Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերություններում քայլ առա՞ջ․ ի՞նչ սպասել․ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումները Zarkerak - Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերություններում քայլ առա՞ջ․ ի՞նչ սպասել․ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերություններում քայլ առա՞ջ․ ի՞նչ սպասել․ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումները
Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերություններում քայլ առա՞ջ․ ի՞նչ սպասել․ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումները

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը՝ հայ-թուրքական հարաբերություններում քայլ առա՞ջ․ ի՞նչ սպասել․ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումները

Հայաստան-Թուրքիա սահմանին երեկ կայացավ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում։ Նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել երկու տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում: Սա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների թվով 5-րդ հանդիպումն էր։ 

Երեկ ԱԳՆ-ից հանդիպման մասին մանրամասներ հաղորդելով նշել էին, որ Ռուբինյանը և Քըլըչը վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար․ «Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- հայտնել են ԱԳՆ-ից։ 

Նշենք, հայկական կողմի բանագնաց, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը X-ի իր էջում Քըլըչի հետ հանդիպումը լավ է որակել։ Քըլըչը ևս X-ի իր էջում գրառում է կատարել՝ ընդգծելով․ «Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»։ 

Zarkerak.am-ը լսել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումները երեկ կայացած հանդիպման արդյունքների, դրանից սպասելիքների և ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակության մասին։  

«Ամեն դեպքում դրական է, որ հանդիպումներ տեղի են ունենում։ Ես գտնում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցությունները պետք է շարունակվեն։ Այն, ինչը որ հայտարարվել է որոշումների ընդունման մասին համարում եմ շատ փոքր քայլ։ Ինչու՞, որովհետև  այնտեղ չի քննարկվել երկաթգծի վերագործարկման խնդիրը, այլ զուտ տեխնիկական հարցեր են քննարկվել։ Այսինքն՝ թուրքական կողմն ամեն ինչ արել է, որ լուրջ հարցեր չքննարկվե, գուցե  քննարկվեն էլ լուրջ հարցեր, բայց որ լուրջ համաձայնության չգան։ Սա է իմ ընդհանուր գնահատականը, այսինքն՝ թուրքական կողմը շարունակում է իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և խուսափում է իրական քայլեր ձեռնարկելուց՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու առումով»,- նշում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Կարո՞ղ ենք նկատել, որ, այդուամենայնիվ, նաև այս հանդիպումների արդյունքում ՀՀ-ն և Թուրքիան հիմա ավելի մոտ են սահմանի բացման հնարավորությանը, քան մի քանի տարի առաջ․ «Մի քանի տարի առաջ ՀՀ-ի և Թուրքիայի միջև բանակցություններ դեռ չկային, հիմա կան, այն էլ՝ շատ դժվար են գնում առաջ, իհարկե, թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Կարելի է  համարել, որ այո՛, այս մի քանի տարվա մեջ իրավիճակը փոխվել է, կա բանակցային գործընթաց, այդ առումով ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանի բացմանն ավելի մոտ ենք»։ 

Թուրքագետը՝ սակայն կրկին նշում է, որ իր համար ակնհայտ է՝ թուրքական կողմը սկզբունքորեն չի փոխել մոտեցումները ՀՀ-ի հետ՝ թե բանակցությունների, և թե հարաբերությունների կարգավորման առումով․ «Թուրքիան քաղաքական ամենաբարձր՝ նախագահ Էրդողանի մակարդակով հայտարարել է, որ որևիցե քայլ չի ձեռնարկի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ մինչև չստորագրվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր։ Իսկ երեկվա պաշտոնական հայտարարության մեջ ևս մեկ անգամ  նշվեց, որ կողմերն այս բանակցություններին մոտենում են առանց որևէ նախապայմանների։ Այսինքն՝ Թուրքիան այս վերջին բանակցային գործընթացում հայտարարում է, որ ինքը նախապայման չունի, բայց դրանից մի քանի ամիս առաջ երկրի ղեկավարը հայտարարում է շատ կոշտ նախապայմանի մասին։ Այ սա՝ թուրքական դիվանագիտության առանձնահատկությունն է»։  

Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերվում շրջանառվող որոշ տեսակետներին, թե հայ-թուրքական հարաբերություններում շատ բան պարզ կդառնա ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների պարզ դառնալուց հետո․ «Ես այդ տեսակետը չեմ կիսում։ ՀՀ-ի գոյության առաջին օրվանից ԱՄՆ-ն հանդես է գալիս Թուրքիայի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման օգտին, դա բազմաթիվ անգամներ հայտարարվել է՝ ԱՄՆ-ի քաղաքական ամենաբարձր մակարդակների կողմից։ Եվ եղել են ոչ միայն հայտարարություններ, այլ ուղղակի միջնորդության փորձեր»։

Սաֆրաստյանը հիշեցրեց, օրինակ՝ 2000 թ-ին ԱՄՆ-ի նախաձեռնություններից մեկով փորձ էր արվում երկու հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորել և դա նաև հետագայում պետական մակարդակում արտացոլելու համար, որը, սակայն, չստացվեց․ «Ամերիկացիներն ուղղակի ներգրավված են եղել «ֆուտբոլային» դիվանագիտության փուլի նախապատրաստման մեջ՝ միջնորդի դեր ստանձնելով Շվեյցարիայում, երբ տեղի էր ունենում ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների քննարկումը»։

Թուրքագետի համոզմամբ, ԱՄՆ-ի այս մոտեցումը տասնամյակների ընթացքում չի փոխվել․ «Այնպես, որ թե ԱՄՆ-ում ինչ նախագահ կլինի, դա չի ազդի ամերիկյան մոտեցման վրա։ ԱՄՆ-ը սկզբունքորեն և շատ հստակորեն կողմ է, որ հայ թուրքական հարաբերությունները՝ հնարավորինս արագ կարգավորվեն։ Համոզված եմ, որ ամերիկացիները, իհարկե, նաև ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, որ Թուրքիան քայլերի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով»,- ընդգծում է Սաֆրաստյանը։ Բայց և կրկին հիշեցնում է, որ թուրքական վերնախավը ՀՀ-ի հետ հարաբերություններում իր դիվանագիտության մեջ 1991-ից ունի սկզբունքներ, որոնք պահպանվում են առ այսօր՝ անկախ թե այդ երկրում քաղաքական բարձրագույն իշխանությունն ինչ ուղղվածություն ունի և քաղաքական որ սերունդն է երկրի իշխանության ղեկին։ 

 

Մարիամ Մկրտչյան

 

31 Հուլիս, 2024 14:05
Վեր