«Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը: Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում: Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը՝ վարչապետն ասաց. «Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել, նաև ուզում եմ պատասխանել մի հարցի, որ կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել: Որքանով է հավանական, որ կիրակի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման: Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:


