Եվրոպական շուկա մուտք գործելու համար պետք է մեր տնտեսությունն արդիականացնենք և ունենանք որակյալ արտադրանք. խնդիրների և մարտահրավերների մասին Արմեն Քթոյանի դիտարկումները Zarkerak - Եվրոպական շուկա մուտք գործելու համար պետք է մեր տնտեսությունն արդիականացնենք և ունենանք որակյալ արտադրանք. խնդիրների և մարտահրավերների մասին Արմեն Քթոյանի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Եվրոպական շուկա մուտք գործելու համար պետք է մեր տնտեսությունն արդիականացնենք և ունենանք որակյալ արտադրանք. խնդիրների և մարտահրավերների մասին Արմեն Քթոյանի դիտարկումները
Եվրոպական շուկա մուտք գործելու համար պետք է մեր տնտեսությունն արդիականացնենք և ունենանք որակյալ արտադրանք. խնդիրների և մարտահրավերների մասին Արմեն Քթոյանի դիտարկումները

Եվրոպական շուկա մուտք գործելու համար պետք է մեր տնտեսությունն արդիականացնենք և ունենանք որակյալ արտադրանք. խնդիրների և մարտահրավերների մասին Արմեն Քթոյանի դիտարկումները

Վերջին շրջանում ՀՀ քաղաքական դաշտում եվրաինտեգրման ճանապարհով գնալու շուրջ խոսակցություններն ակտիվացել են: Միաժամանակ, նշվում են նաև այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել ԵՄ անդամ դառնալու համար: Այդ խնդիրներից մեկը տնտեսության դիվերսիֆիկացիան է և ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելը:

Նշենք, որ ներկայումս էլ ՀՀ-ն շարունակում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությունը. ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը 2022 թվականի համեմատ  այս տարի աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով  2.7 մլրդ դոլար:

Այս ամենին զուգահեռ փաստ է, որ ՀՀ տնտեսությունը դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու արևմտյան, եվրոպական շուկաներ մուտք գործելու համար: Թե, որոնք են այն առաջնային խնդիրները, որոնք մեր տնտեսության առջև ծառացած են, արդյոք նշված շուկաները պատրաստ են ՀՀ-ին ընդունելու և թե ինչ հնարավորություններ դա կարող է բացել մեր տնտեսության զարգացման համար, այս և այլ հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցեց տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

Արմեն Քթոյան

«Տնտեսության դիվերսիֆիկացիա չի նշանակում մի տեղից դուրս գալ և մուտք գործել մեկ այլ տեղ․ դիվերսիֆիկացիա նշանակում է, որ դու քո կարողությունները, ուղղությունները, շուկաները նաև տնտեսության ճյուղային կառուցվածքը բազամազանեցնում ես: Բազամազանեցումն ի սկզբանե ավելի մեծ հնարավորություններ է տալիս առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար»:

Արևմտյան, եվրոպական շուկա մուտք գործելու համար՝ ըստ Քթոյանի, կարևոր է հասկանալ, թե  տնտեսության մեջ ինչ տրանսֆորմացիաներ են անհրաժեշտ իրականացնել. «Այս ամենի համար անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ, շատ է խոսվում ստանդարտացման, սերտիֆիկացման, արտադրական գործընթացների բարելավման մասին, իսկ դա գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ են նշանակալի ներդրումներ, անհրաժեշտ է գիտելիք, տեխնոլոգիա և ժամանակ: Այդ ամենը կարելի է երկու-երեք-չորս տարվա ընթացքում տարբեր արտադրությունների պարագայում կազմակերպել, ավելի կարևոր խնդիր է ֆինանսավորումը: Այս ամենի շնորհիվ մենք կբարձրացնենք մեր բիզնեսի վարման ստանդարտները, կբարելավենք ընդհանուր մրցակցային միջավայրը, գործընթացները, բիզնես-մշակույթը, եթե դու գործում ես ավելի խիստ չափանիշներով, այդ խիստ չափանիշներին համապատասխանելու ընթացքում ինքդ դառնում ես ավելի մրցունակ, ավելի հզոր, ավելի որակյալ արտադրանք թողարկող»:

Խոսելով ՀՀ-ի կողմից իրականացվող քայլերի մասին՝ տնտեսագետն ասաց. «Ըստ էության, պետության անելիքը պետք է լինի համապատասխան ռազմավարությունների մշակումը և բիզնեսի հետ գործընկերային տարբեր գործիքների ներդրումը, կիրառումը, որոնք միտված կլինեն ամենատարբեր ոլորտներում ավելի որակյալ, նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նույնիսկ ավանդական արտադրատեսակների թողարկմանը: Առանձին-առանձին վերցրած կան նախագծեր, որոնք կարելի է այդ կոնտեքստում դիտարկել, ամենապարզ օրինակը՝ ինտենսիվ այգեգործությունն է: Ինտենսիվ այգեգործությունը, ըստ էության, գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպման տրամաբանության մեջ է, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է, այն հնարավորություն է տալիս ի թիվս այլ առավելությունների բարձրացնել արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, այդ թվում նաև եվրոպական: Իհարկե, սա բավարար չէ, բայց այս տրամաբանությամբ պետք է աշխատանք տարվի:

Անհրաժեշտ է և՛ ավելի բազմազանեցնել ռազմավարությունները, և՛ փորձել էժան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, և՛ ֆինանսական աջակցության տարատեսակ սխեմաներով փորձել այդ ֆինանսական բեռը բիզնեսի համար թեթևացնել ու նաև բիզնեսին շահագրգռելու համար այլ մեխանիզմներ կիրառել: Այստեղ բարդ գործընթաց է, այն ամբողջ տնտեսության տրանսֆորմացիա է ենթադրում, ինչպես նաև բիզնես մտածողության փոփոխություն, դու պետք է որակի վերահսկողությունը դնես որպես քո բիզնեսի վարման առանցքային բաղադրիչ և պետությունը հանձնառություն պետք է ստանձնի այդ նպատակը մինչև վերջ իրագործելու համար: Այդ դեպքում բիզնեսն արդեն շահագրգռված կլինի ներդրումներ կատարել, նոր շուկաներ որոնել, որովհետև, եթե դու բարձրացնես քո արտադրանքի որակը, բնականաբար՝ արտադրանքը թանկանալու է, այդ դեպքում դու արդեն կփնտրես այնպիսի շուկաներ, որտեղ բնակչության կենսամակարդակն ավելի բարձր է կամ մարդիկ պատրաստ են վճարել այդ որակյալ մթերքի համար, այդ դեպքում արդեն կարող է և ռուսական շուկայի առանձին սեգմենտներ քեզ համար ձեռնտու չլինեն»:

Տնտեսության մրցունակության համար պետք է որակյալ արտադրանք՝ նշեց Արմեն Քթոյանը, իսկ թե արդյոք մեր արտադրանքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք արևմտյան և եվրոպական շուկաներ մուտք գործելու համար անհրաժեշտ են՝ տնտեսագետն ասաց. «Այստեղ դու արտադրում ես իրենց չափանիշներին համապատասխան արտադրանք և առաջարկում ես, բնականաբար իրենք ոչ թե պետք է «էստի համեցեք» ասեն, այլ դու պետք է չափանիշներին համապատասխանող արտադրանք ունենաս և փորձես մրցակցել և մտնես այդ շուկա, այստեղ մեր գլոբալ խնդիրն այն է, որ այդ փորձերը հաճախ չեն էլ արվում, որովհետև ի սկզբանե պահանջվող նվազագույն չափանիշներին նույնիսկ շատ արտադրատեսակներ չեն բավարարում, եթե մենք օրինակ՝ սննդաարդյունաբերության մասին ենք խոսում, որն այս պահին Հայաստանի արտահանումային ներուժի կարևոր բաղադրիչն է, դրանով կարողանում ենք մտնել ԵԱՏՄ շուկա, ԵՄ և այլ շուկաներ մտնելը բավականին բարդ է լինելու:

Առաջնային պայմանն է՝ դու պետք է վերաֆորմատավորես քո պրոցեսները և որակի ապահովումը դարձնես գլխավոր նպատակ: Այստեղ հարցը ոչ այնքան նրանում է, որ այդ շուկաները փակ են մեր առջև, որքան նրանում է, որ այս պահին մենք այդ շուկաներին առաջարկելու քիչ բան ունենք, խնդիրը դրանում է: Այստեղ փակ շրջան է, քանի դեռ քո հիմնական առևտրային գործընկերը ԵԱՏՄ-ն է կամ ՌԴ-ն, դու խորը, ինստիտուցիոնալ տեխնոլոգիական վերազինում անելու անհրաժեշտություն չես զգում, խոսքը բիզնեսի մասին է, քանի դեռ այդ վերազինումը չես անում, դու այլ շուկաներ չես կարող մտնել կամ դժվարությամբ կմտնես, հետևաբար դու կշարունակես մնալ չդիվերսիֆիկացված, այո, այս փակ շրջանն ինչ-որ մի փուլում պետք է կոտրվի, պետք է դրանից դուրս գալ»:

ԵՄ շուկայում ինտերգրվելու համար՝ Քթոյանի խոսքով, երկար ժամանակ է անհրաժեշտ. «Այստեղ ամբողջական ռեֆորմների մասին է խոսքը՝ իրավակարգավորումներ, ինստիտուտների բարելավում, եթե բիզնեսին անդրադառնանք, ազատ մրցակցություն, հարկային-մաքսային վարչարարության մասով որոշակի հավելյալ բարելավումներ և այլն: Եթե մենք ակնկալում ենք, որ պետք է ինչ-որ միջին չափանիշի բավարարենք ԵՄ մտնելու համար, այդ չափանիշներին մենք ինքնուրույնաբար չենք կարող բավարարել, ինչպես որ չեն բավարարել նաև այն երկրները, որոնք ժամանակին անդամակցել են, պարզապես եղել է նվազագույն չափանիշ, որն արվել է և անդամակցել են ԵՄ-ին, հաջորդիվ արդեն տարբեր աջակցության ծրագրերով, ենթակառուցվածքային և այլ բնույթի ներդրումներով արվել է ամեն ինչ այդ երկրների տնտեսությունները համապատասխանեցնել արդեն ավելի բարձ չափանիշների»:

Մեր այն հարցին, թե արդյոք ԵՄ-ի ուղղությամբ գնալը և,միաժամանակ ԵԱՏՄ անդամ մնալն անհամատեղելի չեն՝ մեր զրուցակիցն ասաց. «Դա որոշում են այն ուժերը, որոնք տվյալ պարագայում գործընթացների վրա ունեն լիարժեք ազդեցություն: Այստեղ առաջին հերթին քաղաքական ասպեկտն է, պետք չէ սա զուտ տնտեսական հարց ընկալել, տնտեսությունը քաղաքականության շարունակությունն է, հետո դրա վրա էլ նոր քաղաքականություն է ձևավորվում և այդպես շարունակ: Տրամաբանական է, եթե դու գնում ես այլ քաղաքական ուղղությամբ, որը հակոտնյա է այն քաղաքական համակարգին, որից բխող տնտեսական միջավայրի մաս ես դու կազմում, բնականաբար՝ այստեղ երկընտրանքի հարց է, դու չես կարող երկուսը համադրել, առավել ևս Արևմուտք-Ռուսաստան ներկա կոշտ հակամարտության պայմաններում, եթե այս ամենը լիներ 30 տարի առաջ, միգուցե և հնարավոր լիներ, հիմա շատ ավելի սուր է դիտարկվում այդ հարցը և այո, համադրելն անհնար կլինի»:

Իսկ, թե ինչ ռիսկեր կարող են այդ դեպքում առաջանալ մեր տնտեսության համար՝ Արմեն Քթոյանը նշեց. «Եթե վաղը Ռուսաստանը որոշի, որ այս պահի դրությամբ Հայաստանի կողմից արվող քայլերն արդեն իսկ իր համար սպառնալիք են և կտրուկ քայլեր ձեռնարկի, օրինակ՝ սահմանափակելով հայաստանյան ապրանքների մուտքը ԵԱՏՄ կամ ռուսական շուկա, կամ այն վառելիքաէներգետիկ ռեուրսների մասով որոշ օգուտները, որ Հայաստանը քաղում է, իրենք որոշեն, որ դա չպետք է լինի, դա որոշակի ֆինանսական բեռ է լինելու և, եթե այդ սահմանափակումները միանգամից կիրառվեն, դրանց հետևանքների հաղթահարումը շատ բարդ կլինի: Այս պահին խոսքն ընդամենը տնտեսության արդիականացման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի մասին է, որն առողջ ցանկություն է և որևէ հակամարտություն չի ենթադրում, բայց բնական է, որ ՌԴ-ն կարող է ինչ-որ մի իրավիճակում սա այլ ձևով ընկալել, որովհետև բազմազանեցում նշանակում է՝ դու ցանկանում ես թուլացնել քո կախվածությունը մեկ կենտրոնից, իսկ իրենք այդ կախվածությունը չեն ձևավորել նրա համար, որ մենք հետո կարողանանք դա թուլացնել, կամ դրանից ազատվել:

Դա անհրաժեշտ է եղել այս ամբողջ ընթացքում քաղաքական որոշումների վրա ազդելու համար, ինչպես և արվել է, այսինքն՝ մի կողմից այո, դիվերսիֆիկացիան մեզ համար կենսական անհրաժեշտություն է և այդ քայլերն անխուսափելիորեն պետք է արվեն, մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա մեզ համար տարբեր սցենարների դեպքում տարբեր ծախսեր է ենթադրելու և հասարակությունը, եթե միակամ է, պետք է հասկանա, որ այդ գինը պետք է վճարվի»:

Արևմտյան, եվրոպական շուկաներ մուտք գործելն ինչքան արագ արվի, այնքան ավելի լավ՝ նշեց Քթոյանը՝ հավելելով. «Պետք է հասկանանք, որ մենք ոչ թե խոսում ենք ինչ-որ մի հիպոթետիկ շուկա մտնելու մասին, այլ խոսում ենք տնտեսության կենսունակությունը, ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու մասին, իսկ դա նաև անվտանգային առումով խիստ անհրաժեշտ է, որովհետև անվտանգային խնդիրները, սպառնալիքներն ավելի հեշտ հաղթահարելի են, եթե դու ունես ավելի կենսունակ տնտեսություն»:

Արմեն Քթոյանը նաև ընդգծեց, որ պետք է մեր հարևան երկրների հետ էլ զարգացնենք առևտրաշրջանառությունը. «Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրաշրջանառության մի զգալի մասը հենց անմիջական հարևանների հետ է արվում: Այսօր մենք այո, Թուրքիայի հետ այդ ծավալը չունենք, բայց նախկինում էլ, հիմա էլ միջնորդավորված առևտուրը կա, այդ առևտրում ամեն ինչ միակողմանի է, ՀՀ-ն միայն ներմուծող է, մենք ունենք քիչ թե շատ ակտիվ հարաբերություններ Իրանի հետ, տարեցտարի այդ ցուցանիշները որոշակիորեն ավելանում են, բայց էլի մենք ունենք 6 անգամ ավելի շատ ներմուծում Իրանից, քան արտահանում: Մենք այս պահին պետք է մեր տնտեսությունն արդիականացնենք, որ այդ շուկաներին առաջարկելու շատ բան ունենանք»:

 

Աննա Բզնունի

01 Հուլիս, 2024 14:16
Վեր