Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ  Բորդո քաղաքում կմասնակցի վերապատրաստման ծրագրի Zarkerak - Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդո քաղաքում կմասնակցի վերապատրաստման ծրագրի
Zarkerak Zarkerak - Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդո քաղաքում կմասնակցի վերապատրաստման ծրագրի
Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ  Բորդո քաղաքում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդո քաղաքում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության ոլորտում փորձագիտության, վերապատրաստման, գնահատման և կառավարման միջազգային ծրագրեր իրականացնող France Education International (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների։ Արդեն իսկ հեռավար ձևաչափով մեկնարկած դասընթացի արդյունքում ընտրված 30 մասնագետները (16՝ մարզերից, 14՝ Երևանից) հուլիսի 14-27-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքում կշարունակեն իրենց վերապատրաստումը BELC ծրագրով:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունները: Նախարարի տեղակալը շնորհավորել է ուսուցիչներին և շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի ու մասնագիտական զարգացման գործընթացում առավել ակտիվ ներգրավվածության համար:

«Կարևորում ենք այս ծրագրի հնարավորությունն ու անհամբերությամբ սպասում արդյունքներին: Ծրագրի կայացման համար բավականին մեծ ջանքեր ենք գործադրել: Օտար լեզուների դասավանդման զարգացումը մեզ համար կարևոր թիրախ է և հանդիսանում է հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջնային ուղղություններից մեկը: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր երեխաները դպրոցն ավարտելիս կարողանան վարժ խոսել ու հաղորդակցվել առնվազն երկու օտար լեզուներով: Հետևաբար, կարևոր է, որ օտար լեզու դասավանդող ուսուցիչները տիրապետեն ժամանակակից մանկավարժության մոտեցումներին ու մեթոդներին և այս համատեքստում՝ նաև տեխնիկական միջոցների կիրառմանը: Այսօր, իսկապես, մարտահրավեր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպելը, որ երեխան հետաքրքրված լինի դասերի միջոցով օտար լեզուներ սովորել, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները դրա բոլոր հնարավորությունները տալիս են»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու նաև հետաքրքիր և հագեցած ճամփորդություն մաղթել ուսուցիչներին:

Ծրագրին ուսուցիչների հաջող և արդյունավետ մասնակցությունը, նախարարի տեղակալի գնահատմամբ, կարևոր է նաև մյուս մասնագետների հետագա վերապատրաստումները կազմակերպելու տեսանկյունից: Մասնավորապես՝ այս տարվանից ուսուցիչների հերթական ատեստավորումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա. օտար լեզուների պարագայում այն վերաբերելու է ոչ թե լեզվի իմացությանը, այլ լեզվի դասավանդման մեթոդաբանությանը.

«Եթե այս վերապատրաստման արդյունքում կունենաք, օրինակ, 3-րդ մակարդակի վերապատրաստողի կամ ուսուցչի կարողություն, բնականաբար, կարող եք ընդգրկվել վերապատրաստումների գործընթացում՝ որպես վերապատրաստող, օրինակ, երկրորդ մակարդակի ուսուցիչների համար: Վստահ եմ՝ ձեզ համար մասնագիտական գործունեություն ծավալելու ավելի մեծ հեռանկարներ կստեղծվեն»:

Մասնակիցներին հաջող վերապատրաստում է մաղթել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ ուսուցիչներին հորդորելով առավելագույնը քաղել վերապատրաստումների գործընթացից, որը կնպաստի անձնային աճի զարգացմանն ու կօգնի տեղայնացնել ֆրանսիական փորձը՝ ավելի արդյունավետ դարձնելով ուսումնական գործընթացը:

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ, մեկնարկել է այս տարվա ապրիլից: Նախագծի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողներ: Ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը:

Պիլոտային ծրագրի բացման միջոցառումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, կայացել է հունիսի սկզբին Ֆրանսիայի Սևր քաղաքում: Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային կրթության և երիտասարդության նախարարության գործընկերների, ինչպես նաև FEI-ի թիմի հետ, այցելել կրթական հաստատություններ:

04 Հուլիս, 2024 16:22
Վեր