ աղտոտվածության մոնիթորինգ իրականացվում է նաև Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, Չարենցավան, Արարատ, Հրազդան, Քաջարան, Կապան համայնքներում։ Իրականացվում է նաև անդրսահմանային օդի աղտոտվածության մոնիթորինգ՝ Ամբերդի բարձրակայանում»։
Շահբազյանը նշում է ՝ մոնիթորինգի ենթակա քաղաքների ընտրությունը պատահական չէ, նախ հաշվի է առնվում դրանց մեծությունը․ «Կապանի, Ալավերդիի, Քաջարանի դեպքում հաշվի է առնվում նաև արդյունաբերական գործունեությունը, Արարատի, Հրազդանի դեպքում փոշով աղտոտումը և այլն»։

Հայաստանում օդի աղտոտվածության ստուգումն իրականացվում է 2 ձևով․ «Մի տիպը ակտիվ նմուշառման եղանակն է։ Ամբողջ օրվա ընթացքում օդը նմուշառում ենք և լաբորատորիայում անալիզ է իրականացվում։ Ակտիվ նմուշառում իրականացվում է 15 դիտակայաններում, դրանցից 5-ը Երևանում են։ Երկրորդ տիպի դեպքում իրականացվում է պասիվ նմուշառում, իրականացվում են շաբաթական դիտարկումներ՝ 215 տարածքներում»։
Նախկինում գործել է նաև օդի աղտոտվածության մոնիթորինգի ավտոմատ եղանակ, որն այժմ չի գործում։ Որպեսզի Հայաստանում կատարվեն միջազգային ստանդարտներին լիարժեք համապատասխանող օդի աղտոտվածության դիտարկումներ, մեր երկրին պակասում են համապատասխան տեխնոլոգիական հնարավորությունները․ «Պետք է իրականացվի նաև միջազգային չափանիշներով պարտադիր համարվող և ԱՀԿ-ով սահմանված 2․5 միկրոն չափ ունեցող փոշու մանր մասնիկների մոնիթորինգ, որը ՀՀ-ում չի իրականացվում»։
Փոխարենը Հայաստանում օդի կոնցենտրացիան ստուգվում է հետևյալ ձևով․ «Օրինակ՝ Երևանում իրականացվում է ծծմբի, ազոտի երկօքսիդի, փոշու, գետնամերձ օզոնի պարունակության ստուգում, Ալավերդիում, Վանաձորում՝ փոշու, ծծմբի, ազոտի երկօքսիդի, Հրազդանում, Արարատում, Գյումրիում միայն փոշու» ։

Ուշադրություն հրավիրելով վերջին տարիների ցուցանիշներին՝ Շահբազյանը նշում է․ « Վերջին տարիներին օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում է դիտվում։ Մի շարք հանգամանքեր կան, որնք ազդեցություն են թողնում՝ դրանց թվում են՝ տրանսպորտային միջոցների թվի աճը, շինարարությունը։Կարևոր է հաշվի առնել նաև բնակլիմայական պայմանները։ Չոր կլիմայի պայմաններում օդի աղտոտվածության վրա ազդեցությունն ավելի մեծ է։ Ձմռանը վառվող գազն է նպաստում աղտոտմանը, խոնավ ժամանակ՝ մառախուղային օդը և այլն»։

Երևանում PM2.5-ի կոնցենտրացիան ներկայումս 2.6 անգամ գերազանցում է ԱՀԿ օդի որակի տարեկան ուղեցույցում նշված տվյալներին/Տվյալը՝ IQAir-ը շվեյցարական օդի որակի տեխնոլոգիական ընկերության շուրջօրյա մոնիթորինգի տվյալների/
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը մտահոգիչ է համարում հատկապես Երևանում օդի աղտոտվածության մակարդակը և նշում, որ Երևանի նման տարբեր լանդշաֆտներ ունեցող քաղաքի համար օդի աղտոտվածության միջինացված ցուցանիշները չեն կարող ամբողջական պատկերը ներկայացնել․ «Երևանում կան հատուկ կետեր, որտեղից վերցնում են օդի նմուշները և միջինացնում։ Բայց Երևանի մի շրջանը գտնվում է բարձր գոտում, մյուսը՝ ցածր։ Այս պարագայում օդի աղտոտվածության իրական իրավիճակի մասին պատկերացում չունենք։ Չգիտենք՝ երբ օրինակ նշվում է, որ փոշին երկու անգամ ավելի է օդում, դա հատկապես ո՞ր շրջաններին է վերաբերում։ Շենգավիթում մոլիբդենի գործարան կա, դա նշանակում է, որ այնտեղ բարձր տոքսիկ նյութերի կոնցենտրացիա կա և այդտեղ ապրող մարդիկ շատ վատ ազդեցության տակ են գտնվում, քան այլ շրջաններում ապրողները»։
_1657194138.jpg)
Ինգա Զարաֆյան
Բնապահպանը նշում է՝ ոլորտային մասնագետները լավ գիտեն՝ Երևանում օդի աղտոտվածության պատկերը մտահոգիչ է հատկապես այն շրջաններում, որտեղ առկա են հանքեր․ «Երևանի կողքին ունենք այդպիսի մոտ 30 բաց հանքեր, սա օդի աղտոտվածության առաջին աղբյուրն է»։

Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիաների փոփոխությունները
«Երկրորդ խնդիրը տրանսպորտ է։ Մեզ մոտ տրանսպորտը հիմնականում աշխատում է գազով, որը համեմատաբար ավելի քիչ է աղտոտում օդը, քան վառելիքի այլ տեսակները՝ օրինակ դիզելայինը, որի պարագայում մենք ոչ մի սահմանափակում չունենք»,-նշում է նա ։

Ըստ Զարաֆյանի մեկ այլ խնդիր է,մեծ բեռնատարաների ազատ երթևեկությունը․ «Երևանը սպեցեֆիկ կառուցվածք ունի․ բաց է բոլոր տրանսպորտային միջոցների, բոլոր տեսակի վառելիքներ օգտագործող մեքենաների համար, ունենք նաև խցանումների խնդիր, որը տասնյակ անգամներ ավելացնում է արտանետովող նյութերի քանակը»։

«Երբ մենք խոսում ենք փոշու մասին, պետք է հասկանանք, որ եթե փոշու կոնցենտարցիան բարձր է օդի մեջ, նշանակում է, որ քիմիական տոքսիկ նյութերը, տրանպորտի արտանետումները նստում են հենց այդ փոշու վրա։ Ինչքան շատ է փոշին, այդքան շատ է այդ փոշին կուտակում տոքսիկ նյութեր, ստացվում է՝ շնչում ենք տոքսիկ նյութերով հագեցած փոշի»,- ընդգծում է բնապահպանը։
Հասարակական նշանակության այգիների կրճատում, բակային կանաչապատ տարածքների փոխարինում ասֆալտապատ տարածքներով, ըստ բնապահպանի սա ևս օդի աղտոտվածության վրա խիստ ազդեցություն է թողնում․ «Կանչապատումը հանդիսանում է բնական պաշտպանիչ՝ տարբեր արտանետումների դեմ։ Բայց կանաչապատումը լրիվ հակառակ սկզբունքների վրա է դրված, նույնիսկ այն հատվածներում, որտեղ կա կանաչապատում, իրականացվում է այնպիսի խորը էտում, որ կանաչ մասը սկսում է բացակայել, կամ չի իրականացվում քիմիական պարարտացում։ Դա նշանակում է, որ կանաչապատումը զրոյական ֆունկցիա է կատարում»։

Գայանե Շահբազյանը նշում է՝ տեխնոլոգիապես առավել զարգացած մոնիթորինգի դեպքում, երբ դա կիրականցվեր, ժամ առ ժամ, առավել հստակ կդառնային աղտոտվածության պատճառները, աղտոտվածության առանձնահատկությունները՝ ըստ շրջանների և ժամանակահատվածների, դրա դեմ պայքարի քայլերն էլ առավել նպատակային և ուղղորդված կլինեին։
2021 թվականի ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքներով 2021 թվականին 2020 թվականի համեմատությամբ ՀՀ այլ քաղաքների մթնոլորտային օդում բարձրացել են հետևյալ աղտոտիչների պարունակությունները․ Գյումրի՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ և փոշի, Ալավերդի՝ ազոտի երկօքսիդ, Հրազդան՝ ծծմբի երկօքսիդ, Արարատ՝ ծծմբի երկօքսիդ և փոշի, Կապան՝ ազոտի երկօքսիդ։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը մեր ուշադրությունն է հրավիրում ՀՀ քաղաքային այլ համայնքներում օդի աղտոտվածության խնդրին․ «Մենք ունենք քաղաքներ, որտեղ այս իրավիճակը ոչ թե 1-2 տարիների արդյունքում է ձևավորվել, կամ Երևանի նման հիմնականում տրանսպորտայի ծանրաբեռնվածության հետևանքով, այլ երկար տարիների գործունեության հետևանքով առաջացած աղտոտում է»։
![]()
Օլեգ Դուլգարյան
Դիտարկենք Վանաձոր քաղաքը․ «Պետք է հաշվի առնել, որ այստեղ առկա է քիմիական գործարան, որը տասնամյակներ շարունակ չի գործում։ Քամիների միջոցով այդ գործարանից փոշու զանգվածը տարածվում է։ Հենց Վանաձորի գլխավերևում գտնվում է Քարաբերդի հանքավայրը, որտեղ հանքային գործունեության հետևանքով ևս փոշին ուղղվում է դեպի քաղաք»։

«Ալավերդի քաղաքում պղնձաձուլական գործարանը մինչև 2018 թ-ը աշխատել է առանց որևէ ֆիլտրացիայի, արտադրանքի հետևանքով ձևավորված արտանետումներն այժմ էլ սփռվում են շրջակայքում, նստում հարակից գյուղերի գյուղատնտեսական հողերի վրա»,- Դուլգարյանի խոսքով, թեև այժմ գործարանը չի գործում, բայց դրա թունավոր հետևանքները դեռ իրենց զգացնել են տալիս․ «Այնտեղ կուտակված են փոշիներ, հատկապես՝ այրոցից առաջացած նյութերը՝ շլակները, որոնք քամիների միջոցով տարածվում են քաղաքով մեկ։Հիմա էլ, եթե Ալավերդու փողոցներով շրջենք, ճամփաների եզրին կտեսնենք գործարանի այրվածքների կուտակումներ»։

«Հրազդանի օդի աղտոտվածության պատճառներից մեկը Մեղրաձորի հանքավայրն է։ Նույնական խնդիրներ նաև մյուս հանքարդյունաբերական համայնքներն ունեն, այդպիսի խնդիրներնի տարիներ շարունակ ուշադրություն չդարձնելը ուղղակի հանցանք է»,- նշում է նա։
Դուլգարյանը կարծում է, եթե Երևանում իրավիճակը շտկելու համար համակարգային փոփոխությունների կարիք կա, փոքր քաղաքներում այդ խնդիրներն ավելի հեշտ է լուծել։ Այս լուծումները գտնելու գործընթացը, մեր զրուցակցի խոսքով, չպետք է իրեն սպասեցնել տա․ «Աղոտվածության հետևանքով մարդկանց առողջական վիճակը վատթարանում է, հատկապես Ալավերդու տարածաշրջանում շատ են բողոքում չարորակ հիվանդությունների աճից»։
![]()
Դուլգարյանը լուծումներ է առաջարկում, որոնք կարող են փոխել ստեղծված իրավիճակը․ «Հանքերի դեպքում կան սահմանված թույլարելի շեմեր, այսինքն՝ գործունեության՝ շրջակա միջավայրին հասցվող վնասի կոնկրետ չափանիշներ, որոնք ամրագրված են տնտեսական այս գործունեության ՇՄԱԳ-ում, առաջին հերթին, այս նորմերը, կանոնները պետք է պահպանվեն»։
ՏԻՄ-երն էլ իրենց անելիքն ունեն, համայնքներում անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ, մշակել ռազմավարություն, գործողությունների պլան՝ չեզոքացնելու կամ կոնսերվացնելու աղտոտման աղբյուր հանդիսացող կետերը։
Նա հիշեցնում է․ «Հանքարդյունահանության ազդակիր համայնքները տարիներ առաջ ստացել են բնապահպանական սուբվենցիաներ,որ համապատասխան միջոցառումներ իրականացվեին, համայնքի օդը մաքրվեր, բայց գումարը ծախսվեց լրիվ այլ նպատակներով»,- Դուլգարյանը կարծում է ՝ կարելի է վերականգնել գործունեության այս ձևաչափը, բաց այս անգամ առավել առարկայական և նպատակային։
Օդի աղտոտվածության ծանր հետևանքները հանրության առողջությանը ևս չեն շրջանցում։ ՀՀ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի Ախտորոշիչ բաժանմունքի ղեկավարի տեղակալ,թոքաբան Նունե Ազիզյանը նշում է, որ օդի աղտոտվածության խնդիրը համաշխարհային ընդգրկում ունի․ «Օդի աղտոտվածությունը հանգեցնում է ասթմայի առաջացմանը։ Աշխարհում ասթմատիկների թիվը գնալով շատանում է, նախկինում ավելի քիչ է եղել։ Այսօրվա դրությամբ, ԱՀԿ տվյալների համաձայն, ազգաբնակչության 10 տոկոսը տառապում է բրոնխիալ ասթմայով։ Բրոնխիալ ասթմայի առաջացման պատճառը հենց ալերգիան է։ Եվ որքան օդի կոնցենտրացիան ալերգեններով հագեցած է, այնքան ասթմատիկ հիվանդները շատանալու են»։

Նունե Ազիզյան
Ինչպես նշում է թոքաբանը, Հայաստանում ասթմայի վերաբերյալ ռեգիստր չկա և հետազոտություններ արված չեն, թե բնակչության քանի տոկոսն ունի այս խնդիրը․ « Իհարկե, արժե ունենալ նման ռեգիստր»,- նշում է բժշկուհին, ընգծելով, որ հատկապես օդի աղտոտվածության մտահոգիչ ցուցանիշների ֆոնին ասթմայի պաթոլոգիան պետք է ուսումնասիրվի և թվային հստակ ցուցանիշներ լինեն։

«Կարող են ի հայտ գալ նաև ալերգիկ երևույթներ՝ բազում դրսևորումներով: Օրինակ ատոպիա՝ դանդաղ տիպի ալերգիկ գերզգայունության ռեակցիա է, դրա հետևանքով՝ դերմատիտներ, մաշկային հիվանդությունների դրսևորումներ,այդ թվում՝ երեխաների մոտ»։

Ըստ Ազիզյանի, թե օդի կոնցենտրացիայում գտնվող, որ վնասակար նյութը հատկապես վնաս կհասցնի, խիստ անհատական է․ «Կախված է նրանից, թե տվյալ մարդը որ ալերգենի նկատմամբ ունի ռեակցիա»։

Բժշկուհին այս առումով խոցելի խմբերին խորհուրդ է տալիս հաճախ լինել կանաչապատ տարածքներում, ինքն էլ օդի աղտոտվածության խիստ վնասակար հետևանքները մեղմելու առաջնային լուծումը կանաչապատ տարածքները ավելացնելու մեջ է տեսնում ։
Մարիամ Մկրտչյան